Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե վերսկսում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի պատրաստման նոր գործընթաց: Նա հավելել է, թե օրենքի նախագծի նախապատրաստումը վստահել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային՝ հորդորելով գտնել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող այնպիսի ձևակերպումներ, որը հնարավորություն կտա պաշտպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, քանի որ եթե սահմանադրականության առումով այն չլինի անխոցելի և բողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դա պարտություն կլինի ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայ Դատի համար:
Ցեղասպանության ժխտումը օրենսդրորեն քրեականացնելու նոր գործընթաց սկսելու մտադրության մասին Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր դեռևս 2012-ին անցկացվող նախագահական ընտրություններից առաջ՝ իբրև նախընտրական խոստում: Սակայն անցած 5 տարիների ընթացքում այս ուղղությամբ Ֆրանսիայում ոչինչ չի արվել: Օլանդն, իհարկե, չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ինչի վկայությունը դարձավ նախորդ տարի ապրիլի 24-ին Երևանում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նրա մասնակցությունը: Սակայն այն հանգամանքը, որ դրա մասին նա կրկին խոսում է Ֆրանսիայում 2017թ. ապրիլին կայանալիք նախագահական նոր ընտրություններից մեկ տարի առաջ, այն էլ` հայկական կազմակերպությունների միջոցառման շրջանակում, ցույց է տալիս, որ նրա հայտարարությունը կրկին նախընտրական նշանակություն ունի և հետապնդում է սպասվող բավական թեժ ընտրություններում ֆրանսահայության ձայները գրավելու նպատակ: Օլանդը, սակայն, այս անգամ գտնվում է մեկնարկային բավական վատ վիճակում՝ մի կողմից միջազգային ահաբեկչությանը դիմակայելու, երկրի անվտանգությունն ապահովելու հարցում իշխանությունների թույլ տված որոշակի սխալների պատճառով նրա հանդեպ հանրային վստահության անկման, իսկ մյուս կողմից՝ բավական ուժեղ պոտենցիալ մրցակցի՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախագահական հավակնությունների առումով: Այս գործոնները թույլ են տալիս ենթադրել, որ թեև հարցը կրկին դարձվում է նախընտրական քարոզչության շահարկման առարկա, այս անգամ գործող նախագահը կարող է կատարել իր խոստումը, ընդ որում՝ մինչև 2017թ. ապրիլ:
Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախորդ փորձի տապալման պատասխանատուն նախկին նախագահ Սարկոզին էր: 2012թ. ունենալով արդեն խորհրդարանի երկու պալատներով անցած օրինագիծը ստորագրելու լիարժեք իրավունք` նա, այդուհանդերձ, որոշեց դիմել Սահմանադրական խորհրդին, որն էլ օրինագիծը ճանաչեց հակասահմանադրական՝ պատճառաբանելով, թե իբր այն հակասում է մարդու խոսքի ազատության իրավունքին: Սա քաղաքական որոշում էր, որովհետև ստացվեց, որ մի կողմից Սարկոզին կատարեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն միտված պրոցես սկսելու խոստումը, բայց մյուս կողմից Սահմանադրական խորհրդի ձեռքով տապալեց այն՝ նախապատվությունը տալով Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունները չփչացնելուն: Դրանով Սարկոզին հսկայական հարված հասցրեց ոչ միայն Ֆրանսիայում, այլև միջազգայնորեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ընդհանուր գործընթացին՝ ստեղծելով կոնկրետ հիմնավորմամբ այն մերժելու նախադեպ:
Պատահական չէր, որ 2015թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հենց խոսքի ազատության սկզբունքին նախապատվություն տալու պատճառաբանությամբ կայացրեց թուրք ազգայնական գործչի շահերից բխող որոշումը՝ փաստացի Շվեյցարիային պարտավորեցնելով վերանայել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող իր ազգային օրենսդրությունը: Օլանդի նախաձեռնությունը, կարծես, հաշվի է առնում այս իրողությունները, ինչի մասին է խոսում նոր օրենքի մշակման խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահին վերապահելու նրա քայլը: Վերջինիս խնդիրը, փաստորեն, լինելու է այնպիսի ձևակերպումներ գտնելը, որոնց միջոցով հնարավոր կլինի ճեղքել ֆրանսիական Սահմանադրական խորհրդի և Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները: Եթե դա հաջողվի, ապա հնարավոր կլինի փրկել Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու ընդհանրական պրոցեսը և այն դնել բոլորովին նոր հունի մեջ:
Հիշեցնենք, որ նման օրինագիծ այսօր ներկայացված է նաև ՌԴ Պետդումայում: Բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու անգամ այնպիսի մասնագետի համար, ինչպիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստան է:
Գևորգ Դարբինյան