|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր Սուրբ Աննա եկեղեցում հոգեհանգստյան կարգ մատուցվեց մեծ բարերար, գործարար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին։ Այնուհետև բարերարի ծննդյան օրվա առիթով մի քանի գործարարներ պսակներ ու ծաղիկներ դրեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող` Մանթաշյանցի արձանի մոտ:
Նշենք նաև, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը և գործարարները դիմել են ՀՀ կառավարությանը, որպեսզի մարտի 3–ը պաշտոնապես ճանաչվի որպես Գործարարության օր:
Գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ) լրագրողների հետ զրուցում ընդգծեց, որ Ալեքսանդր Մանթաշյանցը հզոր հայերից մեկն է, խոշոր գործարար և բարերար: «Ինձ համար այս օրը յուրահատուկ օր է, և մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել մեր խոշոր բարերարին և կարողանալ մեր հասարակությանը ցույց տալ, որ հայ գործարարը պետք է ունենա իր օրինակը, ինչպիսին Մանթաշյանցն է եղել: Հայ գործարարը Հայաստանում միանշանակ չի ընկալվում, գործարարները ներկայացվում են որպես գռփող, թալանող, գողացող, ավազակ: Սակայն իսկական գործարարի գործը ո՞րն է, իրականում հայտնի պետք է լինի Աստծոն ու գործարարին` անձամբ: Ինչքան հարուստ, լավ ու ճիշտ գործարարներ ունենանք, Հայաստանն ավելի հզոր կլնի»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե մեր իրականությունում կա՞ն այդպիսի գործարարներ, և կարո՞ղ է նշել մի քանիսին կամ մեկի անունը տալ, Բեգլարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` կարիք չկա նշելու, որովհետև խտրականություն կլինի: Լավ գիտեք, որ խոշոր գործարարներ կան Հայաստանից դուրս, ինչու չէ` նաև Հայաստանում: Ես կարծում եմ, որ գործարարները բարեգործությունը կատարելիս չպետք է դա մատի փաթաթան դարձնեն, բարերարությունը եկեղեցի կառուցելով չէ: Աստվածաշնչում ասվում է` աջ ձեռքը չպետք է իմանա ձախ ձեռքը ինչ է անում, և աջ աչքը չպետք է տեսնի, թե ձախ աչքը ինչ է տեսնում: Իրականում կան այսպիսինները»:
Նրա խոսքով`գործարարը պետք է նախևառաջ ստեղծի աշխատատեղեր, պետք է բարեխիղճ հարկատու լինի, նաև` իսկական գործածարը պետք է իր երկրում գործարարություն անի և իր ունեցած հարստությունը ներդնի Հայաստանում:
Բեգլարյանը նշեց նաև, որ Հայաստանում միջին խավ ձևավորված չէ, որը մեր հարցերի հարցն է: «Եթե մենք չունենք միջին խավ, զարգացման ճանապարհը դանդաղ ենք անցնելու»,- ասաց նա: