Տղամարդկանց կոտորածից հետո ջարդարարները մեզ հսկող պահակների հետ եկան մեր ճամբար, շրջեցին ու ընտրեցին ունևոր խավին պատկանող կանանց՝ հրամայելով նրանց իրենց վրանը գնալ: Թուրք զինվորները ասացին, որ սպան ցանկանում է խոսել նրանց հետ: Զաբթիեները տարան մորս ու մեր բարեկամ հարևան կանանց, մոտավորապես՝ 200 հոգու: Նրանց հետ էր նաև մորաքույր Մարիամը, ում ամուսինը հարուստ դրամատեր էր:
Հենց կանայք հասան վրանին սպան ասաց, որ իրենց մոտ եղած գումարները հանձնեն իրեն՝ «քրդերից ապահով լինելու» համար: Կանայք գիտակցում էին, որ իրենց դրամը այլևս չի վերադրաձվի, իսկ առանց դրա նրանք շատ նեղություներ կքաշեին: Ուստի հրաժարվեցին ասելով, որ փող չունեն: Այդ լսելով զաբթիեները հարձակվեցին կանաց վրա, պատառոտեցին նրանց շորերն ու սկսեցին փող փնտրել մարմնի բոլոր մասերում:
Կանանցից մեկին՝ մեծահարուստ Կարապետ Թուֆենկչյանի քրոջը, անողաքաբար այնքան ծեծեցին…դանակահրավածներով դաժանաբար ստուգելով բորոր կասկածելի տեղերը:
Այս եղանակով ասկյարները խուզարկեցին յուրաքանչյուր կնոջ:
Մորաքույր Մարիամը շուտով մայր պիտի դառնար: Երբ ասկյարները այդ նկատեցին, գցեցին նրան գետնին, սվիններով պատառոտեցին նրա շորերը՝ իրենց տգիտությամբ ենթադրելով, թե մեծ գումար պահած կլինի: Նրանց հուսախաբությունն այնքան մեծ եղավ, որ մի նոր կատաղությամբ հարձակվեցին մյուս կանանց վրա:
Այս վայրագությանը ենթարկված երկու հարյուր կանացից մի փոքր խումբ կենդանի մնաց: Երբ նրանք սողացին դեպի ճամբար, իրենց հարազատների գիրկը, այնքան էին լացել ու ողբացել, որ չէին կարողանում խոսել, նույնիսկ ձայն չունէին բառ ասելու համար: Իմ խեղճ մայրն իր մոտ եղած ողջ գումարը տվել էր: Նրա մարմնի դանակահարված մասերից արյուն էր հոսում: Երբ հասավ մեզ և տեսավ ինձ ու Լուսինեին, ուշաթափվեց: Մորս վերքերը լվացինք: Օգտագործեցինք մեր խմելու ջրի վերջին մնացորդը:
Երբ մեզանից հափշտակված փողերը ասկյարներն ու զաբթիեներն արդեն բաժանել էին իրար մեջ, եկան մեզ մոտ՝ սպաների համար երիտասարդ կանայք ընտրելու: Լուսնի լույսն այնքան պայծառ էր, որ մեզանից ոչ ոք չէր կարողանում թաքցնել դեմքը: Լուսինեն նստած էր երեխաների մոտ: Զաբթիեներից մեկը բռնեց Լուսինեի մազերից, ուժիգն քաշեց և կանգնեցրեց:
-Խնայեք ինձ, մայրս մեռնում է, խնայեք,-բղավում էր Լուսինեն: Բայց զաբթիեն անողոք էր: Նա քարշ տվեց Լուսինեին: Ես չէի կարող զսպել ինձ. խելագարի պես վազեցի դեպի քույրս, կախ ընկա նրանից՝ աղաչելով զաբթիեին, որ բաց թողնի քրոջս: Լուսինեն էլ էր դիմադում: Զաբթիեն կատաղեց: Զազրելի հայոյանքով դուրս քաշեց դանակը և խրեց Լուսինեի սիրտը, ապա արյունոտ դանակն այնպես շպրտեց, որ, քերծելով այտս ընկավ քիչ հեռու: Դանակի սպին մինչև օրս այտիս է: Լուսինեն մահացավ իմ թևերի վրա, իսկ զաբթիեի ուշադրութիւնը գրավեց մի ուրիշ աղջիկ:
…Ամեն ինչ անհավատալի էր թվում: Մատներիս վրա սկսեցի հաշվել մեր տան անդամներին՝ հայրս, մայրս, Պողոսը, Լուսինեն, Արուսյակը, Սառան, Մարտիրոսը, Հովնանը և իմ երկու մորաքույրերեը: Հետո հաշվեցի՝ հայրս, Պողոսը, մորաքույր Մարիամը… և հիմա էլ Լուսինեն չկան, սպանված են»:
Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը/Ա. Մարդիգանյան.-Երևան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2015, էջ 82-91: