կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 16:53
Քաղաքական

Ոչ, Ղարաբաղը չենք հանձնելու. Գալուստ Սահակյանը վստահեցնում է

Ոչ, Ղարաբաղը չենք հանձնելու. Գալուստ Սահակյանը վստահեցնում է

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ կարգավորման հարցին և օրերս մամուլում շրջանառվող այն վարկածին, թե ԼՂ հարցի շուրջ կուլիսային բանակցություններ են ընթանում` քննարկվում է ազատագրված որոշ տարածքներ զիջելու հարցը:

Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ ինքը այսօրվա դրությամբ դեռ չի տեսնում ԼՂ կարգավորումն այն պատճառով, որ ադրբեջանական կողմն անընդհատ ձախողում է բանակցային պրոցեսը` հոխորտալով, փորձելով ցույց տալ, որ ինքը պատերազմի հրաձիգ կարող է լինել, ինչը, ըստ Գալուստ Սահակյանի,  իրատեսական չէ:

«Մենք խաղաղ բանակցությունների կողմնակից ենք, առավել ևս` նման խնդիրները պետք է լուծվեն Ղարաբաղի ժողովրդի կամքով: Սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք ամբողջովին պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե ինչո՞ւ ռուսական լրատվամիջոցները սկսեցին շրջանառել տարածքային զիջումների հարցը հենց Լավրովի Հայաստան կատարած այցից հետո, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Որովհետև մեզ մոտ «ոչ»-ի և «այո»-ի ճակատներ կան` 180 աստիճանով իրարից բաժանված, և, փաստորեն, թիրախային են դարձնում ցանկացած բան, որ իբր այս իշխանությունները լուծումներ չեն գտնում: Բայց մասնավորապես այս իշխանությունները հենց Ղարաբաղի համար են, Ղարաբաղի խնդիրները լուծելու համար են: Մեր պայքարը քաղաքական թատերաբեմում, ընտրություններում մեկ հարց է լուծում՝ մենք զգույշ ենք, ամեն ինչ պիտի անենք, որ պատահական իշխանափոխություն չլինի: Որովհետև տալ Ղարաբաղը` նշանակում է Հայաստանը դարձնել պրովինցիալ երկիր: Բագրատյանը հայտարարեց, թե սահմանադրական փոփոխություններն արվում են, որ Ղարաբաղը հանձնեն: Բայց երկար ճանապարհ չունեցավ այս հայտարարությունը: Ցանկացած գործիք օգտագործում են, որ իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրություն ստեղծեն: Ո\'չ, Ղարաբաղը չենք հանձնելու»:

 Հարցին, թե հնարավո՞ր է ԼՂ փակուղային վիճակից դուրս գալու համար ՄԽ կազմը ընդլայնվի, ասենք` Գերմանիայով, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա պարզապես հնարավոր չէ, որովհետև կազմի ընդլայնումը պետք է համաձայնեցված լինի: Մենք խաղաղ բանակցությունները  տեսնում ենք այս հարթակում: Դա ոչ թե նրանից է, որ չենք ցանկանում կռվել, այլ նրանից է, որ ավելի շատ ժողովրդավարական հատկանիշներով երկիր ենք ու փորձում ենք լուծումներ գտնել խաղաղ ճանապարհով: Ինչպիսին էլ լինեն պատերազմի հետևանքները, բնականաբար, դիվանագիտական աշխատանք պետք է սկսվի: Մեր դեմքն այս առումով ավելի պարզ է միջազգային հանրության շրջանում, իսկ Ադրբեջանը չունի այն պոտենցիալը, որ պատերազմ սկսի: Ուղղակի իր շահերից ելնելով` փորձում է անհանգստություն պատճառել, իրեն փորձում են դասել աշխարհի հզորների շարքը»:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները դրսևորում են բավարար քաղաքական կամք ԼՂ հարցում, որովհետև  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը օրերս հայտարարեց, թե երկու պետությունները քաղաքական կամք չեն դրսևորում, և  հարցը չի լուծվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք այդ մասին էլ խոսում ենք, որ իրավիճակն ավելի չլարվի, մանավանդ` միջնորդները ոչ թե խնդիրն են լուծում, այլ հարթակ են ստեղծում, որ խնդիրը լուծվի, իբրև թե հավասարակշռություն են պահպանում, բայց ամբողջ աշխարհ էլ գիտի, որ նախահարձակը Ադրբեջանն է: Եթե հիշում եք նախագահը հայտարարեց, որ մենք կձեռնարկենք պատժիչ գործողություններ, ինչն այսօր արդեն անում ենք»: