կարևոր
421 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 17:10
Հասարակություն

7 տարի իշխանության եք, մի գործարան չի կառուցվել, ՀՀ պարտքը դարձրել եք 14 մլրդ դոլար․ Ղուկասյանը՝ ՔՊ-ականներին

7 տարի իշխանության եք, մի գործարան չի կառուցվել, ՀՀ պարտքը դարձրել եք 14 մլրդ դոլար․ Ղուկասյանը՝ ՔՊ-ականներին

Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքի զարգացմանը, և այդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել, մի բնակարան չի կառուցվել։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Դիմելով ՔՊ խմբակցության անդամներին՝ նշեց. « Յոթ տարի ձեր կուսակցությունը ղեկավարում է Հայաստանում, ամեն տարի մեկ միլիարդ դոլար վարկ եք վերցրել, և այսօր Հայաստանի պարտքը դարձել է 14 միլիարդ։ Հայաստանի Հանրապետությունում մի գործարան չի կառուցվել, ու դուք կարող եք ասել, որ այսքան բան ենք արե՞լ։ Կողմնակից եմ, որ գումարները բերում են, որ երկիրը գցեն այլ երկրների ազդեցության տակ, դա էլ հատուկ քաղաքականություն է։ Դա ժողովրդի գումարներն են, չի կարելի դա վերագրել ձեզ։ Մեր բոլորի զավակները, թոռները պիտի հետո այդ գումարների պատասխանը տան։ Եթե դուք լուրջ մասնագետներ ունենայիք, ձեր կադրային բանկը լուրջ լիներ, այո, երկրի համար առաջին խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, ռազմական արդյունաբերությունն է, և պետությունը պետք է սեփականություն ունենա, և բանակը, և մնացածը պիտի պետությունը մատակարարի և երկրի բյուջեն երկու-երեք անգամ ավելացնի»,–ասաց նա։

Վարդան Ղուկասյանը նաև հայտարարեց. «Եթե այսօր նախարարությունները մեզ ոտք չպահեն, մենք շատ գործ կանենք։ Կոնկրետ հիմա մենք ներկայացրել ենք գույքահարկի վերաբերյալ մոտ 1000 իրավաբանական անձանց, որոնք մուծում են չնչին կոպեկներ։ Այսինքն կան հյուրանոցներ, որ ֆիքսված է բնակելի, այսինքն ինքը պիտի մուծի 3-5 միլիոն դրամ, մուծում է 170 հազար դրամ։ Հաջորդը, տարածքները տրված է եղել վարձակալության, մոտավորապես 100 միլիոն, անտերուդուս է մատնված, գումարները չեք հավաքագրել ձեր աշխատած տարիներին, ժամկետները անցել էր և այսօր թողել եք այդ հոգսը իմ վրա։ Մենք աշխատում ենք, տեղերը գիտենք, մենք հսկայական գործեր ենք անում, ու մոտ օրերս կասենք, թե ինչ ենք արել, և դրա համար 30% աշխատավարձ ենք բարձրացրել։ Մեկ միլիարդ 100 միլիոն բյուջե ենք ավելացրել, և դրա հիման վրա բյուջեն ավելացրել ենք ու այդպես աշխատում ենք։ Եթե գերատեսչական կառույցները, մարզպետարանը մեզ տա թվերը և անունները, թե  ով ինչքան պարտք է քաղաքապետարանին, մենք իրենցից գումարները ամբողջությամբ կհավաքագրենք»,– ասաց Վարդան Ղուկասյանը։