Ավրորա Մարդիգանյանի պատմությունը
1901 թ., Խարբերդ
Ավրորա Մարդիգանյանի պատմությունը
1901 թ., Խարբերդ
ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է հատվածներ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմություն»(Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres) գրքից: Մեծ եղեռնը վերապրած Ավրորան (Արշալույս) նաև նկարահանվել է գրքի հիման վրա էկրանավորված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։ Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։
«Երբ մոտեցանք Ուրֆային, մեզ միացավ բռնագաղթյալների մի նոր քարավան, որտեղ մոտավորապես հինգ հազար հայ կար: Նրանք տեղահանվել էին Մարաշի «սանջակից»:
Մեզ հրամայված էր ճամբարել մի արհեստական լճի մոտակայքում. նման լճեր հաճախ էին հանդիպում մուսուլմանական քաղաքներից դուրս: Զաբթիեների ղեկավարները գնացին քաղաք՝ նոր հրահանգներ ստանալու: Շուտով, երկար սպիտակ բաճկոններ հագած թուրքեր եկան մեզ տեսնել-տնտղելու նպատակով:Երբ նրանք նկատեցին, որ մեր ամբողջ խմբում միայն երիտասարդ կանայք են՝ իրենց մանկահասակ աղջիկ երեխաներով, այդ մասին լուրեր տարծվեցին Ուրֆաով մեկ, և քիչ հետո փոքր խմբերով տասնյակ թուրքեր եկան մեր գաղթակայան:
Նրանք ջանում էին համոզել զաբթիեներին, որպեսզի թույլ տան իրենց համար կին, երեխա ջոկել ու տանել: Զաբթիեները չէին համաձայնվում, եթե նրանց դիմաց թուրքերը չվճարեին այն բարձր գինը, որ տրվում էր քրիստոնյա կանանց: Նրանք թուրքերին հասկացրին, որ մեզ այսքան երկար ճանապարհի բերել հասցրել են, որպեսզի շահ ունենան, որ իրենք մեզ թույլ են տվել ապրել միայն այն պարզ պատճառով, որ ցանկացել են Ուրֆայի շուկայում «լավ գնով» վաճառել:
…Մենք սպասում էին քաղաքից դուրս, մինչև զաբթիեները կտեղավորեին մեզ ըստ իրենց ծրագրի: Այդ րոպեին ես տեսա քաղաքի դարպասներից դեպի մեզ շարժվող մի խումբ ձիավոր համիդիեների: Երբ զորագունդը մոտեցավ, և մեր միջև տարածությունը հազիվ 100 յարդ լիներ, ես նկատեցի, որ մի խումբ կանայք ու երեխաներ էշ, ջորի նստած գալիս են զորագնդի երկու շարքերի միջով: Ես անմիջապես հասկացա, որ նրանք հայեր են: …ինչ-որ բան ինձ ստիպեց ուշադիր հետևել այս տարօրինակ խմբին: Առաջին շարքերն անցան: Հայ կանայք ավելի մոտեցան: Հանկարծ կարծես աշխարհը փուլ եկավ գլխիս, աչքերս շաղվեցին: Ես վազեցի ձիերի արանքով՝ ճչալով, ինչքան ձայն ունեի.
-Մայրիկ, մայրիկ, մայրիկ…
Մայրս լսեց, փոքրիկ Հովնանը լսեց, Մարտիրոսն ուՍառան նույնպես լսեցին: Մայրս ավանակից սահեց ցած, երբ ես վազեցի դեպի նա: Երբ փորձեցի իմ թևերի մեջ առնել մորս, փարվել նրա կրծքին, իմ փոքրիկ քույրերն ու եղբայրները կառչեցին փեշերիցս: Մայրս բռնեց ձեռքերս և դրեց իր թևերի տակ:Նրա աչքերը փակ էին, նա դեռ հանգիստ էր ու լուռ: Ես ձայն տվեցի, որպեսզի խոսի ինձ հետ, մի բան ասի: Մի ահավոր վախ ինձ պատեց: Խենթացել էր արդյոք մայրս, կորցրել էր խոսելու ունակությունը…
Ես ճչացի այս անգամ տառապալից ձայնով: Մայրս բացեց աչքերը:
-Համբերիր, աղջիկս,-ասաց նա մի թանկագին, քաղցր մեղմությամբ,-հենց հիմա խոսում էի Աստծո հետ: Շնորհակալ եմ որ իմ աղոթքները տեղ հասան:
Ես համբուրեցի Հովնանին, Մարտիրոսին ու Սառային, հետո դարձա և նորից նայեցի մորս դեմքին. Փոքրիկ Արյուսակը նրանց հետ չէր: Մայրս հասկացավ իմ հայացքի իմաստը:
-Արյուսակն այլևս չկա… Մի օր նա հոգնեց ու չկարողացավ մեզ հետ քայլել: Ասկյարը նրան նետեց անդունդը:
…Տասը հազար քնքուշ, նրբագեղ հայ աղջիկներ՝ քրիստոնյա հարգարժան ընտանիքների դուստրեր՝ ուսանողուհիներ, երիտասարդ ուսուցչուհիներ, նույն սարսափն էին ապրել, ինչ ես ապերիցի այն պահին, երբ հասկացա, որ գերի եմ ընել այդ ահավոր ստրակվաճառի ձեռքը:
Բեքրանը մեզ սպասում էր սելամլըքում: Ես ցնցվեցի երբ տեսա նրան:Նա մի քայքայված, չորացած ծերունի էր՝ դժնի հայացքով: Մի սևամորթ կին էր սպասրկում նրան:
Երկրորդ օրը սենյակ մտավ մի հաճախորդ, ում նկատմամբ Բեքրան աղան խոր հարգանք էր ցուցաբերում: Հագուկապից երևում է հարուստ մարդու ծառա է: Մնացած աղջիկներից նա ջոկեց երեքին. ես դրանց մեջ էի: Մինչ մենք, նրա կողքին կանգնած էինք, նա սակարկում էր Բեքրանի հետ: Վերջապես համաձայնության եկան: Ինձ վաճառեց մեկ մեջիթիեով՝ 85 ցենտով:
Դրսում մի կառք էր սպասում: Ինձ ու երկու աղջիկների տեղավորեցին այդ կառքում ու տարան քաղաքից դուրս՝ գյուղական մի տուն, որն զբաղեցնում էր Վանի նահանգապետ Ջևդեթ բեյը:
Մեզ անմիջապես տարան կանանոց, որտեղ բազմաթիվ երիտասարդ հայուհիներ կային: Մայրամուտից առաջ եկավ գլխավոր սպասովորը և մեզ մեկիկ-մեկիկ հարցրեց, թէ արդյոք պատրաստ ենք մեր կրոնը ուրանալու և մուսուլման դառնալու: Գլխավոր սպասավորը բացատրեց, թե մեզանից միայն նրանք կարող են մնալ ամենազոր մարդու՝ Ջևդեթ բեյի խնամքի և հոգածութեան ներքո և վայելել նրա հովանավորությունը, ովքեր ինքնակամ իսլամ կընդունեն:
Ջևդեթ բեյը բոլոր թուրքերից ամենաանմարդկայինն էր, մի հրեշ, որն իր կիրառած դաժան միջոցների մեջ խտրություն չէր դնում:
Ես չգիտեի, թե գլխավոր սպասավորն ինչ կաներ ինձ հետ, եթե ես հրաժարվեի իսլամից: Ես վախենում էի որ պատիժը կլիներ մահը կամ անմիջապես հասարակաց տուն ուղարկվելը: Բայց չէի կարող ուրանալ իմ Քրիստոսին՝ նրան այնքան հավատարիմ մնալուց հետո:
Աղջիկներից մեկը, ում ինձ հետ բերել էին Ջևդեթ բեյի մոտ, նույնպես հրաժարվեց իր հավատքն ուրանալուց, թեև կարող էր այդպիսով իր կյանքը փրկել: Երրորդ աղջիկը շատ էր տառապել ու տանջվել. այլևս չկարողացավ դիմադրել, համաձայնեց:
Քիչ հետո մեզ՝ հավատափոխ չեղածներիս, դուրս կանչեցին, տեղավորեցին տարբեր սայլերի մեջ և տարան… Ինձ տարան Ահմեդ բեյի՝ Մուշ քաղաքի հարուստ թուրքերից մեկի տուն՝ որպես նվեր Ջևդեթ բեյից: Ես երբեք չեմ մոռանա ինձ տիրած այն հոգեկան տագնապը, երբ մտա Ահմեդ բեյի տան բակը: Բռնագաղթը սկսվելուց հետո երկու անգամ ինձ հափշտակել էին և որպես գերի տարել թուրքերի տները ու թողել տանտիրոջ ողորմածությանը: Սակայն այդ պահին ես զգացի որ իմ ապագան ավելի մռայլ է լինելու քան երբևէ:
Ահմեդ բեյը ինքը շատ ծեր էր, սակայն աղջիկներից ոմանք արդեն նրա ցանկությունների զոհն էին դարձել: Մյուսներին Ահմեդը բաժին էր հանել իր երկու որդիներին: Ահմեդ բեյը պատկանում էր մոլեռանդ թուրքի այն տեսակին, որին ես դեռ չէի հանդիպել:
Նրան հետաքրքրում էին ոչ այնքան երիտասարդ կանայք, որքան այն երեխաները, որ պիտի ծնվեին իր որդիներից, երեխաներ որոնց բարբարոս արյունը պիտի խառնվեր հայկական ազնիվ արյանը՝ բարելավելով և ամրացնելով իր ցեղը:
Հաջորդ օրը Ահմեդ ինձ հրամայեց իր մոտ տանել:
-Սա այն աղջիկն է, Նազիմ, -ասաց Ահմեդը,-ում անձամբ Ջևդեթ բեյն է ինձ ուղարկել: Ես նրան քեզ համար եմ ընտրել, որդիս… Տես ինչ սիրուն է ու դեռատի: Բայց նրա հոգին պետք է կոտրել:
Նա նույնպիսի քնքշութեամբ, ինչպես հայրը, սկսեց խոսել ինձ հետ. դա ինձ ցավ էր պատճառում: Նազիմը համոզում էր ինձ իսլամ ընդունել, որպեսզի հետո դառնամ իր «հարսնացուն»: Ապա ավելացրեց, որ իմ տառապանքները անտանելի կդառնան, եթե հրաժարվեմ, իսկ համաձայնելու դեպքում կապրեմ շքեղության մեջ:
…Ժամեր անցան ես կծկված բազմոցին սպսում էի: Դրսից լսվող ամեն ոտնաձայնից սարսափում էի, մտածում էի ահա գալիս են իմ հետևից, ինչ չարչարանքներ են ինձ սպասում… Վերջապես մի զինվոր հայտնեվեց, որ Ահմեդ բեյի անձնական ծառան էր, մոտեցավ ինձ, քարշ տվեց իր հետևից դեպի փողոցի դարպասը: Պարտեզի պատից այն կողմ երևացող զաբթիեների խմբի մեջ տեսա մայրիկիս, փոքրիկ Հովնանին, Մարտիրոսին և Սառային՝ եղբայրներիս ու քույրերիս: Նրանց հետ էին նաև մորս խմբի մյուս գաղթականները: Ես Նազիմին հայտնել էի մայրիկիս գտնվելու վայրը և խնդրել էի ինձ մոտ բերել նրանց:
Ես փորձեցի պոկվել և նետվել դեպի իմ հարազատները: Կողքիս կանգնած զաբթիեն բռնեց ինձ: Մայրս ծնկի էր եկել՝ ձեռքերը երկինք կարկառած: Սառան ձեռքերը պարզած վազեց դեպի ինձ:
-Արշալույս, Արշալույս… մի թող, որ նրանք մեզ սպանեն,-հեծկլտում էր Սառան:
Զաբթիեն իր մտրակի ծանր բռնակը բարձրացրեց և թափով իջեցրեց Սառայի գլխին: Հարվածն այնքան ուժեղ էր, որ Սառայի փոքրիկ մարմինը թավագլոր ընկավ ճանապարհից դուրս: Նա այլևս չշարժվեց: Հարվածը ջարդել էր քույրիկիս գլուխը:
Մայրս այդ տեսավ, տեսան Մարտիրոսն ու Հովնանը: Մայրս փուլ եկավ գետնինև մնաց այդպես անշարժ: Զաբթիեներից մեկը բարձրացրերց մորս և մտրակով հարվածեց: Ես զաբթիեների , ղեկավարի ոտքերն ընկա աղաչեցի.
-Խնայեք մորս խնայեք եղբայրներիս,-բղավում էի,-ես կանեմ այն ինչ կցանկանանք, ես կնվիրվեմ Ալլահին, միայն նրա ողորմածությունը կհայցեմ, միայն թե հարազատներիս կյանքը խնայեք:
-Այնպես կլինի, ինչպես ցանկանում է Նազիմ բեյը,-ասաց զաբթիեն:
Ես ոչինչ չէի հասկանում: Ես միայն կառչել էի զաբթիեից և աղաչում պաղատում էի նրան բարեգութ լինել: Ես փորձեցի մոտենալ մորս, բայց զաբթիեն քացով խփեց ինձ ու գետին շպրտեց: Հետո հանկարծ ես հասկացա, թե նրանք ինչու դադրեցրին իրենց վայրագությունը. Նազիմ բեյը դուրս է եկել տնից: Երբ ես տեսա նրան, ծնկի եկա նրա ոտքերի առջև, աղաչեցի գթալ հարազատներիս.
-Ես թուրք կդառնամ, ես Ալլահին կաղոթեմ, ես հնազանդ կլինեմ, միայն խնայեք մորս,-թախանձում էի ես:
-Շատ լավ, բայց դու ոչ միայն մուսուլման պիտի դառնաս, այլև մուսուլմանի դուստր: Այդպես էլ ավելի լավ կլինի: Հը, ինչ կասի պառավը…
Զաբթիեներից մեկը նորից ցնցեց մորս և ոտքի կանգնեցրերց, ապա, բարձրացնելուց մտրակը, գոռաց.
-Կրկնիր իսլամի երդումը՝ շահադան, արագ…
-Մայրիկ, աղաչում եմ, Աստված կների քեզ, հայրիկն էլ՝ երկնքում, նա կհասկանա քեզ,-համոզում էի ես:
Մայրս շատ թույլ էր, խոսելու ուժ չուներ, մայն նրա շրթունքները մրմնջացին. «Սուրբ Գրիգորի Աստված, թող քո կամքը լինի…»:
Զաբթիեն ծանր մտրակն ուժգին իջավ, և մայրս փռվեց գետնին: Ես փորձում էի մոտենալ նրան, բայց զաբթիեները չթողեցին: Ես պայքարում էի, սակայն նրանք շատ ամուր էին բռնել ինձ: Կրկին ու կրկին մտրակի հարվածներ էին տեղում մորս գլխին: Մարտիրոսը ճչաց և փորձեց պաշտպանել մայրիկին իր թույլ ու փոքրիկ ձեռքերով: Երկրորդ զաբթիեն ճանկեց եղբորս և մտրակի բռնակի մի հարվածով սպանեց նրան: Երբ Մարտիրոսին շպրտեցին մի կողմ, նրա անշնչացած մարմինը ընկավ համարյա իմ ոտքերի առջև: Հովնանը փաթաթվել-կախվել էր մորս հարվածող զաբթիեից, բայց նա այնքան թեթև էր, որ զաբթիեն նույնիսկ չէր զգում նրան: Տեղում էին մտրակի հարվածները, մինչև մորս խոշտանգված մարմինը փռվեց գետնին: Ես հասկացա, որ մայրս այլևս չկա… Հետո զաբթիեն քաշեց դանակը և խրեց փոքրիկ Հովնանի կուրծքը:
Հավիտենություն թվացող երկու կամ երեք րոպե անցավ: Բայց այդ մի քանի րոպեների ընթացքում աշխարհը դատարկվեց ինձ համար: Ես մնացի բոլորովին մենակ. չկար մայրս, չկար քույրս՝ Սառան, չկային Մարտիրոսն ու Հովնանը: Նրանց մարմինները ընկած էին իմ ոտքերի առջև: Մայրս ու Հովնանը մահացան՝ դեմքերը դեպի ինձ, ուղիղ աչքերիս մեջ նայելով:
…Ես պահել եմ նրանց հայացքը իմ աչքերի մեջ: Ես տեսնում էի նրանց ամեն օր, ամեն գիշեր, նույնիսկ ամեն ժամ, նույնիսկ հիմա, երբ նայում եմ այս նոր աշխարհին: Ես ժամերով փակում եմ աչքերս, որպեսզի մի պահ այդ տեսարանը հանգիստ թողնի ինձ… »
Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը/Ա. Մարդիգանյան.-Երևան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2015, էջ 167-187: