Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հնարավոր չէ արգելել ուսուցիչներին կամ դասախոսներին` լինել որևէ կուսակցության անդամ, այդ մարդիկ ունեն քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման իրավունք. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այս առումով, ըստ նրա, կրթական համակարգը շարունակում է մեղադրվել նաև չգործած մեղքերի մեջ: Աշոտյանը նշեց, որ, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, ընդդիմության ներկայացուցիչների մեղադրանքներն անհիմն էին, թե բուհերում քարոզչություն է իրականացվել:
«ՀՀ օրենսդրությունը չի արգելում լինել այս կամ այն կուսակցության անդամ: Ուսուցիչներն ու դասախոսները նույնպես ունեն քաղաքացիական ազատություններ`մասնակցելու հանրահավաքների, հարելու այս կամ այն կուսակցությանը, բայց այդ ամենը պետք է լինի ուսումնական հաստատությունների պատերից դուրս: Ավագ դպրոցներից մեկում եղել է ապօրինի քարոզչություն, և տնօրենը խիստ նկատողություն է ստացել, նա շուտով աշխատանքից կազատվի»,- ասաց Աշոտյանը:
Ըստ նրա` համակարգն իր ներսում քաղաքականացված չէ, իսկ պատերից դուրս յուրաքանչյուրը վայելում և տնօրինում է իր քաղաքացիական դիրքորոշումը: «Մեր դպրոցներում էլ բազմաթիվ են ընդդիմադիր ուսուցիչները: Նրանք աշխատանքից դուրս թե ի՞նչ գեղագիտական, քաղաքական գործունեություն են ծավալում, իրենց գործն է: Քարոզարշավի ընթացքում օրենսդրության խախտման դեպքերը եղել են «Ոչ»-ի ճակատից»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցչի հեռացմանը 145 դպրոցից, ապա նախարարը նշեց, որ ողջունում է երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը: Ըստ նրա` ուսուցիչը մինչև դպրոց ընդունվելն էլ արդեն ակտիվիստ էր: «Ուսուցիչն ինքն է դիմում գրել և դուրս եկել, ինչը զարմանալի է պայքարող մարդու համար: Ավելին ասել չեմ կարող, քանի որ դպրոցը ԿԳՆ ենթակայության տակ չի գործում»,- ասաց Աշոտյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են ընտրատեղամասերը միշտ տեղակայված լինում դպրոցներում, նա պատասխանեց, որ ընտրատեղամասերը, հատկապես` մարզերում, տեղակայված են դպրոցներում, որովհետև դպրոցները միակ հարմար տարածքն են, որտեղ հնարավոր է կազմակերպել հոծ խմբով մարդկանց հոսք: «Համաձայնեք, որ դպրոցները միակ տարածքն են, որտեղ կան սանիտարական պայմաններ, ջուր: Օրինակ` հիվանդանոցներում հնարավոր չէ այս ամենը կազմակերպել: Ինչ վերաբերում է ուսուցիչների ներգրավվածությանը, ապա պետք է նշել, որ Երևանից դուրս կրթական էլիտան կազմված է հենց հիմնականում ուսուցիչներից, իսկ Ընտրական օրենսգիրքը բարդ իրավական փաստաթուղթ է»,- ասաց Աշոտյանը: