կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 01:55
Քաղաքական

Թող մեկ շաբաթ ապրեն այն կյանքով, որով ապրում է ժողովուրդը

Թող մեկ շաբաթ ապրեն այն կյանքով, որով ապրում է ժողովուրդը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին հնչեցրած մտքին ԵՐԿԻՐ-ի խնդրանքով անդրադարձել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լարիսա Ալավերդյանը:

 

«Ես իր հարցազրույցը չեմ մեկնաբանել, բայց առանց դրա էլ պատկերացումներ ունեմ, որովհետեւ զգայարանների շնորհիվ այն, ինչ կա, հստակ տեսնում եմ ու կարող եմ ասել` այն թվերը, որ կան, վիրտուալ Հայաստանի մասին թվեր են: Իսկ եթե վարչապետը նման գնահատական է տալիս ընդդիմախոսներին, ապա, կարծում եմ, մեկնաբանությունների կարիք չկա: Բայց ցանկացած պարագայում ինքը պետք է նաեւ մտածի, թե ինչու է նմանատիպ գնահատական եղել, եւ որտեղ է եղել իր խոսքի բացը»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Լարիսա Ալավերդյանն էլ նշեց. «Պետք չէ մեծ ինտելեկտ ունենալ  կառավարության ինտելեկտի մասին արդյունքներով դատելու համար. մենք ունենք արտագաղթ, մենք ունենք օրեցօր ավելացող գործազրկություն, ունենք ամեն անգամ կառավարության «բարձր» ինտելեկտ ունեցողների կողմից բերած օրենքներով իրավունքների ոտնահարում: Սա է նրանց ինտելեկտի գնահատականը: Ինտելեկտուալը նա է, ով ժողովրդի հետ է եւ նրա հոգսերով է ապրում: Ես առաջարկում եմ այդ «ինտելեկտուալ» խավին մեկ շաբաթ ապրել այն կյանքով, այն գումարներով եւ այն ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ներքո, որով ապրում է Հայաստանի 70-90 տոկոս բնակչությունը: Եվ կտեսնեմ` իրենց ինտելեկտն ինչ կանի այդ ժամանակ»:

 

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը հայտարարել էր, թե «կառավարության գործելաոճը լուրջ անհարմարություններ է ստեղծում ընդդիմախոսների համար, քանի որ բացթողումներ բացահայտելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք»` հավելելով, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն, եւ արդյունքում կիրառում են շատ հայտնի մեթոդ` սադրանքը: