կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 19:37
Առանց Կատեգորիա

Ինչու է ՀՅԴ-ն կոալիցիայի մասին խոսում հիմա՝ դիմելով ռիսկի

Ինչու է ՀՅԴ-ն կոալիցիայի մասին խոսում հիմա՝ դիմելով ռիսկի

 Այն, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու նախաձեռնությունը գալիս է ՀՀԿ-ից, և որ նման առաջարկ իշխանության կողմից իսկապես հնչել է, հաստատում են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը մեկնաբանած բոլոր հանրապետականները, թեկուզև այնքանով, որ չեն հերքում նման առաջարկ արվելու մասին պնդումը: Հրանտ Մարգարյանի տված մեկնաբանություններից չի հետևում, իհարկե, որ խոսքը խիստ խորքային բանակցությունների մասին է: Բայց եւ դժվար է պատկերացնել, որ քաղաքական լրջագույն վերադասավորումների մասին հարցը կարող էր քննարկման առարկա դառնալ ընդամենը «սիրողական մակարդակի խոսակցությունների» կամ «առանձնազրույցի» ձևաչափով / այն էլ` նախագահի մակարդակով /, ինչը պնդում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հրանտ Մարգարյանն իր հարցազրույցում շեշտում է ընդամենը կայացած «նախնական բանակցությունների» և կոալիցիա կազմելու գաղափարին իրենց կողմից նախնական համաձայնություն տալու իրողությունը և պատճառաբանում, թե ինչով է պայմանավորված ՀՅԴ-ի այդ տրամադրվածությունը: Նման խիստ նախնական մոտեցում դրսևորելը միանգամայն բնական է: Նախ՝ խորքային բանակցությունները տրամաբանական կլինեին միայն կոալիցիայի ձևավորման սկզբունքների, նպատակների, ծրագրերի, ձևաչափի, ուժերի հարաբերակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակադրման պարագայում: Մինչդեռ, որքան կարելի է հասկանալ թե\' ՀՅԴ-ի և թե\' ՀՀԿ-ականների պարզաբանումներից, ներկա փուլում նման խնդիր առայժմ դրված չէ: Երկրորդ՝ կոալիցիայի ձևավորումն այլևս ինքնանպատակ լինել չի կարող:

Հայաստանում ձևավորված նախկին կոալիցիաների դառը փորձը ցույց է տալիս, նման միավորման ստեղծումը իմաստ է ունենում միայն երբ կոալիցիա կազմող ուժերը իրար հակակշռում են և ունեն փոխադարձ այնպիսի կախվածություն, որ որևէ փուլում նրանց միջև ձևավորված բալանսի և պայմանավորվածությունների խախտումը կարող է հանգեցնել քաղաքական նոր վերադասավորումների, ընդհուպ՝ ներիշխանական ճգնաժամի: Այսինքն՝ երբ կողմերն ունենում են ընդհանուր որոշումների կայացման վրա ազդելու բավարար հնարավորություններ՝ անկախ նրանից՝ կոալցիան ձևավորվում է ընտրություններից առաջ, դրա ընթացքում, թե հետո: Թերևս այս հանգամանքը նկատի ուներ Հրանտ Մարգարյանը, երբ նշում էր. «Իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետև կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար իրար պետք է պետք ունենան»:

Սակայն անկախ կոալիցիա կազմելու հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններից, պետք է առանձնացնել երկու կարևոր հանգամանք: Առաջինն այն է, որ ՀՅԴ-ն փաստացի դրա մասին հանրությանը տեղեկացնում է դեռ առաջարկությունն արվելու, այսինքն` խիստ նախնական փուլում, երբ անգամ պարզ չէ՝ ընթացք կստանա այս գործընթացը, թե ոչ: Սա նշանակում է, որ ՀՅԴ-ն չի փորձում դիմել հայաստանյան քաղաքական «մշակույթի» ամենատարածված, հանրային ապատիայի տեղիք տվող պրակտիկայի կիրառմանը՝ հասարակության թիկունքում իշխանության հետ կուլիսային գործարքների մեջ մտնելուն: Այդ որոշման համար ՀՅԴ-ին կարող են և քննադատել՝ հաշվի առնելով ընդդիմադիր դաշտում որոշ շրջանակների՝ ՀՅԴ-ից ունեցած սպասելիքների չարդարացումը: Սակայն ՀՅԴ-ին այս իմաստով անազնիվ խաղ սկսելու և վարելու, հանրությանն ու ընտրազանգվածին խաբելու մտադրությունների կամ գործելակերպի մեջ մեղադրել հնարավոր չէ: Եվ սա իսկապես քաղաքական և պրագմատիկ կեցվածք է, որը ՀՅԴ-ն դրսևորում է՝ փաստորեն գնալով շատ կոնկրետ ռիսկի: Ընտրություններից մեկ տարի առաջ` քաղաքական դաշտում նախընտրական վերադասավորումների այս փուլում, ՀՅԴ-ն, փաստորեն, իրեն դարձնում է քննադատության թիրախ, որը մանիպուլյացիոն էֆեկտով կարող է հանգեցնել նույնիսկ ընտրազանգվածի որոշակի կորստի: Ընտրություններից առաջ այն վերականգնելու և ավելացնելու համար ՀՅԴ-ից կրկնակի ջանքեր կպահանջվեն՝ կոալիցիա կազմելու իր նպատակները և դրանց հասնելու ձևերը հանրությանն ավելի մանրամասն և համոզիչ բացատրելու միջոցով: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՅԴ-ն այս ռիսկային քայլին գնում է` գործընթացի հենց սկզբից դրա պատճառները հանրայնացնելով: Ըստ Հրանտ Մարգարյանի մեկնաբանության՝ հիմնական պատճառը նոր ընդունված և մասամբ ուժի մեջ մտած Սահմանադրության նպատակների իրականացումն է: Թե ինչ է սա իրենից ենթադրում, ՀՅԴ-ն, թերևս, դեռ բացատրելու առիթներ կունենա: Սակայն էականն այն է, որ դա արվում է իշխանությանը մի քանի տարի առաջ ներկայացված 7 կետանոց պահանջների մեծ մասի` լիովին կամ մասամբ իրականացման, այսինքն` կրկին հրապարակային քաղաքական պայմանների համատեքստում: ՀՅԴ-ն հասկանալի է դարձնում՝ որն է կոալիցիա կազմելու իր նպատակը: Հրանտ Մարգարյանն այն անուղղակիորեն ձևակերպում է հետևյալ կերպ. «Մենք ուրիշ ելք չունենք, բացի այն, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Եվ դա հնարավոր է, և դա կարելի է: ... Ես ուրիշ ելք չեմ տեսնում այս երկրի վիճակը փոխելու: Այո, ներսից էլ պետք է փոխենք, դրսից էլ»:

 Հիմա կոալիցիա կազմելու իր նպատակները պետք է հստակեցնի նաև ՀՀԿ-ն, որը չի հերքում նման առաջարկով հանդես գալու հանգամանքը: Դա անհրաժեշտ է՝ հնարավոր կոալիցիայի հիմնական նպատակների և սկզբունքների հարցում տեսակետները հրապարակայնորեն հստակեցնելու և փոխզիջման  հասնելու համար:

 Ի վերջո կոալիցիայի իմաստը փոխզիջումն է, և ոչ թե դրա անվան տակ արհեստականորեն քաղաքական համախոհության տպավորություն թողնելը և կոալիցիայի կողմերից մեկի որոշումների համար մյուսին կամ մյուսներին պատասխանատու դարձնելը:

Գևորգ Աղաբաբյան