Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ավրորա» դրամաշնորհով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերահրատարակի Ավրորա Մարդիգանյանի գիրքը՝ համալրված ծանոթագրություններով
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կյանքի կոչել իր նոր նախագիծը եւ առաջին անգամ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը վերահրատարակել ծանոթագրություններով: Հայերեն եւ անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարեւորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը. այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարիներ շարունակ սերտորեն համագործակցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ եւ ուրախ է աջակցել հատկապես այս նախագծին, քանի որ մեր նախաձեռնությունը ոգեշնչվել է Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ եւ կրում է նրա անունը: Դեռ երեխա ժամանակ նա անցել է Հայոց ցեղասպանության սարսափների միջով եւ ոչ միայն ողջ է մնացել, այլեւ բազմիցս վերապրել է այդ ողբերգությունը՝ իր պատմությունն աշխարհին ներկայացնելով բեմից եւ ֆիլմով, այդպիսով բարձրացնելով Ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը: Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում է իր հնգամյակը, եւ այս վերահրատարակությունը ճիշտ պահին է՝ ընդգծելու, թե որքան կարեւոր է լույս սփռել մարդկային ոգու տոկունության վրա»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:
Գիրքը վերահրատարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչական նոր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար» նախագծով, որի շրջանակում լույս կտեսնեն Ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերը: «Հոշոտված Հայաստան» գիրքը կվերահրատարակվի անգլերեն եւ հայերեն՝ 20 էջ ծանոթագրություններով: Անգլերենը լույս կտեսնի 2.000 օրինակով, իսկ հայերենը՝ 1.000:
«Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի է անցել, եւ շատ եզրույթներ ու աշխարհագրական տեղանուններ ծանոթ չեն այսօրվա ընթերցողին, ուստի այս գրքի՝ ծանոթագրություններով հրատարակումը, անհրաժեշտություն էր: Իսկ «Ավրորայի» հետ համագործակցությունն այս համատեքստում, ինչ խոսք, շատ խորհրդանշական է: Ե՛վ Թանգարան-ինստիտուտի, ե՛ւ նախաձեռնության նպատակն ընդհանուր է՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին հանրային իրազեկվածությունը, պայքարել ու կանխարգելել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները եւ օգնության ձեռք մեկնել նման ողբերգությունների միջով անցնող ժողովուրդներին»,- ընդգծեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
«Ավրորան» աջակցում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «Ավրորա» դրամաշնորհների միջոցով: Այն հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին մեծարելու իրենց նախնիներին փրկողների հիշատակը` աջակցելով կրթական նախաձեռնություններին, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը հայկական ժառանգության եւ մարդասիրական ջանքերի վերաբերյալ:
* * *
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, վերափոխում է այս փորձառությունը համաշխարհային շարժման, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Այն ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր նախագծերի միջոցով՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, 100 LIVES նախաձեռնություն եւ #AraratChallenge: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
Ավելին՝ www.auroraprize.com
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաքելությունն է XX դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը եւ վերլուծությունը, ինչպես նաեւ` տեքստային ու վիզուալ նյութի ցուցադրության եւ այլ միջոցներով իր նպաստը բերել ցեղասպանության եւ քսենոֆոբիայի դեմ միջազգային հանրության պայքարին: Թանգարան-ինստիտուտն ատելության, խտրականության, նախապաշարմունքի եւ անտարբերության դեմ պայքարի համամարդկային դասեր է սովորեցնում եւ իր առաքելությունն իրագործում մշտական, ժամանակավոր եւ առցանց ցուցահանդեսների, Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր թեմաների ուսումնասիրությունների միջոցով՝ հարստացնելով եւ թվայնացնելով իր հավաքածուները: Այն իրականացնում է կրթական ծրագրեր եւ այլ նախաձեռնություններ, որոնք բարձրացնում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, նպաստում մարդու իրավունքների արժեւորմանը եւ խթանում ցեղասպանությունների ճանաչումն ու կանխարգելումը:
Ավելին՝ www.genocide-museum.am