Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ելույթ ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հղելով մի շարք ուղերձներ:
«Մենք երբեք չենք մոռանա այն ողբերգությունը, որն ապրեց հայ ժողովուրդը: Կործանարար ատելությունը ոչնչացրեց հայ ժողովրդին, միայն այն բանի համար, որ հայ էին, բայց դա կործանողներին չբերեց հաջողություն, որովհետև հիմա այստեղ եք, դուք ողջ եք և ունեք ձեր հիշողությունը: Իմ ուղերձը հղվում է աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ոչնչացրեց հայ մտավորականներին, դրանով էլ սկսվեցին ոչնչացման մեխանիկան, տեղահանումն ու անապատում հայերի տանջանքները: Ֆրանսիան դատապարտել է այդ հանցագործությունը և ընդունել իր երկրում այդ ցեղասպանությունից տուժած հայ փախստականների մի մասին: Նրանք եկան Ֆրանսիա և գտան նոր հայրենիք: Ու նրանք պաշտպանեցին այդ նոր հայրենիքը մեծ խիզախությամբ, մասնակցեցին Ֆրանսիայի կառուցմանը, լուսավորեցին իրենց մտքով, տաղանդով: Ես չեմ կարող հիմա չմտածել այդ հայերի մասին, նրանք գիտնականներ են, բժիշկներ, մարզիկներ, արտիստներ, որոնք ներկայացնում են ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Հայաստանը, ինչպես մեր ընդհանուր հպարտությունը՝ Շառլ Ազնավուրը:
Մենք հիշեցնում ենք, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, և մենք Փարիզում Կոմիտասի արձանը տեղադրեցինք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին, և այսօր` օրվա երկրորդ կեսին, կլինեն ցույցեր Լիոնում, նոր հուշարձան կկանգնեցվի: 2001թ. հունվարից ի վեր Ֆրանսիան օրենքի ողջ ուժով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այդ օրենքը հռչակում է մի ակնհայտ իրողություն` դատապարտելով պատմաբանների կողմից վաղուց ի վեր հաստատված փաստերը: Նախորդ ամիս Փարիզում եղավ մի գիտաժողով, շնորհակալություն եմ հայտնում այդ գիտաժողովի մասնակիցներին: 2001թ. Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքը դա իրականում անհրաժեշտության ակտ էր, ճշմարտության ակտ էր, քանի որ միայն ճշմրտության ակտը կարող է մեղմել ցավը:
Այն չի մեղադրում ներկան անցյալի սխալների պատճառով: Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր մարտնչում են իրենց սուրբ իրավունքների համար, հիշողության իրավունքի համար: Ֆրանսիան պայքարում է ժխտողականության դեմ, քանի որ դա նոր հանցագործությունների հիմք է:
Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջև` թութսիներ կլինեն ցեղասպանվողները, թե` կամբոջացիներ: Ահա, թե ինչու ես թույլատրեցի հրապարակել արխվները Ռուանդայի ցեղասպանության վերաբերյալ: Ֆրանսիան բարձրաձայնում և հակազդում է ամեն անգամ, երբ քրիստոնյաներ են սպանվում, հրեաներ կամ մահմեդականներ են սպանվում, որովհետև քրիստոնյա են, հրեա, կամ մահմեդական:
Կոչ եմ անում պաշտպանել փոքրամասնություներին, հատկապես` արևելքի քրիստոնյաներին, որոնք Մերձավոր Արևելքի հարստությունն են: Մենք պետք է պաշտպանենք նրանց` կերտելու համար համատեղ ապագա: Ֆրանսիան դասեր չի տալիս, բայց Ֆրանսիան գիտի` ինչ է ճշմարտության հանդեպ պարտավորությունը: Ոգեկոչել ցեղասպանությունը` չի նշանակում մեղմել ցավը, այլ նշանակում է ընդունել մի ողբերգություն, որը հարվածել է ողջ մարդկությանը: Միևնույն ժամանակ, հիշողությունը պետք է փոխանցել հետագա սերունդներին:
Մենք մեր ներդրումն ենք բերում նաև հաշտեցմանը, քանի որ հիշողությունը չպետք է օգտագործել բաժանելու, այլ պետք է օգտագործել միավորելու համար, խաղաղության համար ՝ տարածաշրջանում և ողջ աշխարհում: Սա կոչ է խաղաղության, կոչ է հաշտեցման:
Թուրքիայում կարևոր բառեր կան, որոնք հնչել են, բայց շատ բառեր կան, որոնք սպասում են, որ իրենց հնչեցնեն` ցավը մեղմելու համար: Հույս ունենք, որ հայ-թուրքական սահմանը ի զորու կլինենք բացել առաջիկայում: Ցավով եմ հիշում Հրանտ Դինքին, ով սպանվեց, քանի որ խոսում էր Հայոց ցեղասպանության մասին: Ֆրանսիան կանի ամեն ինչ՝ խաղաղ լուծում գտնելու համար: Սա է ուղերձը: Խաղաղություն բոլորին: Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է»,- ասաց Ֆրանսուա Օլանդը: