կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 12:44
Հասարակություն

Երիտասարդ ընտանիքների բնակարանային նոր ծրագիր

Երիտասարդ ընտանիքների բնակարանային նոր ծրագիր

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2016-2018 թվականների ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանության տալու մասին թեմայով լսումների ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նախագծի` ծրագիր դառնալը, վստահ եմ, բերելու է բոլոր անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիներն ապրեն, աշխատեն, ստեղծագործեն Հայաստանում, և այն թիրախները, որոնք ընտրվել են, և այն խնդիրները, որոնք վեր են հանվել, իսկապես այսօր շատ արդիական են և լուծում են պահանջում: Հարցադրումները, որոնք պարբերաբար արվել են և, որպես ժողովրդագրական խնդիրների հիմնական հարցեր, ներկայացվել, այս ծրագրում իրենց արդարացումը գտել են»:

Նախարարի խոսքով`առաջնային է ծնող լինելու, աշխատանք ունենալու, զբաղված լինելու, նաև ընտանիքի համար նվազագույն կենսաապահովման պայմաններ ստեղծելու հնարավորության ընձեռումը: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում այս խնդիրները շաղկապված են և անմիջական ազդեցություն են ունենում ժողովրդագրական վիճակի վրա, մասնավորապես` բնակարանային ապահովության խնդիրներն առարկայական են մեր երիտասարդ ընտանիքների համար: Դա նշանակում է, որ շաղկապվում է նաև զբաղվածության խնդրի հետ, հատկապես` եթե հնարավոր աշխատատեղերը ցածր վարձատրվող են: Այս առումով` բնական է, որ ծրագրի հաստատման և ընթացք ստանալու դեպքում ցանկացած աշխատավարձով կամ էլ հանրապետության միջին աշխատավարձով պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընտանիքը կարողանա իր խնդիրներին լուծումներ տալ, այսինքն` ունենալ բնակարանային ապահովության մինիմալ պայմաններ: Սա նշանակում է` առաջին հերթին բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարություն»,- ասաց Ասատրյանը`հավելելով, որ վերջին տարիներին մեր երկրում, սոցիալական բնակֆոնդի ձևավորման հետ կապված, բավականին հարցեր են կուտակվել:

«Ձևավորվեցին որոշակի մոդելներ, բայց մեկ շենքի ամբողջական կառուցումը` որպես սոցիալական բնակֆոնդ, շատ ավելի ծախսատար ու ժամանակատար գործընթաց է: Կան տարբեր կատեգորիաներ: Խմբեր կան, որոնք բավարար եկամուտ չունեն, կամ էլ եկամուտներն ավելի բարձր են, բայց բավարար չեն բնակարան ձեռք բերելու համար: Բոլոր ուղղություններով հնարավոր ծրագրային առաջարկներ են արված»,- ասաց նախարարը` ընդգծելով. «Կարևոր են նաև վերականգնողական առողջության հետ կապված խնդիրներ, որը ևս ծրագրում ընդգրկված է, և կարծում եմ` սա ամբողջական համալիր ծրագիր է` տարբեր ուղղություններով, որի հաստատման դեպքում սպասվելիք աշխատանքներն առարկայական արդյունք են ապահովելու»:

Հարցին, թե երիտասարդ ընտանիքներն առանց կանխավճարի կարողանալո՞ւ են բնակարան ձեռք բերել, նախարարը պատասխանեց. «Առաջարկները, որոնք ներառված են, ենթադրում են այսօրվա վեր հանված այն հիմնական խնդիրները, որոնք խոչնդոտում են ծրագրի ավելի լայն ընդգրկվածության ապահովմանը, լուծումներ տալուն: Կան առաջարկներ, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխիքների տրամադրմանը: Կան որոշակի կառուցակարգեր: Առաջարկվում է այս խնդիրների լուծումներն ապահովել պետական երաշխիքների միջոցով»:

Հարցին, թե մեր բյուջեն ունի՞ այդ հնարավորությունները, մեր տնտեսական վիճակը թույլ տալի՞ս է, Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բյուջեի հնարավորությունները միշտ սահմանափակ են, և ամենուր բյուջեի միջոցները չեն բավարարում առկա խնդիրների լուծմանը: Այս կառուցակարգերի ներդրումը թույլ է տալու բյուջետային միջոցների հատկացման միջոցով խնդրի լուծմանը գնալ: Նաև նախատեսված է առանձին հիմնադրամի ստեղծում` ժողովրդագրական իրավիճակի խնդիրների հետ կապված, նաև ոչ միայն բյուջեի, այլև հնարավոր այլ ռեսուրսների ներգրավման միջոցով` ըստ առաջնահերթությունների: Քանի որ ծրագրերը բազմազան են, մենք խնդիր ունենք` առաջնահերթություններ սահմանել և ըստ առաջնահերթությունների, համապատասխան ֆինանսավորումն անելով, ծրագրերն իրականացնել: Մենք արդեն ծրագրի նախագիծը ներկայացրել ենք կառավարություն: Այս քննարկումների շրջանակներում, ունենալով լրամշակումները, կառավարությունը կքննարկի ու կհաստատի ծրագիրը, որի հաստատումից հետո կհաստատվեն նաև ժամկետներն ու զարգացման մեխանիզմները»: