կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-20 16:26
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումների անցնելու դեպքում իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը

Սահմանադրական բարեփոխումների անցնելու դեպքում իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը

Գործող Սահմանադրությունը թերի է, լիարժեք լուծումներ չի տվել մի շարք հարցերի. կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպելով աշտարակցիների հետ:

Ըստ նրա` գործող Սահմանադրությունը պարունակում է բազմաթիվ խութեր, որոնք ցանկացած ժամանակաշրջանի իշխանություն միշտ փորձել է ծառայեցնել ոչ թե հասարակության, պետության, այլ այն խմբի շահերին, որն իրեն բերել է իշխանություն: Ուստի, ըստ Մինասյանի, կարևոր է, որ մենք կարողանանք այնպիսի փոփոխություններ անել, որ ի սկզբանե մարդուն չտա այդ հնարավորությունը, այլ հակառակը` նրա առջև դնի այնպիսի արգելքներ, որ այդ մարդու գործողությունը ծառայի հասարակությանը, ժողովրդին:

«Այդ տեսակետից Սահմանադրության հիմնական ու առաջին պաշտպանվող արժեքը պետք է լինի մարդը, քաղաքացին: Ի վերջո, ժողովուրդը ստեղծում է պետությունը, որպեսզի այն կարողանա իր յուրաքանչյուր անդամի և ժողովրդի շահերը ներկայացնել ու պաշտպանել, և եթե այդպիսի պետություն չէ քո պետությունը, այն միշտ խնդիրներ է ստեղծում հասարակության տարբեր հատվածների համար: Ահա, թե ինչու շատ կարևոր է, որ առաջին արժեքային համակարգը լինի մարդը` իր արժանապատվությամբ, իր գոյության իրավունքով, իր բնական իրավունքների լիարժեք իրականացման մեխանիզմներով»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա` ինչ ունենք այսօր`  Սահմանադրություն 1995-ի և 2005-ի փոփոխությունները, որտեղ հռչակվում են մարդու իրավունքները, բայց այդ իրավունքների իրականացման պետական եղանակը, ըստ Մինասյանի, չկա կամ թերի է: «Արդյունքում` մենք ունենք քաղաքացու աշխատանքային իրավունքի, սոցիալական, քաղաքական իրավունքի ոտնահարումներ: Բոլորս դժգոհում ենք ընտրություններից, արդար դատական համակարգի բացակայությունից, որովհետև պետական այն եղանակը, որ մարդու հռչակված իրավունքները պետք է կյանքի կոչեր, չկա, թերի է: Այդ համակարգը կառուցված է իշխանության մեջ գտնվող մարդու շահերի սպասարկման համար»,- ասաց նա:

1995-ի Սահմանադրության մեջ, ըստ Մինասյանի, տեսնում ենք, որ կա մեկ անձ` երկրի նախագահը` որպես ինստիտուտ, որը ղեկավարում է բոլորին. դատական իշխանությունը նա կազմավորում և լուծարում, գործադիր իշխանությունը` նույնպես: 2005-ի սահմանադրական փոփոխություններով փորձ արվեց մի քիչ թուլացնել նախագահի դերը և դերակատարություն վերապահել պառլամենտին: «Սակայն 2008-ին, երբ ամբողջությամբ գործողության մեջ մտավ Սահմանադրությունը` իր փոփոխություններով, տեսանք, որ այդ փոփոխությունները թերի են, լիարժեք չեն իրացվել, և արդյունքում` եթե մի քաղաքական ուժ տիրապետում է թե՛ ԱԺ-ում մեծամասնությանը, թե՛ ինքն է ձևավորում կառավարություն, թե՛ նախագահն այդ ուժի ներկայացուցիչն է, վերածվում է գերնախագահական համակարգի: Այստեղ անձերի խնդիր չէ, որովհետև ով էլ լինի, այդպես կլինի, համակարգը ստիպում է, քանի որ այսօրվա Սահմանադրությամբ ժողովուրդն ու հասարակությունը պետք է ծառայեն մեկ ուժի: Ուրեմն անհրաժեշտ է կտրել այս թելը, որպեսզի ի սկզբանե ձևավորվող ցանկացած իշխանություն առաջնորդվի քաղաքացու իրավունքների ապահովմամբ, ունենա անհրաժեշտ հակակշիռը, որպեսզի երբ իշխանությունից հեռանալու իրավիճակ ստեղծվի, ցավագին չընդունի դա, կյանքի ու մահվան պատերազմ չմղի»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա` անհրաժեշտ է, որպեսզի փոփոխությունների հիմքում դրված լինի իշխանափոխության իրական հնարավորությունը: Այսօրվա վիճակում, երբ ցանկացած նախագահ հեռանում է, պայքարը վերածվում է կյանքի ու մահվան կռվի, հասարակության մեջ թշնամանքի սերմանման, որովհետև իշխանություն կորցնելը նշանակել է կորցնել ամեն ինչ, իսկ իշխանություն ունենալը` ունենալ ամեն ինչ: «Հետևաբար, սահմանադրական փոփոխությունները պետք են այս սխալ մոտեցումը վերացնելու համար, որ հաղթողը չպետք է ամեն ինչ որոշի, իսկ պարտվողն ամեն ինչ կորցնի, այլ հարկավոր է, որպեսզի հաղթողն իմանա, որ իր ծրագրերը պետք է իրականացնի, իսկ պարտվողն էլ իմանա, որ ցանկացած ժամանակ կարող է հսկել նրան և հաջորդ ընտրություններին հնարավորություն ունենալ գալու իշխանության: Նման դեպքում պարտվողն է դառնում իշխանությանը վերահսկողը: Այս պարզ մեխանիզմը, որը կոչվում է հակակշիռների և զսպումների մեխանիզմ, անհրաժեշտ է ոչ միայն պետական իշխանության երեք ճյուղերի միջև, այլ նաև քաղաքական համակարգում»,- ասաց պատգամավորը:

Սահմանադրական բարեփոխումների երկրորդ կարևոր մեխը, ըստ Մինասյանի,  այն է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների իրականացման պետական եղանակը միշտ գտնվի անհրաժեշտ բալանսի մեջ, որպեսզի յուրաքանչյուր պետական մարմին չսանձազերծվի, մյուս կողմից` յուրաքանչյուր ընդդիմություն լինի պատասխանատու: Մինասյանի կարծիքով` անհրաժեշտ է, որպեսզի հիմնավորապես վերանայվի երկրի կառավարման համակարգը:

«Կառավարում, որը ենթադրում է պառլամենտի անխափան գործունեություն և քաղաքական ուժերի հստակ վերաբաշխում: Հաճախ է խոսվում այն մասին, որ, պառլամենտին տալով այս հնարավորությունը, իրականում այն դառնում է վերարտադրվող իշխանություն, այսինքն` ըստ «Ոչ»-ի ճակատի` սա իշխանության վերարտադրման ձև է: Բայց չէ՞ որ այս կերպ վերանում է մեծամասնական ընտրակարգը: Այսուհետ համամասնական ընտրություն է լինելու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի և այդ ուժի կազմում ընդգրկված անձանց տրված վստահության քվեն չի կարող տարբերվել մյուսին տված վստահության քվեից, ի տարբերություն այսօրվա, երբ 41 մեծամասնականով 34 տեղերը մի քաղաքական ուժի ներկայացուցիչներ են վերցրել»,- ասաց պատգամավորը` հավելելով` որպեսզի այս արհեստական ջրբաժանը վերանա, անհրաժեշտ է, որ բոլորին, որպես քաղաքական ուժերի, տեսնի ժողովուրդը և իր վստահության քվեով ձևավորի պառլամենտը: