կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 11:09
Տնտեսական

ՀՀ-ն իր լիարժեք ներկայությունը կապահովի ԵԱՏՄ աշխատակազմում

ՀՀ-ն իր լիարժեք  ներկայությունը կապահովի ԵԱՏՄ աշխատակազմում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ քաղաքացիներին 30-ից ավելի հաստիք կտրվի: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

Ըստ նրա՝ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է անդամ պետությունների քաղաքացիների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար կազմում մասնակցության հավասարության սկզբունք, ըստ այդմ` Կոլեգիայի անդամների, դեպարտամենտների ղեկավարների և նրանց տեղակալների թվաքանակի մեկ հինգերորդ մասը պետք է լինի անդամ երկրների քաղաքացիներից՝ հաշվի առնելով, որ այժմ ԵԱՏՄ կազմում ներգրավված է հինգ երկիր:

«ԵԱՏՄ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից , որով սահմանված է, որ մինչև 2016 թվականի փետրվար ԵԱՏՀ-ն կգործի Մաքսային միության հանձնաժողովի կառուցվածքով, և, համապատասխանաբար, դրանում ընդգրկված աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև այդ ժամկետի ավարտը»,- ասաց Կարայանը:

Ըստ փոխնախարարի՝ արդեն այս ամսվանից, ըստ նախնական պայմանավորվածության, դեպարտամենտների 5 տնօրենների, դեպարտամենտների տնօրենների 13 տեղակալների հաստիքներում պետք է նշանակվեն ՀՀ քաղաքացիներ:

«Ներկայումս ՀՀ կառավարությունը անդամ երկրների կառավարությունների հետ համատեղ քննարկում է ԵԱՏՄ հանձնաժողովի նոր կառուցվածքը, ըստ որի` նախատեսվում է 25 դեպարտամենտի տնօրենի և 65 դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոններ: Միաժամանակ, քննարկվում է ըստ ոլորտների դեպարտամենտների տնօրենների և դրանց տեղակալների հաստիքների բաշխման հարցը, և մենք աշխատանքներ ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության համար առավել կարևորություն ներկայացնող ոլորտներում հաստիքներ ստանալու համար»,- հավելեց Ս. Կարայանը: