կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-13 17:35
Առանց Կատեգորիա

Երբ ենք մենք անհանգստանում...

Երբ ենք մենք անհանգստանում...

Խոզի գրիպից մահվան արդեն 10-րդ դեպքն է գրանցվել. այսօր մահացած 50 և 41-ամյա տղամարդիկ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում. մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել:

Երեկ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ խոզի գրիպ հիվանդությունն աստիճանաբար նահանջում է: Ավելի վաղ նախարարն անձամբ հայտարարել էր, որ երկրում խոզի գրիպի համաճարակ չկա, իսկ հանրապետության գլխավոր վարակաբանն ասել էր, որ թեև հիվանդության նման բռնկում Հայաստանում երբեք չի եղել, բայց անհանգստանալու կարիք չկա: Չենք անհանգստանում:

Հունվարի 9-ին մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: ԼՂՀ ՊԲ-ն եւ ՀՀ ՊՆ-ն ցավակցել են զոհվածի հարազատներին եւ շեշտել, որ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ մեր զինվորների վերահսկողության ներքո, այսինքն` անհանգստանալու կարիք չկա... Այսօր մեր տղաները զսպել են հակառակորդի նախահարձակ գործողությունները: Չենք անհանգստանում:

Հունվարի 18-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կվերսկսվի Վ.Պ-ի դատավարությունը, որն, ինչպես գիտենք, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անունից: Ի դեպ, այս դատավարությունը թերեւս աննախադեպ է համաշխարհային դատավարությունների պատմության մեջ, քանի որ փաստացի մեկ այլ պետության դատարան դատավարություն է իրականացնում մեկ այլ պետության իրավաբանական տարածքում /ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը ՀՀ-ն անվճար վարձակալության է հանձնել ՌԴ-ին/: Մեր դատախազությունը վստահեցնում է, որ անհանգստանալու կարիք չկա, որ Վ.Պ.-ն, եթե անգամ սատանան օգնի, միեւնույն է, իր արժանի պատիժն է ստանալու, եւ մենք… չենք անհանգստանում: Ավետիսյաննների հարազատները որոշ լրատվամիջոցների հայտնել են, որ իրենք պատրաստվում են նախ բոյկոտել Պերմյակովի գործով հունվարի 18-ի դատավարությունը, ապա` հեռանալ Հայաստանից… Ռուսաստան, որտեղ, ի դեպ, ծնվել, մեծացել եւ դաստիարակվել է Վ.Պ-ն: Ո\'չ նրանք, ո\'չ էլ մենք չենք անհանգստանում:

Համացանցում են հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի, նրա կնոջ՝ Քեյթի եւ նրանց որդու լուսանկարները: Որոշ լրատվամիջոցներ արձանագրում են, որ Քեյթը դարձյալ հղի է: Գուցե դրա հետ կապված, գուցե անկախ այս հանգամանքից` արքայազն Ուիլյամը ճաղատանում է, եւ մենք… անհանգստանում ենք:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ