կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 12:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարան գնելու աջակցության նոր ծրագիր՝ երեխա ունեցող ընտանիքների համար

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ․ պետական աջակցության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս դրույթները կվերաբերեն հուլիսի 1-ից հետո կատարված գործարքներին։

Նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար,

խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում,

երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։

  Նպատակային ծրագրերն են.

միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր),

կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր),

երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիր)։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն երեխայի ծնողն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։

Միանվագ դրամական աջակցությունը տրամադրում է մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեկային վարկի շրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։

Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.

բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,

կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 % և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,

շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ,

ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով,

հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամ, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 %, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2 մլն դրամ։

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30%-ով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։

Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում հիփոթեկով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) մեկ անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեկային վարկի շրջանակներում) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։

Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են.

բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,

կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 % և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,

շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա,

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է.

երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան վեց միլիոն դրամի չափով,

առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 20 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան երեք միլիոն դրամի չափով։

Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։

Դրամական աջակցության վճարումը դադարում է այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 70%-ից ցածր՝ երկրորդային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում և 80%-ից ցածր՝ առաջնային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որը ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.

երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,

շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,

հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.

վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։

Միանվագ դրամական աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

շահառուն դիմում է սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն),

Կազմակերպությունը ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը և, ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին),

եթե Կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեկային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն),

Նախարարությունը, ստացված հարցման հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիներից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին,

ընդունված որոշման մասին Նախարարությունը էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է Կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ պատշաճ ծանուցմամբ,

շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին,

շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և Կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց հետո Նախարարությունը շահառուի անվամբ Կազմակերպությունում բացված բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին,

Կազմակերպության և Նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը։

Կանխավճարի ապահովագրության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

շահառուն դիմում է Կազմակերպությանը,

Կազմակերպությունը ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը (այդ թվում՝ հաշվի առնելով կանխավճարի ապահովագրության պայմանագիրը),

եթե Կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեկային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, առերևույթ համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա Կազմակերպությունը համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն),

Նախարարությունը, ստացված հարցման հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիներից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին,

շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե առկա են կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմանները, տվյալ տարվա առաջին օրվա դրությամբ հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը չի գերազանցում կանխավճարի ապահովագրության ծրագրով սահմանված սահմանաչափը,

ընդունված որոշման մասին Նախարարությունը էլեկտրոնային եղանակով եռօրյա ժամկետում տեղեկացնում է Կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ պատշաճ ծանուցմամբ,

շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և Կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց և տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո, Նախարարությունը դրամական աջակցության գումարները փոխանցում է Կազմակերպության բանկային հաշվին՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին,

Կազմակերպությունը համապատասխան գումարները փոխանցում է ապահովագրական կազմակերպությանը։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով. շահառուն, երեխայի ծնվելուց հետո, դիմում է հիփոթեկային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն),

Կազմակերպությունը շահառուին է տրամադրում տեղեկանք հիփոթեկային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ (այսուհետ՝ տեղեկանք),

Տեղեկանքում ներառվում են.

ա. շահառուի անձնագրային տվյալները,

բ. ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գտնվելու վայրը,

գ. հիփոթեկային վարկի սկզբնական չափը, վերջին 12 ամիսների ընթացքում հիփոթեկային վարկի մարումները և մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը,

դ. հիփոթեկային վարկի մնացորդային չափը երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ, շահառուն տեղեկանքը ներկայացնում է Նախարարություն (տարածքային ստորաբաժանման միջոցով),

Նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է տեղեկանքում ներառված տեղեկատվությունը և գնահատում է շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին) և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին,

ընդունված որոշման մասին Նախարարությունը գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ պատշաճ ծանուցմամբ,

շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին (ծրագրի հիմնական պայմաններին),

շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում Նախարարությունը եռօրյա ժամկետում շահառուի անվամբ Կազմակերպությունում բացված բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին,

եթե Կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա.

ա. Կազմակերպությունը տեղեկանքը տրամադրում է Նախարարությանը՝ էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուն Նախարարություն չի դիմում,

բ. Նախարարությունը  շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) որոշման մասին Կազմակերպությանը տեղեկացնում է էլեկտրոնային եղանակով,

գ. Կազմակերպության և Նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով։