Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014-ին 100 000 բնակչի շրջանում քաղցկեղի 277 նոր դեպք է գրանցվել: Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը լրագրողներին հայտնեց, որ ավելանում է քաղցկեղի տարածվածությունն աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում. ՀՀ-ում տարեկան 3-4 տոկոսով ավելանում է քաղցկեղի տարածվածությունը: «2010-ին 7593 առաջնակի հիվանդ է արձանագրվել, իսկ 2014-ին` 8365, այսինքն` մոտ տասը տոկոսով ավելացել է հիվանդացությունը»,- ասաց Բադալյանը:
Նա նշեց նաև, որ քաղցկեղածին պատճառները բոլոր երկրների համար էլ նույնն են` սնունդը, կանցերոգեն նյութերը, ծխախոտը, օրինակ` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ առաջանում է, երբ չարաշահում են մսի և սպիտակուցների քանակը: Բադալյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում տղամարդկանց շրջանում ամենատարածվածը թոքի քաղցկեղն է, հետո` ստամոքսային քաղցկեղը, իսկ կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն է ամենատարածվածը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, վիրաբույժ Արթուր Ավետիսյանն էլ նշեց, որ ինչպես այլ երկրներում, ՀՀ-ում նույնպես դեղորայքի հասանելիության հետ կապված որոշ խնդիրներ կան: «Վերջերս բավականին թանկարժեք դեղ ենք ստացել /1 մլն դրամ արժողությամբ/, դեղամիջոցն ԱՄՆ-ից է բերվել, ճիշտ է, քանակի հետ կապված որոշ խնդիրներ կարող են առաջանալ, սակայն սա մեծ ձեռքբերում էր: Այս տարվա ընթացքում հնարավոր է` մեզ նորից դեղեր տան»,- ասաց նա:
Ավետիսյանը նշեց նաև, որ մեր վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ երբեմն կարող է հասնել զավեշտի: Ըստ նրա` լինում են դեպքեր, որ մարդիկ գալիս ու ասում են` 5 տարի է` ուռուցք ունեմ, բայց բժշկի դիմելու փոխարեն ինքնաբուժությամբ են փորձում զբաղվել: Մասնագետի կարծիքով` սա գալիս է նաև մարդկանց սոցիալական վիճակից, բայց, անյուամենայնիվ, արմատացած կարծիք կա, թե քաղցկեղը բուժելն անիմաստ է, կամ ավելի լավ է ձեռք չտալ ուռուցքին:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» (Մամոգրաֆիայի կենտրոն) հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ 2015-ին իրենց մոտ հետազոտվել է 40 500 կին, որոնցից 20 651-ը` կրծքագեղձի քաղցկեղի համար: Քաղցկեղ հայտնաբերվել է 601-ի մոտ, որոնցից 207-ն այն կանայք են, որոնց մոտ հիվանդությունը հայտնաբերվել է շատ վաղ փուլում: Նախորդ տարի մամոգրաֆիայի կենտրոնում 180 տղամարդ է հետազոտվել, ընդամենը 5-ի մոտ է քաղցկեղ արձանագրվել:
«Շնորհիվ բացատրական աշխատանքների` այցելուների թիվը բավականին մեծացել է, այցելուների 40 տոկոսը մարզերի բնակիչներն են: Քաղցկեղի տարածվածությունն ավելանում է, այն գնալով երիտասարդանում է, սակայն, ըստ մեր տվյալների, եթե 1996-ին մեզ այցելող յուրաքանչյուր 13-րդ կնոջ մոտ էր կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում, ապա 2015-ին արդեն յուրաքանչյուր 34-րդն է հիվանդ»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց նաև, որ մարդկանց` բժշկի ուշ դիմելիության պատճառը սոցիալական վիճակն է, քանի որ երբ իրենց կենտրոնն անվճար հետազոտության օր է հայտարարում, հետազոտվելու համար հերթեր են գոյանում, և իրենք տեսնում են, որ մարդիկ ոչ թե վախենում են, այլ սոցիալական խնդիր ունեն: