Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայի նիստում, երբ քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսներ նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա նախ նշեց, որ բյուջեի եկամուտները նվազել են 8 միլիարդ դրամով, մինչդեռ` կառավարության ծառայողական մեքենաների թիվը ավելանում է 2016թ. բյուջեով: Մասնավորապես` նախորդ տարվա համեմատ, ծառայողական մեքենաների թիվն ավելանում է 83-ով, ընդհանուր առմամբ, 1072 ծառայողական մեքենա կլինի: Մինչդեռ, ըստ Փաշինյանի, Դանիայում 23 ծառայողական մեքենա է նախատեսված կառավարության անդամների համար, իսկ նրա բյուջեն կազմում է 335 միլիարդ դոլար: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին ֆինանսների նախարարը, ով հայտարարում է, որ պետք է խնայողություններ անել, բայց պետական ապարատը շարունակում է ճոխ ծախսեր իրականացնել:
«Սրան հակառակ` կրճատվում են կես դրույքով աշխատող գիտաշխատողների հավելավճարները: Մյուս հարցս վերաբերում է արտաքին պարտքին: 2014թ. ՎՊ-ն գնահատել է, որ 2020-ին արտաքին սպասարկման համար անհրաժեշտ է լինելու մեկ միլիարդ 50 միլիոն դոլար: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը արտաքին պարտքին»,- հարցրեց Փաշինյանը:
Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք համեմատվում ենք Դանիայի հետ, ուրեմն պետք է համեմատվենք բոլոր պարամետրերով. այնտեղ ուրիշ տրանսպորտային միջոցներ են, այնտեղ պետական պաշտոնյաները ուրիշ իրողության մեջ են»: Նախարարը համաձայնեց, որ պետք է դիմել խնայողությունների, և որքան քիչ լինեն պետական ապարատի ու պաշտոնյաների վրա ծախսերը, այնքան դրական ցուցաիշներ կլինեն:
Ինչ վերաբերում է արտաքին պարտքի սպասարկմանը, նախարարը նշեց. «Ես չգիտեմ` ՎՊ-ն ինչ գնահատականներ է տվել, որ ես էլ կարողանամ ներկայացնել»:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Դանիայի հետ համեմատմանը` ասելով, որ արդեն համեմատություններ արեց, թե որ երկիրն ինչ բյուջե ունի ու որքան ծառայողական մեքենա է նախատեսում: «Գուցե պետք է ավելացնե՞լ մեքենաների թիվը, որ ամեն պաշտոնյա չորս մեքենա ունենա»,- հարցրեց նա:
Նախարարը նշեց, որ համաձայն է պատգամավորի հետ` խնայողություններ անելու մասով, և որ ուսումնասիրելու են` տեսնեն` եթե ավելորդ ծառայողական մեքնենա կա, կօտարեն: