կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 14:46
Մշակույթ

Ռամազոտին Հայաստան կժամանի անձնական ինքնաթիռով` իր հետ բերելով նաև իր խոհարարին

Ռամազոտին Հայաստան կժամանի անձնական ինքնաթիռով` իր հետ բերելով նաև իր խոհարարին

Տեղեկացրել էինք, որ 2016-ի ապրիլի 26-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի համերգը: Համերգի կազմակերպիչներն են Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերությունները:

Forpostart Production  ընկերության տնօրեն Զառա Մխեյանը yerkir.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այս մասշտաբի համերգ-շոուի Հայաստանում դեռևս ականատես չենք եղել, քանի որ խոսք է գնում 160 տոննա տեխնիկայի մասին, որը ներառում է հնչյունային և լուսային սարքավորումներ, ինչպես նաև` հատուկ բեմ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգասրահն ամբողջությամբ կերպարանափոխվելու է:

«Մարզահամերգային համալիրում ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ. բոլոր հարդարասենյակներն արդեն նորոգվել են: Ռամազոտիի խումբը ներառում է 83 մարդ. նախագծի շրջանակներում ընդգրկված են ևս 56 աշխատակիցներ՝ ինժեներներ, ադմինիստրատորներ, թարգմանիչներ, տարբեր պրոֆիլի տեխնիկներ, աշխատուժ և այլք, ներառյալ` ՄՀՀ աշխատակիցները: Այսպիսով` նախագծի վրա աշխատում է շուրջ 200 մարդ»,- ասաց Մխեյանը:

Նրա հավաստմամբ` իրենք մշակել են տոմսերի ճկուն և հատուկ գնային քաղաքականություն բոլոր սոցիալական խմբերի համար, նաև վստահեցնում են, որ դահլիճում բոլոր տեղերն էլ, դիտելու և լսելու տեսակետից, լինելու են հարմարավետ, քանի որ ապահովվելու է կատարյալ հնչողություն, բեմը ունենալու է բարձրության տարբեր մակարդակներ և պտտվելու է: Պարտերը ևս ունենալու է բարձրության տարբեր մակարդակներ:

Ռամազոտին ժամանելու է անձնական ինքնաթիռով` իր հետ բերելով նաև իր անձնական խոհարարին: «Այդ օրը համալիրի ճեմասրահում արդեն իսկ անակնկալ է ձեզ սպասվում` դուք կհայտնվեք հեքիաթային Իտալիայում, որտեղ ձեզ են սպասում բազմաթիվ անակնկալներ, և կդառնաք շոուի անմիջական մասնակից»,- ասաց Մխեյանը: