Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ազատվել է աշխատանքից: Մելիքսեթյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև իրեն աշխատանքից ազատելու հրամանը հանդես էր եկել բաց նամակով` նշելով, որ ազատվում է աշխատանքից: Ներկայացնում ենք մեր զրույցը Մելիքսեթյանի հետ:
- Ձեզ աշխատանքից ազատելու հրամանի մեջ նշվում է, որ չեք կատարել Ձեր պարտականությունները, կամայականություններ են եղել:
- Իրենք չգիտեն անգամ` ինչ ասել է պարտականություն, իրենք պետք է իմանան իրենց պարտականությունները: Ես այնտեղ հնարավորություն չեմ ունեցել որևէ բան անելու, ի՞նչ կամայականությունների մասին է խոսքը: Դիլետանտիզմ է այս ամենի հիմքում ընկած: Եթե որևէ փոփոխություն չեն ուզում, թող այդ ճահճի մեջ էլ ապրեն ու բարգավաճեն, ուրիշ տարբերակ չկա: Ես գրել եմ մշակույթի նախարարին, որ հրաժարվում եմ այնտեղ աշխատել, քանի որ այս բոլոր «պայմանները» նրանք են ստեղծել: Անտարբերություն է թատրոնի նկատմամբ: Ես դասավանդում եմ Թատերականում, ունեմ երաժշտական կուրս, կշարունակեմ աշխատել: Մնացածն իրենց գործն է, Աստված իրենց հետ:
- Թատրոնում ինչո՞ւ է ոչ մշակութային մթնոլորտ ստեղծվել:
-Ինչ արած, մեր մշակութային քաղաքականությունն այդկերպ է կառուցվում: Իսկ ո՞վ է այդ քաղաքականությունը կյանքի կոչում: Բնականաբար, ոչ ես:
- Առհասարակ, ունե՞նք մշակութային քաղաքականություն:
- Լավ հարց է: Եթե ունենք, ապա… Չէ, է, չունենք: Մշակութային քաղաքականության հետևանքն այն է, ինչ ունենք: Այդ թատրոնում ոչինչ չի կարող զարգանալ: Թատրոնի անունը երաժշտական է, բայց այնտեղ երաժշտական ոչինչ չկա, խալտուրա է: Եթե այդ խալտուրան հանդուրժում են մեր մշակութային այրերը, մեր վիճակն էլ այդ պետք է լինի:
- Երբ 2014-ին նշանակվեցիք թատրոնի գլխավոր ռեժիսոր, ի՞նչն այն չէր, խնդիրներն ի սկզբանե՞ են եղել:
-Թատրոնը, երբ մանկական երաժշտական թատրոնից վերածվեց կամերային երաժշտականի, իրոք, երաժշտական էր /դեռ 1997-ին/: Հետո, երբ կրկին վերադարձա թատրոն, շատ փոփոխություններ էին կատարվել այնտեղ: Աշխատեցի փոխել, բայց հնարավորություն չստեղծվեց, որովհետև այնտեղ մարդիկ են աշխատում, ովքեր ուղղակի եկել են «ռեմոնտ» անելու: Դրա տակ ինչ-որ բաներ էլ կան, բայց ես չեմ ուզում փակագծերը բացել, քանի որ իմ կողմից սիրուն քայլ չի լինի:
-Այսինքն` հիմա թատրոնում ինչ-որ բան փոխելու համար պետք է ամբողջ կա՞զմը փոխել:
-Այնտեղ հիմնահատակ փոփոխություններ են հարկավոր, բայց դրա հնարավորությունը չտվեցին, որովհետև ձեռնտու չէր:
-Դերասանների, կոլեկտիվի հետ աշխատել եք տարիներ շարունակ և մասնավոր զրույցների միջոցո՞վ էլ չեք կարողացել լեզու գտնել:
-Հիմա թատրոնում մեծ մասամբ աշխատում են դերասաններ, որոնք իմ գնալուց հետո են ընդունվել աշխատանքի` Դրամատիկական թատրոնից: Նրանք երգելուց-պարելուց մի քիչ հեռու են, այսինքն` մյուզիքլի համար երգել-պարելուց, թե չէ` քեֆերում նրանք կարող են երգել-պարել, տաշի-տուշի, բայց թատրոնի համար պրոֆեսիոնալ ունակություններ են պետք, ի վերջո, երաժշտական թատրոն է մերը: Ես նրանց համար բերել էի վոկալի դասատու, պարուսույց, որ ժամանակի ընթացքում իրենց «ունեցվածքը» կարողանայինք բացահայտել, ներգրավվել աշխատանքի մեջ, բայց երևի նրանց դուր չեկավ կարգուկանոնը: Աշխատանքն այսպես էին ընդունում` երբ ուզեն` գան, երբ հարմար չլինի` չգան, իրենց սերիալներում նկարվեն: Այդպես թատրոն չի լինում, դա բալագան է:
- Ըստ Ձեզ` կարող ուժեր ընդհանրապես չկա՞ն թատրոնում:
- Կան, իհարկե, կան: 30 տոկոսը կարող ուժեր են, բայց մյուսները… Չեմ տեսնում արտառոց ոչ մի բան, չեն ուզում փոխվել, ի՞նչ ասեմ: Ես կարող եմ իմ մասնագիտական ունակություններն օգագործել ուրիշ տեղ, իսկ նրանք թող մնան իրենց ջրում: Թող Աստված նրանց համար մեծ ճանապարհներ բացի, եթե կբացի: Ես 3-4 ներկայացման վրա աշխատում էի, ներգրավել էի նաև հին աշխատողներին, նորերն էլ կան, շնորհալի դերասաններ էին, բայց տնօրենը նրանց ազատեց աշխատանքից, որովհետև «ռեմոնտ» են անում: Դե թող ռեմոնտով էլ ապրեն, ռեմոնտային թատրոն է: Ես ուզեցի ստեղծել միջավայր, որը երաժշտական թատրոնին հարիր կլիներ, բայց նրանք չեն ուզում: Հիմա ես ոչ մի պահանջ չունեմ, թող լավ լինեն` իրենց մկրատ ներկայացումներով: Դա են ուզում, թող դրա հետ էլ մնան, ես դուրս եկա, որ նրանք մնան իրենց տեղում: Պայքարելու իմաստ էլ չեմ տեսնում, քանի որ այս իրավիճակում նման ցանկություն էլ չկա: Ես չեմ ըմբոստանում, այլ քաշվում եմ մի կողմ, թող շարունակեն իրենց աշխատանքը: Իմ աշխատելով` գուցե ես խանգարում եմ նրանց, դրա համար էլ չեմ ուզում խանգարել, թող իրենք իրենց ճանապարհով գնան:
- Մի կողմից ստացվում է` դիմել եք մշակույթի նախարարությանը, որ ինչ-որ բան փոխվի թատրոնում, մյուս կողմից` ասում եք` իրենք են այս իրավիճակը ստեղծել: Այդ դեպքում` ի՞նչ հույսեր ունեիք, որ թատրոնում ինչ-որ բան փոխելու համար հենց նախարարին էիք դիմել:
- Չգիտեմ, բայց ուզում էի մրցույթ հայտարարվեր, որ կարողանայինք թատրոն բերել կարող ուժեր: Ուզում էի` ինձ օգնեն, որ այդ փակուղուց դուրս գանք: Եթե ընդունում են որոշումներ` մեր ու ձեր անելով, ուրեմն` իմ` այնտեղ լինելն ավելորդ է, թող իրենք ապրեն իրենց հին կյանքով:
- Նախարարությունից չօգնեցին, որովհետև իրե՞նց էլ է ձեռնտու ստեղծված իրավիճակը:
- Երևի, չեմ ուզում պատասխանել, թող իրենք պատասխան տան:
- Դուք հիասթափվա՞ծ եք, որ արձագանք չեղավ պատկան մարմինների կողմից:
-Ինձ ինչո՞ւ բերեցին այդ թատրոն, որ կարողանամ վերափոխել, ուրեմն ինչ-որ բան այն չէր, չէ՞: Բայց այդ ժամանակ պետք է համապատասխան պայմաններ ստեղծեին, որ կարողանայի անել այն, ինչ իրենք էին ուզում: Բայց չարեցին, կիսատ-պռատ էր ամեն ինչ: Հիմա ի՞նչ իմաստ ունի մնալ այնտեղ, նյարդեր քայքայել ունայնության համար: Մշակույթի նախարարն առաջարկեց բեմադրված այդ իրավիճակից կիսատ-պռատ ելք` իբր արվեն և՛ դրամատիկ ներկայացումներ, և՛ երաժշտական, բայց դա ինձ ձեռք չի տալիս, որովհետև կիսատ-պռատությունն ինձ համար չէ. չի կարելի մի քիչ հղի լինել` կա\'մ պետք է հղի լինել, կա\'մ չլինել: Ես ոչ թե նեղացած եմ գնում, այլ չգիտեմ` ո՞ւմ համար պայքարել: Մենակ դոնկիխոտություն անեմ, ո՞ւմ է պետք: Թող տիկինը մտածի, որը ղեկավարում է դաշտը: Չեն ուզում, ի՞նչ ասեմ, խնդրե՞մ, որ ինձ թույլ տան աշխատել: Երաժշտական թատրոնի օրենքները մի քիչ ուրիշ են` ճշտապահություն պետք է պահպանվի, թափթփվածությամբ հարցը չի լուծվի:
Կարինե Հարությունյան
Հ. Գ. Ի դեպ, առաջիկա օրերին տեղի կունենա մամուլի ասուլիս, և կներկայացնենք նաև թատրոնի տնօրինության կարծիքը եղած հարցերի վերաբերյալ: