կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 14:25
Մշակույթ

Ռազմահայրենասիրությունից նրանք են խոսում, ովքեր ո՛չ ռազմից են տեղյակ, ո՛չ հայրենիքից

Ռազմահայրենասիրությունից նրանք են խոսում, ովքեր ո՛չ ռազմից են տեղյակ, ո՛չ հայրենիքից

Այսօր երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք Ամալյանի մտքերն` yerkir.am-ի տարբեր տարիների հարցազրույցներից վերցված:

***

Հասարակությունը պետք է հասկանա, որ իդեալներն այն տղերքն են, որոնք հիմա էլ չկան: Ճիշտ տղերքը նրանք էին, ոչ թե ներկայիս` մի քանի մեքենա ունեցող հաստափորները:

***

Մենք մեր արժեքը չհասկացանք, դրա համար դավաճանությունն անընդհատ իշխում է մեր հասարակության մեջ, որովհետեւ մենք մեր դեմքը չունենք: Ես կուզեի, որ գար ժամանակ ու մենք ինչ-որ արժեք ներկայացող լինեինք: Մեր անհատները գնում են դրսերում ու ինչ-որ արժեք են ներկայացնում: Բայց երբեք մենք էդ անհատական միասնությունը չենք ունեցել:

***

Եթե ես նախարար լինեի /հեռու ինձնից/, ոնց երգելուց փոխարեն` ինչ երգելն առաջ կտանեի:

***

Բառեր կան, որ տեսակ են պահանջում, եւ դրանց մեջ հայտնվելու համար ապրելը քիչ է:

***

Մարդու ամենամեծ պրոբլեմը գալիս է ինքնասիրահարվածությունից, այդտեղ վերջանում է մարդը, այսինքն` կենսաբանորեն ապրում է, ուտում, խմում, լողանում, չնայած նրանք լողանալու կարիք չունեն, որովհետեւ, մեկ է, չեն մաքրվելու:

***

Եթե հեռուստացույցով շատ եք երևում ու ձեզ համարում եք մտավորական, էդ նույն սկզբունքով մտավորական է նաև «Բարֆ» լվացքի փոշին, էլ չասեմ «Նայսեր Դայսեր» դանակների մասին` սրանք երևւի արվեստի վաստակավոր գործիչ են: Էդպես չի, կարգն էդպես չի:

***

Ինչպես երգի մեջ` խոսքն ու երաժշտությունը պետք է 50/50 լինեն, այնպես էլ պատերազմի դաշտում` սիրտն ու գիտակցությունը: Պետք է ուղեղդ ծառայի սրտիդ, սիրտդ` ուղեղիդ, որ պտուղ տա: Սիրտդ պետք է հողի համար ցավա, իսկ ուղեղդ պետք է աշխատի` ընկերոջդ կյանքը փրկելու համար:

***

Հայերիս առանձնահատկությունն անկեղծության միջոցով իրար սիրելու մեջ է: Մենք անկեղծանում ենք, երբ դժբախտության մեջ ենք ընկնում: Մինչեւ էդ բարդույթավորված մարդու տեսք ենք ընդունում, եւ ոչ ոք դիմացինին չի հավատում, ինչն էլ, կարծում եմ, մեր ցավոտ անցյալից է գալիս: 

***

Հավատին հավատում եմ, թղթին չեմ կարողանում հավատալ, ի վերջո, արվեստը հոգին է, իսկ այն, ինչ շոշափելի է, իրական է եւ… անհետաքրքիր: Այն, ինչ գրված է` Տեր եկավ, ասաց…, համարում եմ գրածներ, իրական հոգու ասվածը չէր կարող ինչ-որ տեղ գրվել:

***

Երեխային հենց ասես՝ սիրի հայրենիքդ, չի սիրի, պետք է հնարավորություն տաս, որ նա գա դրան, հասնի դրան: Այդ գաղափարախոսությունները դրա համար չեմ սիրում, ախր դրանք բառեր չեն, է՜, զգացողություններ են, հենց էդ բառերը չարաշահում ես, զգացողությունը փախչում է քեզնից: Հոգնել եմ ռազմահայրենասիրական պաթոսից, ելույթի մեջ էնքան խիստ են շեշտում ռազմահայրենասիրական բառն էն մարդիկ, որ ո\'չ ռազմից են տեղյակ, ո\'չ հայրենիքից: Ես զոհված ընկեր չեմ հիշում, որ ռազմահայրենասիրական բառեր, ճառեր օգտագործեր:

***

Վախն ամենաազնիվ զգացողությունն է, տղամարդու կյանքի իմաստն այն է, որ պետք է վախի հետ կռիվ տա, այո, կինը պետք է հաշվի նստի վախի հետ, տղամարդը` կռվի: 

***

Երիտասարդ կուսակցականներին ես փոքրիկ սերժանտ եմ անվանում, դոշներին կուսակցության նշան ես խփում, այ բալա, ջահել տղա ես, դոշիդ բան մի խփի, դոշդ թող պինդ լինի, որ կարողանաս հայրենիքդ, ընտանիքդ պահել:

***

Կուզեմ դիմել բանակի բարձրաստիճան այրերին եւ խնդրել` բանակին նվիրված միջոցառում անելու փոխարեն` այդ փողերով զորամասերի դիրքային ճանապարհները ասֆալտեք, քանի որ սա պատերազմի ժամանակ ավելի կարեւոր է լինելու, քան այն մի քանի ախմախ երգերը, որոնք հնչում են բանակի մասին:

***

Եկեք` ազգովի հավաքվենք ու ասենք, որ ուզում ենք մեր թշնամուն փոխել, ախր, հեչ մարդ չեն, է՜, սրանց համար մեռնելն էլ է ափսոս:

***

Ցորենի արտը ոնց է` դատարկ հասկը թեթևությունից գլուխը տնկած է լինում, իսկ լիքը հասկը գլուխը կախում է: Չինովնիկական ձգտումներ, հիմնականում, ունենում են այն մարդիկ, ովքեր դժվարություններից խուսափում են, փորձում իրենց հարցերն ավելի մատչելի ճանապարհով լուծել:

***

Ժամանակի հետ հաշվի չնստելը սխալ է, բայց ժամանակին ենթարկվելն էլ է սխալ, պետք է ժամանակն ընկալես որպես գործիք, ոչ թե` որպես նպատակ:

***

Մենք երկիր կդառնանք այն ժամանակ, երբ հայրենիքն ու պետությունը նույնանա:

***

Ներկայանալիս միշտ ասում եմ` էությամբ մարդ, բնույթով` հայ: