Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատմաբանները դեռ կվիճեն, գրականագետները կուսումնասիրեն կամ կալարեն ու մի բան կգրեն Վահան Հովհաննիսյանի հիշատակի ակնածանքից դրդված, բայց որ «Մանդիլիոնն» արդեն մտավ մեր կենցաղ միանշանակ է։ Նախ՝ մտավ ռուսերեն, ու վստահ եմ, որ հատուկենտ մարդիկ կարդացին, ապա երբ երկրորդ անգամ հայատառ հայտնվեց մեր կյանքում ընթերցողների քանակը վստահաբար մեծացավ։
Վեպ, հուշագրություն, դետեկտիվ, արկածային գրականություն... թե ի՞նչ է «Մանդիլիոնը» գրականագետները թող ասեն։ Բայց որ «Մանդիլիոնը» կարող է դառնալ նոր սերնդի կողմնացույց՝ ազգային ինքնության կողմնորոշման հարցում՝ միանշանակ է։
«Մանդիլիոնը» հավակնում է դառնալ նոր սերնդի մանիֆեստը։ Մոտ անցյալում մի ողջ սերնդի համար մանիֆեստ էր «Ռանչպարների կանչը»։ Ռանչպարների կանչն էր նաև, որ հարյուրավոր, եթե ոչ ավելի ազգային ինքնությունն ու հպարտությունը հաստատակամորեն ունեցող սերնդին նախ հավաքեց Թատերական Հրապարակում, ապա ճանապարհեց Երասխավան, այնտեղից էլ Արցախ։
Ազգային ինքնության խնդիրը գլոբալ տաքացումից, iOS թե android, ԵԱՏՄ թե Եվրամիություն առօրեական, երկարաժամկետ, թե կարճաժամկետ խնդիրներից ոչ պակաս կարևոր խնդիր է հատկապես սփյուռքում։ Սփյուռք, որի կառուցվածքը մենք ինքներս գոնե նախնական ճանաչողական մակարդակում չենք էլ մարսել։ «Մանդիլիոնը» հույս է տալիս, որ այն կարդացած տասը հայ, (կամ խառնածին) պատանուց յոթը կվարակվեն ազգայինով, դաշնակցական ռոմանտիզմով, (դաշնակցական ռոմանտիզմը չշփոթել ՀՅԴ կուսակցության մերօրյա ընկալման հետ), հայի ինքնության որոնման ցմահ հիվանդությամբ, հիվանդություն, որը, միգուցե, մեր տեսակի գոյության պահապանն է, հիվանդություն, որի սպիացած ու բթացած վերքին Վահան Հովհաննիսյանը շիկացած Մանդիլիոն է դնում։
Հ.Գ. Իսկ որ «Մանդիլիոնի» սեղմագիրը հայտնվի դպրոցական պարտադիր ծրագրում, մենք կապրենք ավելի ապահով Հայաստանում։
Հարութ Կբեյան
Աղբյուրը` Tert.am