Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։
Արդեն քանի օր է՝ լրատվական, քաղաքական և հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։
Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևյալն է։
Այս տարի նախատեսվում էր Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին, ԵՄ-ի հետ CEPA-ի ստորագրումից հետո։
Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում»։
«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- նշել էր Ռևազյանը:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի և քաղաքացիների համար և այլն։
Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը և ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաև ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը, այստեղից բխող բոլոր նոր վնասներով։
Հարցը հնչեղություն ունի նաև հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին»: