Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իլհամ Ալիևի ռեժիմն Ադրբեջանում ծանր ժամանակներ է ապրում: Օղակն օր օրի սեղմվում է բոլոր կողմերից՝ ռեժիմին գցելով ցայտնոտի մեջ:
Ալիևը տապալել է ԼՂ և հարակից շրջաննները դիվանագիտական ու ռազմական ճանապարհով վերադարձնելու խոստումները: Բանակցային գործընթացում նախապատվությունը տվեց շանտաժային դիվանագիտությանը, արդյունքում` ինքն իրեն գցեց քաղաքական փակուղու մեջ: Ալիևը փաստացի հասավ նրան, որ հիմա Բաքուն է ընկալվում բանակցային գործընթացի տապալման պատասխանատուն՝ դիրքային առավելություն ապահովելով Հայաստանի համար: Նա ձախողեց նաև շփման գծում ռազմական սադրիչ գործողությունների միջոցով կողմերի միջև ստատուս քվոն փոխելու, մարտավարական ու հոգեբանական առավելության հասնելու պլանը, որը շանտաժային քաղաքականության հիմնական բաղադրիչն ու շարժիչ ուժն էր:
Բաքուն հիմա խնդիրներ ունի իր բոլոր ցամաքային հարևանների հետ: Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումը և նրա՝ համաշխարհային էներգետիկ ու քաղաքական մեծ թատերաբեմ վերադառնալու հեռանկարը հարվածում են Ադրբեջանի շահերին: Իրանը հավակնում է գրավել եվրոպական էներգետիկ շուկան, որի հետ մեծ հույսեր են կապում Ադրբեջանում, հավակնում է մեծացնել քաղաքական ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում՝ հակակշռելով ադրբեջանա-թուրքական տանդեմի և Ռուսաստանի ազդեցությանը: Թեհրանը նախորդ տարեվերջին գրեթե բացահայտ արտահայտեց Ադրբեջանի իսլամականացման հարցում իր շահագրգռությունը, երբ պաշտպանեց Ադրբեջանի իշխանությունների կողմից հալածանքների ենթարկվող Նարդարանին և իսլամիստներին: Իրանի քաղաքական ակտիվացումը տարօրինակ կերպով զուգահեռվում է Ադրբեջանում իսլամիստների, իրանական ծագմամբ էթնիկ միավորների և, առհասարակ, ազգային փոքրամասնությունների կենտրոնախույս տրամադրությունների աճին:
Ադրբեջանը հայտվել է ռուս-թուրքական հակամարտության թակարդում՝ զրկվելով մեծ մանևրների հնարավորություններից: Չկարողանալով կողմնորոշվել Անկարայի և Մոսկվայի միջև՝ Բաքուն հայտնվել է թե\' Ռուսաստանի և թե\' Թուրքիայի վստահությունը կորցնելու վտանգի առջև՝ դրանից խուսափելու լավագույն տարբերակը համարելով գերպասիվ և սպասողական դիրք որդեգրելը:
Թե\' ռուս-թուրքական այս հակամարտությունը, թե\' սիրիական ճգնաժամը, թե\', հատկապես, քրդական քաղաքացիա-պարտիզանական պատերազմի մեջ Անկարայի փաստացի թաղվելն անորոշ ժամանակով Ալիևին զրկում են «մեծ եղբոր» աջակցությունից՝ նրան մենակ թողնելով ահագնացող մարտահրավերների դեմ: Եթե դրան էլ ավելացնում ենք Վրաստանի` իր գազասպառման շուկայում ադրբեջանական SOCAR-ի մասնաբաժինը նվազեցնելուն միտված քայլերը, որոնք Բաքվում բնորոշվել են որպես դավաճանություն, նաև ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվելու վտանգը, Ադրբեջանի արտաքին մեկուսացման միտումները դառում են ամբողջական:
Դրան զուգահեռ` նավթի գների անկումն ու ադրբեջանական մանաթի կտրուկ և տևական արժեզրկումը երկիրը հասցրել են սոցիալական պայթյունի շեմին, որն ակտիվորեն սկսել են օգտագործել ընդդիմադիր ուժերը: Նախօրեին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և սպառողական գների բարձրացման, դոլարի ու ապրանքների դեֆիցիտի պատճառով բողոքի ցույցերի դուրս եկած զանգվածների միջև Սիազանի, Լենքորանի, Ֆիզուլու, Աղջաբադի, Աղսուինի շրջաններում: Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է 50-ից ավելի մարդ: Անկարգությունների և բողոքի ակցիաների հրահրման մեջ իշխանությունները մեղադրել են ընդդմադիր «Մուսավաթ» կուսակցությանը: Իշխանությունը չի կարողանում զսպել գների սպեկուլյատիվ բարձրացման գործընթացը, հարկերի հետ կապված կայացնում են իրարամերժ որոշումներ՝ ակնհայտ դարձնելով, որ վարչակազմը կորցնում է վերահսկողությունը ողջ երկրի տարածքում, ինչը հղի է անկախնատեսելի հետևանքներով:
Դժվար է ասել՝ որքանով այս պրոցեսները կտանեն հեղափոխության: Մեկ բան ակնհայտ է՝ Ալիևի վարչակազմի դիրքերը երկրի ներսում էականորեն թուլացել են: Դիվանագիտական կորպուսում հակաիշխանական բևեռի ձախողված ձևավորումը, ազգային անվտանգության ծառայության և կապի նախարարության համակարգերում կատարված զանգվածային ձերբակալություններն ու կադրային փոփոխությունները վկայեցին, որ Ալիևի վարչակազմը լրջագույն ճաքեր ունի նաև ներսից, և այդ ճաքերը կարող են ռեժիմին փլուզման տանել երկրի տնտեսական-սոցիալական վատթարացման, վարվող փակուղային ու անհեռատես արտաքին քաղաքականությունից առաջացած դժգոհությունների հողի վրա: Այս իմաստով` Ադրբեջանում որքան մեծ է հեղափոխության, նույնքան էլ հեղաշրջման հնարավորությունը:
Թե ինչ կարող է սա տալ Հայաստանին, դժվար է ասել: Իհարկե, շատ ավելի հեշտ է գործ ունենալ ներքին հենարաններից զրկված և երերուն Ալիևի հետ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ իր և ռեժիմի անվտանգության սպառնալիքների խորացումը նա միշտ փորձում է չեզոքացնել սահմանային լարվածությունը մեծացնելու, պատերազմի վերսկսման պատրանք ստեղծելու միջոցով, ինչը ուղեկցվում է շփման գծում բախումներով ու ցավալի զոհերով:
Մյուս կողմից՝ դեռ պետք է հասկանալ՝ արդյո՞ք Ալիևի հեռացումը լավ է հայկական հետաքրքրությունների տեսանկյունից, թե՞ ոչ, որովհետև չի կարելի բացառել նրանից հետո շատ ավելի վտանգավոր և անհավասարակշիռ վարչակազմի ձևավորումը, որի հետ գուցե շատ ավելի դժվար լինի գործ ունենալ: Գոնե այս պահին տեսանելի չէ այն այլընտրանքային ուժը կամ լիդերը, որի շուրջ կարելի է ինչ-որ հաշվարկներ կամ կանխատեսումներ կատարել: Սա, իհարկե, քաղաքականության վերանայման տեսանկյունից, իհարկե, վատ է: Սակայն, մյուս կողմից, որքան հավասարաչափ թույլ է ներքաղաքական ընդհանուր համակարգն Ադրբեջանում, այնքան իշխանության համար մղվելիք պայքարը լինելու է տևական, այնքան ավելի մեծ է այդ երկրի՝ պերմանենտ ցնցումների դաշտում գտնվելու, դրա վրա հսկայական ռեսուրսներ վատնելու հնարավորությունը: Գործոն, որը պակաս դեր չի կատարել 90-ականներին Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի տարած հաղթանակում: Գուցե պատմությունը կրկնվի՞...
Գևորգ Աղաբաբյան