Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չորս-հինգ տարի հետո Թբիլիսիի հայկական դպրոցներում հայ ուսուցիչներ այլեւս չեն լինի: Եվ ոչ թե այն պատճառով, որ Վրաստանի կառավարությունը դա է ցանկանում, այլ որովհետեւ նոր կադրեր չկան եւ ներկայումս դասավանդող ուսուցիչները կենսաթոշակային տարիքում են:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում էթնիկ փոքրամասնությունների հարցերի փորձագետ Մարիամ Միկոյանը հավելում է նաեւ, թե հայկական դպրոցները չեն փակվում կառավարության քմահաճույքով, այլ որովհետեւ երեխաների քանակն է նվազում եւ որպեսզի յուրաքանչյուր դպրոցն առանձին չֆինանսավորվի, դպրոցները կոնսոլիդացվում են:
Մ. Միկոյանը «Երկիր»-ի հետ զրույցում, նշում է նաեւ, որ կադրերի պակասը կրկնակի խնդիր է առաջ բերում. «Ծնողները նախընտրում են երեխաներին տալ վրացական, ռուսական կամ այլ դպրոցներ, որպեսզի երեխան ամբողջական կրթություն ստանա: Ես ինքս էլ իմ երեխային չեմ տա հայկական դպրոց, որտեղ ֆիզիկայի ուսուցիչը նաեւ գրականություն ու աշխարահագրություն է դասավանդում»:
Նոր կադրերի խնդիրը կա նաեւ շրջաններում, սակայն ավելի սուր է դրված մայրաքաղաքում: Հայտնի է, որ հայագիտական մասնագիտությունների դեպքում Հայաստանի Հանրապետությունը պետպատվերով տեղեր է իջեցնում նաեւ վրացահայերի համար, եւ հարցին, թե այս դեպքում ո՞րն է պատճառը, որ նոր կադրեր չկան, Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերության ղեկավար Կոնստանտին Վարդանյանը պատասխանեց, թե Երեւանում կրթություն ստացածները հետ չեն գալիս այստեղ.
«Բանն այն է, որ տեղի դպրոցում աշխատելու համար պետք է իմանան նաեւ պետական լեզուն` վրացերենը: Եվ նախընտրում են հետ չգալ: Բայց կարծում եմ` ՀՀ կրթության նախարարության այդ ծրագիրն այս առումով արդյունավետ կլինի»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի վերջին այցի ժամանակ քննարկվել է նոր ծրագիր, համաձայն որի, հայաստանյան բուհերում պետպատվերով մանկավարժական եւ հայագիտական մասնագիտություններ սովորողները բուհական դիպլոմ չեն ստանա, մինչեւ հետ չվերդառնան եւ որոշակի ժամանակ չաշխատեն տեղի դպրոցներում: Նախատեսվում է, որ ծրագիրն արդեն իսկ կգործի այս տարվանից:
Տեղաբնակաները հույս ունեն են, որ այս ծրագիրն իր արդյունավետությունը կունենա. «Օրինակ, հայոց լեզվի դասաժամերը կրճատել էին: Մենք այդ հարցը բարձրացրեցինք, երբ Աշոտյանը եկել էր, եւ հարցը լուծվեց. այս տարվա սեպտեմբերից արդեն ժամաքանակը վերականգնված կլինի»,- ասաց Կ. Վարդանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 23-27-ը Ա. Աշոտյանն իր` Վրաստան այցի ժամանակ հանդիպել է Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել` հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացնելու եւ դրանց քանակը վրացերենի դասաժամերին հավասարեցնելու շուրջ:
Մ. Միկոյանն էլ նշեց, որ նման այցերը իսկապես արդյունք տալիս են, իսկ ինչ վերաբերում է նոր կադրերի, ինչպեսեւ հայ աշակերտների պետական վրացերեն լեզուն իմանալուն, ասաց. «Եթե ինձ հարցնեք, ես կասեմ, որ սկսած մանկապարտեզային տարիքից երեխաները պետք է սովորեն վրացերեն` զուգահեռ դրան իմանալով հայերենն ու պահպանելով հայկական ավանդույթները: Դուք պատկերացնու՞մ եք Հայաստանում ապրող մեկին, ով այնտեղ սովորում, աշխատում է, բայց հայերեն չգիտի»:
Մարիամ Միկոյանը նշեց նաեւ մեկ այլ` դասագրքերի եւ ուսումնական նյութերի թերի թարգամանված լինելու խնդիրը: Վրացերենից ուղղակիորեն արված թարգմանությունները խրթին են, անհասկանալի: Այս խնդիրը նույնպես լուծում է ստացել` ՀՀ եւ Վրաստանի կրթության նախարարների հանդիպման ժամանակ: Հայաստանցի մասնագետները մասնակցելու են դասագրքերի` վրացերենից հայերեն թարգմանության աշխատանքներին:
Սակայն, առհասարակ լուրջ խնդիր կա` կապված թարգմանիների հետ: Այս շրջանում չկան մասնագիտացած թարգամանիչներ, չկա թարգմանիչների ասոցիացիա կամ այլ ընկերություն, որը պորֆեսիոնալ կերպով կանի իր աշխատանքը: Մ. Միկոյանն ասաց, թե հաճախ դատական նիստերի ժամանակ մտնում են գյուղ եւ հայերեն, վրացերեն իմացողին կանչում դատարան` թարգամանություն անելու:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ախալցխա