կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 11:16
Իրավական

Մոսկվայի մարզի բնակիչը կեղծ հաղորդագրություն է տարածել, թե «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է պայթելու

Մոսկվայի մարզի բնակիչը կեղծ հաղորդագրություն է տարածել, թե «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է պայթելու

Նոյեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունում ստացված ահազանգը սովորականներից չէր. հայտնում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում: 

Անմիջապես ոտքի հանվեցին ոստիկանության և համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումները: Ստուգումների արդյունքում պարզվեց, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ ԱՄՆ-ում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից:

Միջազգային համագործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում՝ համապատասխան ծառայությունների արտերկրի մեր գործընկերներից ստացված տվյալների համաձայն՝ հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունից ուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ` 1973 թ. ծնված Ս. Զաբաբոնովը: 

Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և, նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով, ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը:

Փաստի առթիվ ՌԴ ՆԳ Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ քր. օր.-ի 207 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը) 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները: