կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 12:25
Հասարակություն

Հայաստանի երեխաների շրջանում 25 տոկոսով նվազել է քաղցկեղով հիվանդացությունը

Հայաստանի երեխաների շրջանում 25 տոկոսով նվազել է քաղցկեղով հիվանդացությունը

Փետրվարի 15-ը երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Այսօր ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը լրագրողներին հայտնեց, որ թեև աշխարհում քաղցկեղով հիվանդացության և դրանից մահվան դեպքերը գնալով ավելանում են, սակայն Հայաստանում վերջին տարիներին երեխաների շրջանում նկատվում է հիվանդացության նվազում` 25 տոկոսով, և քաղցկեղից մահվան դեպքերի` 40 տոկոս նվազում:

«Քաղցկեղով հիվանդացության դեպքերի 70 տոկոսը կարելի է բուժել, եթե ժամանակին ենք այն ախտորոշում: Երեխաների մոտ քաղցկեղը հիմնականում ժառանգաբար է փոխանցվում, ուստի շատ կարևոր է, որպեսզի ծնողներն առողջ ապրելակերպ ունենան, հետևեն սննդակարգին: Քաղցկեղը կրկնվելու հավանականություն ունի, դրա համար էլ մենք հինգ տարի ժամկետով վերահսկում ենք բուժված երեխաներին»,- ասաց Բադալյանը:

Ըստ նրա` Հայաստանում քաղցկեղի բուժման համար կան անհրաժեշտ բոլոր դեղերն ու տեխնիկան, բացառությամբ որոշ դեպքերի: «Լինում են դեպքեր, որ մենք ինքներս ենք երեխային խորհուրդ տալիս արտասահման գնալ, բայց դրանք այն դեպքերն են, երբ ստանդարտ բուժումներն արդյունք չեն տալիս: Բացի այդ` ճառագայթային բուժման որոշ մեթոդներ կան, որոնք դեռ Հայաստանում չկան»,- ասաց բժիշկը: