Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հունաստանի պաշտպանության նախարարի հետ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը թուրքական ՌՕՈՒ-ի կողմից Սիրիայում ռուսական ռմբակոծիչի կործանումը որակել է միջազգային ահաբեկչության դեմ համընդհանուր ջանքերի դեմ ուղղված քայլ: «Տարածաշրջանում կան պետություններ՝ հանձին Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը»: Այդ ամենը մենք դատապարտում ենք: Դատապարտում ենք նաև այն առումով, որ ուղղված է մեր ռազմավարական գործընկերների դեմ»,-ասել է Օհանյանը:
Նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ ռազմական կոլեգիայի նիստին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էլ հայտարարել էր, թե Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը ստոր ագրեսիա էր, որը հարված էր թիկունքից: Քանի որ դրանից մեկ օր անց Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ռազմական գերատեսչությունները հայտարարեցին, թե Խաչատուրովին չէին լիազորել իրենց անունից նման հայտարարություն անել, ակնհայտ դարձավ, որ սկսված ռուս-թուրքական առճակատման շրջանակում Հայաստանը ՀԱՊԿ-ում փաստացի միայնակ է իր վրա վերցնում Ռուսաստանի շահերի պաշտպանությունը:
Մինչ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից այս դիրքորոշման կրկնումը, թվում էր, թե Խաչատուրովը պարզապես ռազմական գործչին բնորոշ դիվանագիտական աննրբանկատություն է դրսևորել, և որ դա չի նշանակում, թե Երևանը որոշել է արդեն այսօրվանից միանշանակ դիրքավորվել «ռուսական ուղեծրում»: Սակայն Օհանյանի հայտարարությունը վկայեց, որ այստեղ աննրբանկատության որևէ տարր չկար, և որ Երևանը միանշանակ որոշել է ակտիվանալ իբրև Ռուսաստանի «արբանյակ»: Պատահական չէր Օհանյանի ակնարկը, որ Թուրքիայի գործողությունների դատապարտումը բխում է Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններից:
Իհարկե, այդ պարտավորությունենրը մինչ այժմ եղել են միակողմանի: Դրա մասին Մոսկվան չէր հիշում, երբ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանը մարդկային կորուստների հանգեցնող ռազմական ագրեսիա էր իրականացնում: Բայց էականն այստեղ այն է, որ, փաստորեն, Հայաստանը որոշել է ռուս-թուրքական կոնֆրոնտացիայում ներգրավվել այսօրվանից, երբ կարծես դեռ կա սպասելու ժամանակ:
Թերևս հաշվի է առնվել, որ հիմա կորցնելու բան չկա. եթե ռուս-թուրքական առճակատումը մտնի ռազմական, պատերազմական փուլ, Հայաստանը, ուզի, թե չուզի, Ռուսաստանի կողքին ներգրավվելու է դրանում՝ թե\' ՀԱՊԿ-ում կամ երկկողմ ստրատեգիական գործընկերության շրջանակներում ունեցած պարտավորություններից կամ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյությունից ելնելով, թե\', որովհետև կասկած չկա, որ Թուրքիան Ադրբեջանին ԼՂ հակամարտության շրջանակում, այսպես, թե այնպես, օգտագործել է: Այդ դեպքում ոչ ոք չի հարցնելու՝ մինչ այդ Երևանը չեզո՞ք դիրք է գրավել ռուս-թուրքական առճակատման մեջ, թե՞ ոչ: Եվ եթե պետք է ռիսկի գնալ, ապա ինչո՞ւ գնալ ինքնազոհողության, այլ չմտածել ստեղծված վիճակից դիվիդենդներ քաղելու` թե\' ԼՂ հարցում և թե\' հայ-թուրքական խնդրների համատեքստում Ռուսաստանի համար Հայաստանի արժեքը բարձրացնելու մասին: Ամեն դեպքում մնում է հուսալ, որ որոշումը ոչ թե պահի ազդեցությամբ է կայացվել կամ ռուսասիրության հերթական պարզունակ ցուցադրություն է, այլ չափազանց խորը և համակողմանի վերլուծությունների ու ռազմավարական հաշվարկների արդյունք է, և որ կա հստակ պատկերացում ինչպես հնարավոր հետևանքների, այնպես էլ ակնկալվող արդյունքների մասին:
Բայց եթե ճակատագրական այդ որոշումը կայացվել է, ապա ինչո՞ւ են շարունակում ուժի մեջ մնալ 2009թ. Ցյուրիխում ստորագրված, բայց դեռ չվավերացված` հայ-թուրքական երկու արձանագրությունները: Այս տարվա փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված հրապարակային նամակով տեղեկացրեց այդ արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու մասին: Բայց դա ընդամենը դիվանագիտական հնարք էր՝ Թուրքիայի կողմից այդ արձանագրությունները չվավերացնելու մասին միջազգային հանրությանը հիշեցնելու համար: Դրանից հրաժարվելու միակ իրավական քայլը՝ ստորագրությունները ետ կանչելը, Երևանը դեռ չի արել և կարծես չի էլ շտապում անել: Մինչդեռ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի այսպիսի կտրուկ, դրամատիկ շրջադարձերի ֆոնին դրանք ուժի մեջ թողնելը այլևս նույնիսկ վնասակար է: Եվ պատճառը միայն այն չէ, որ անիմաստ է Թուրքիայի հետ այսպիսի խոշոր կոնֆրոնտացիայի մեջ մտնելու դեպքում մտածել դրանք վավերացնելու հնարավորության մասին:
Երկու օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նկատի առնելով երկրի հարավ-արևելքի թուրքական զինուժի դեմ քրդական զինված խմբավորումների՝ աննախադեպ մասշտաբների հասած բախումները, հայտարարել էր. «Անկարան թույլ չի տա սիրիական կամ իրաքյան սցենարով երկրի հարավ-արևելքում հակամարտության զարգացում»: Անկարայում, փաստորեն, սկսել են չափից դուրս լուրջ վերաբերվել երկիրը նոր Սիրիայի վերածվելու և Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների մասին: Թուրքերը հասկանում են, որ Ռուսաստանն առաջին հերթին հենց քրդական գործոնի միջոցով է փորձելու հարվածել Թուրքիային՝ ի պատասխան ռազմական ինքնաթիռի կորստի, և ՆԱՏՕ-ում, մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիայի հսկայական ազդեցությունը եթե ոչ ամբողջությամբ չեզոքացնելու, ապա գոնե էականորեն նվազեցնելու համար: Մանավանդ, որ դրանում հավասարաչափ շահագրգռված են թե\' Դամասկոսը, թե\' Բաղդադը և թե\' Աթենքը:
Բացի դրանից՝ ռուսական փորձագիտական շրջանակները, որպես Թուրքիայի դեմ հնարավոր գործիք, քննարկում են 1921թ. ստորագրված քեմալա-բոլշևիկյան Կարսի և Մոսկվայի խայտառակ պայմանագրերը չեղարկելու հնարավորության հարցը: Հենց այդ ապօրինի պայմանագրերի հիման վրա է հաստատվել ներկայիս Թուրքիայի արևելյան սահմանագիծը և հենց այդ պայմանագրերի թաքնված վավերացման խնդիրն էր լուծում Անկարան հայ-թուրքական արձանագրություններով:
Հասկանալի է, իհարկե, որ այս պահին չեն կարող այդ պայմանագրերը չեղարկվել, որովհետև դրա համար միայն Մոսկվայի ցանկությունը քիչ է: Բայց հատկապես ներկայիս անկանխատեսելի զարգացումների ֆոնին նաև չի կարելի բացառել մոտ ապագայում նման իրավիճակի ստեղծումը: Այդ դեպքում Թուրքիան կարող է օգտագործել այդ արձանագրություններն իբրև իրեն ապահովագրելու միջոց: Եվ արձանագրություններն օրակարգում թողնելու` Հայաստանի իշխանությունների որոշումը առաջինն է նպաստում դրան: Այդ անպետք արձանագրությունները հիմա նման են կապանքների, որոնք բանտարկյալին թույլ չեն տալիս դուրս գալ բանտախցի բացվող դռներից:
Գևորգ Դարբինյան