կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 18:11
Առանց Կատեգորիա

Գերմանիան կդառնա՞ Մինսկի խմբի չորրորդ համանախագահը

Գերմանիան կդառնա՞ Մինսկի խմբի չորրորդ համանախագահը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Բեռլինում հանդիպել են Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Այդ մասին տեղեկացրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հանդիպումը կայացել է հունվարի 1-ից ԵԱՀԿ-ի նախագահությունը մեկ տարով Գերմանիային ստանձնելու շրջանակներում և ունեցել Բեռլինին բանակցային գործընթացի նրբություններին ծանոթացնելու նպատակ: Նման հանդիպումներ ՄԽ համանախագահներն անցկացրել են բոլոր այն երկրների հետ, որոնք հաջորդաբար ստանձնել են ԵԱՀԿ-ի նախագահությունը: Գերմանիայի պարագան, սակայն, մի փոքր այլ է:

Սկսած 2014թ. վերջերից՝ Բեռինը փորձում է հետևողականորեն մեծացնել ներգրավվածությունը ԼՂ բանակցային գործընթացում: Շտայնմայերի հետ համանախագահները հանդիպել էին դեռևս 2014թ. դեկտեմբերին, որից հետո համանախագահ Ուորլիքը հայտարարեց, թե գործընթացն առաջ մղելու առումով իրենք կարևորում են Գերմանիայի՝ որպես ՄԽ երկրի, մասնակցությունը խորհրդակցություններին: Կարգավորման գործընթացում իր դերը մեծացնելու մասին այս տարվա հունվարին հայտնեց նաև անձամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ադրբեջանի նախագահի հետ Բեռլինում կայացած հանդիպումից հետո նա նշեց. «Գերմանիան ցանկանում է օգտակար լինել այդ հակամարտության լուծման հարցում: Մենք խոսեցինք նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ` Ադրբեջանը Եվրոպական հանձնաժողովի հետ կքննարկի այս հարցը»:

Մերկելի այս դիտարկումը Բաքվին հույս էր ներշնչել, թե Բեռլինը ցանկանում է բանակցություններում անմիջականորեն ներգրավվել որպես համանախագահող չորրորդ երկիր կամ փոխարինել Ֆրանսիային: Դա տեղավորվում է ՄԽ եռանախագահության ձևաչափը փոխելու, այդ ձևաչափում հաստատված հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի թեքելու՝ Բաքվի պլաններում: Գերմանիան այս տեսակետից Բաքվի համար նախընտրելի է համարվում երկու պատճառով: Նախ` այդ երկրում ավանդաբար ուժեղ է թուրքական տարրը, հետևաբար՝ նաև լոբբին, ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ, ադրբեջանական տրամաբանությամբ, հայկական համայնքն է ի զորու ազդել պաշտոնական Ֆրանսիայի դիրքորոշումների վրա: Իհարկե, սա պրիմիտիվ մոտեցում է: Ի վերջո, այդ դեպքում ԼՂ հարցը վաղուց պետք է պրոհայկական լուծում ստացած լիներ, քանի որ հայկական տարրը ուժեղ է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրներում` ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Բայց ամենակարևոր պատճառն այն է, որ Գերմանիան շատ ավելի միանշանակ դիրքորոշում ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու առումով: 2014թ. դեկտեմբերին ՄԽ համանախագահողների հետ Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ հանդիպումից հետո այդ երկրի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նաև ասվում էր. «Մինսկի խումբը 1992թ.-ից ղեկավարում է քաղաքական ճանապարհով կոնֆլիկտի կարգավորման պրոցեսը Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ, որը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է Ադրբեջանին, բայց օկուպացված է Հայաստանի կողմից»: Ահա այսպիսի դիրքորոշումն է Ադրբեջանին դրդում Գերմանիային հնարավորինս շուտ ներքաշել բանակցային գործընթացի մեջ:

Մինչդեռ, բացի այն բանից, որ Հայաստանն էր դրան դեմ, նաև ինքը` Բեռլինը, այդ ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկեց: Ավելին՝ այս տարվա հունիսին Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարեց, թե իր երկիրը ՄԽ համանախագահ դառնալու մտադրություն չունի:

Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում արտգործնախարար Շտայնմայերն արդեն երկրորդ անգամ է իր մոտ հրավիրում ՄԽ համանախագահներին, ընդ որում՝ երկրորդը` իր կողմից ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելուց գրեթե երկու ամիս առաջ, ցույց  է տալիս, որ, չնայած ուղղակի միջնորդ լինելուց հրաժարվելու դիրքորոշմանը, Բեռլինը, այնուամենայնիվ, փորձում է ակտիվանալ և ԵԱՀԿ-ում նախագահության առաջիկա մեկ տարին կօգտագործի ԼՂ բանակցություններում փաստացի, ոչ ֆորմալ չորրորդ դերակատարի գործառույթները ստանձնելու ուղղությամբ: Բայց դա կարվի ոչ թե առանձին վերցրած Գերմանիայի, այլ ԵՄ-ի ներգրավվածությունը մեծացնելու նպատակով, այն էլ՝ միայն բանակցությունների ինտենսիվացման նոր հարթակներ ստեղծելու միջոցով: Այս հարցում, Գերմանիան, ի դեմս կանցլեր Մերկելի, շատ ավելի նախաձեռնող և ազդեցիկ է, քան Ֆրանսիան: Եվ  ՄԽ ձևաչափում անուղղակիորեն միանալով Ֆրանսիային` Գերմանիան կարող է միջնորդական նախաձեռնողականության «նժարը»> Ռուսաստանից և ԱՄՆ-ից թեքել դեպի ԵՄ:

Սա չի նշանակում, որ Ադրբեջանը հասնում է իր ուզածին: Խնդիրն այն է, որ թեև 2010թ. Եվրախորհրդարանն ընդունել է ԼՂ հիմնահարցի մասին պրոադրբեջանական թիվ 1622 բանաձևը, որում Հայաստանին տարածքներ հանձնելու պահանջ էր ներկայացվում, ԵՄ-ն հետագայում զգալիորեն վերանայել է իր քաղաքականությունն այս հարցում և ավելի հավաարակշռել իր դիրքորոշումները: 2011թ.՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից հետո, Եվրախորհրդարանն ընդունեց հատուկ բանաձև, որով Եվրահանձնաժողովի առջև խնդիր էր դնում կոնտակտներ հաստատել չճանաչված ԼՂ-ի հանրության, կարելի է հասկանալ` իշխանությունների հետ: Եվ պատահական չէր, որ նոյեմբերի 3-ին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է ԼՂ լուծման հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը պահպանելու խիստ անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան,  Զալբերը նշել է, թե ԵՄ-ն «հանձնառու է շարունակել տարածաշրջանում իր հավասարակշռված քաղաքականությունը»:

Այս ֆոնին մտածել, թե Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության իր մեկամյա շրջանում կդիմի կտրուկ շրջադարձերի, թերևս, լուրջ չէ:

Գևորգ Դարբինյան