Ավրորա Մարդիգանյանի պատմությունը
1901 թ., Խարբերդ
Ավրորա Մարդիգանյանի պատմությունը
1901 թ., Խարբերդ
ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է հատվածներ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմություն»(Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres) գրքից: Մեծ եղեռնը վերապրած Ավրորան (Արշալույս) նաև նկարահանվել է գրքի հիման վրա էկրանավորված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։ Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։
«…Ինձ և մի քանի աղջկա գողացան քրդերը: Նրանք մեզ տարան քաղաքի կենտրոն: Մենք խնդրեցինք որ մեզ հեռու պահեն թուրք տղամարդկանցից ու կանանցից, քանի որ մերկ էինք: Նրանք հաշվի չառան մեր խնդրանքը. տարան մի մեծ շենքի բակ, որը իմ կարծիքով կառավարական շենք էր եղել: Այստեղ մենք տեսանք հարյուրավոր հայ կանանց, որոնց հափշտակել էին Երզնկայի ու Սվազի բռնագաղթյալների խմբերից: Նրանցից շատերը մեզ պես մերկ էին: Ոմանք ցնորվել էին: Բոլորը սպասում էին փաշայի հետ հանդիպելուն. նա նախորդ օրը եկել էր Ակն:
Շուտով մենք իմացանք, որ դա Կոստանդնուպոլսի այն նույն չարագործ Քյամիլ փաշան է: Շատ տարիներ առաջ, երբ նա Հալեպի կառավարչն էր, քրիստոնյանների հանդեպ կիրառած իր դաժանությունների համար «մեծ համբավ» էր ձեռք բերել:
Քյամիլ փաշայի հետ էր ժամանել նաև Բուխարեդդին Շաքիր բեյը՝ Թալեաթ բեյի և Էնվեր փաշայի գաղտնի գործակալը:
Քյամիլը Կոստանդնուպոլսից մի զորագունդ էր բերել և տեղավորել քաղաքի մոտակայքում, որը հետագայում հայտնի դարձավ որպես «ղասաբ թաբուրի» (մսագործների զորագունդ), որովհետև նա մասնակցել էր իմ ժողովրդի ավելի քան 50000 զավակների սպանդին:
Քյամիլ փաշան և Բուխարեդդին Շաքիրը եկան այն շենքը, որտեղ մենք էինք: Մեզ քսան-քսան դուրս էին բերում և տանում: Նույնիսկ ամբողջովին մերկ կանանց ստիպում էին ուղիղ կանգնել: Փաշան ու բեյը մեզ էին նայում անասնական հայացքով:
-Ձեզ տանելու են իսլամական մեծ քաղաքներ, որտեղ ձեզ կտեղավորենք վերջերս բացված դպրոցներում՝ կայսերական խնամքի ու պաշտպանութեան ներքո: Դուք այնտեղ կսովորեք այնպիսի բաներ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն, միայն թե մոռացեք անհավատների կրոնը: Ձեզ հետ բայրացակամ կվարվեն, կամուսնացնեն ձեզ, եթե առիթը ներկայանա. կապրեք մուսուլմանական բարի ընտանիքներում:
-Նրանք, ովքեր ցանկանում են մուսուլման դառնալ, պետք է արտահայտեն իրենց կամքը,-շարունակեց բեյը:
Թեև ինձ համար անհասկանալի էր, սակայն միաժամանակ ես չէի կարող մեղադրել այն աղջիկներին, ովքեր համակերպվեցին: Ահավոր լարվածություն էր: Աղջիկների կեսը չոքեց, մի մասն էլ ընկավ ավելի ուժեղ աղջիկների թևերին, և լաց լինելով համաձայնեցին:
Բուխարեդդին Շաքիրը ասկյարներին ձեռքով նշան արեց. նրանք աղջիկներին տարան մեկ այլ սենյակ: Նրանց մասին մենք այլևս ոչինչ չլսեցինք: Քյամիլը դեռ շարունակում էր սառը լռությամբ նայել նրանց ովքեր մերժել էին իր պահանջը: Բեյը նույնպես լուռ էր: Հետո նա ձեռքը նորից բարձրացրեց, և ասկյարները սկսեցին մեզ անգթորեն ծեծել մտրակներով: Հարվածներին չդիմանալով ընկան հատակին: Ասկյարները շարունակեցին մեզ մտրակահարել դանդաղ ռիթմիկ հարվածներով: Ես մինչև հիմա մարմնիս վրա դեռ զգում եմ այդ դաղող համաչափ մտրակահարվածները, որոնք թուրքերը գործադրում էին բանտարկյալներին մահվան դուռը հասցնելով:
Երկու անգամ կորցրի գիտակցությունս: Ինձ և մյուս աղջիկներին, ովքեր հավատարիմ էին մնացել իրենց հավատքին, թողեցին բակում: Այնտեղ մոտավորապես 400 երիտասարդ կին կար: Ինձ հետ եղողների թիվը 25-ից ավելի չէր, մյուսներին տանջելով ստիպել էին հավատափոխ լինել:
Հաճախ թուրք տղամարդիկ և կանայք գալիս էին բակ՝ դիտելու և ծաղրելու մեզ: Թուրք երեխաներին հրահրում էին, որ մեզ վրա քարեր նետեն: Չորրորդ օրը զաբթիեները մեզ դուրս բերեցին և միացրին հազարից ավելի կանանց ու երեխաների մի մեծ քարավանի, որոնց քշել բերել էին Բայբուրդից: Բոլոր կանայք միջին տարիքի էին կամ շատ ծեր: Բոլոր աղջիկներին ու երտասարդ կանանց առանձնացրել էին, որպեսզի նրանց ճակատագիրը որոշեն Քյամիլ փաշան ու Շաքիր բեյը: Մեծ տղաներին գողացել էին: Ծծկեր երեխաներ գրեթե չկային. նրանք կամ մեռել էին իրենց մայրերին կորցնելուց հետո, կամ թուրք ասկյարները սպանել էին նրանց:
Այս խմբի հետ յոթ ժամ քայլելուց հետո մեզ կանգնելու հրաման տրվեց. Պիտի սպասեինք Սվազից ու Երզնկայից եկող բռնագաղթյալների ավելի մեծ խմբերի, որոնք պետք է միանային մեզ այս նույն վայրում: Միասին պիտի շարժվեինք դեպի Դիարբեքիր:
Բռնագաղթյալների այս երկու քարավաններն էլ պիտի անցնեին մոտակա Տիվրիկ լեռնային լիճով: Երզնկայի գաղթականները այդպես էլ մեզ չհասան. Կիրճում նրանց վրա էր հարձակվել «Ղասաբ թաբուրին» և բոլորին կոտորել: Այս խմբի մեջ կային 4000 կին ու երեխա: Հենց այդ կոտորածից հետո Ավազի բռնագաղթյալները հասան կիրճի բերան՝ հակառակ կողմից:
«Ղասաբ թաբուրի» զինվորները այնպես էին հոգնել Երզնկայից եկած գաղթականներին այդքան կարճ ժամանակում կոտորելուց, որ Սվազից եկած գաղթականներին սպանում էին հենց այնպես, զվարճանալու համար: Իսկ նրանց թիվը հասնում էր 11 հազարի՝ տղամարդ, կին և երեխա:
Տղամարդիկ զինված ասկյարների դեմ կռվում էին ձեռքերով ու փայտերով: Գաղթականների խմբին ուղեկցող պահակներն ու զաբթիեները շրջապատեցին ժայռերի ստորոտները՝ արգելելով կանանց փախուստը դեպի վեր: «Ղասաբ թաբուրին» կոտորեց բոլոր տղամարդկանց:
Հետո ասկյարների մի մասը բարձրացավ այնտեղ, որտեղ կծկված թաքնվել էին կանայք: Նրանք երեխաներին խլում էին մայրերի գրկից և շպրտում ներքև՝ իրենց ընկերներին, որոնք փորձում էին նրանց օդում որսալ իրենց սվինների վրա: Ծծկեր երեխաներին և մանկահասակ աղջիկներին այս հրեշային ձևով վերջ տալուց հետո ասկյարները միաժամանակ զվարճանալու համար կանանց հրում էին ժայռից ներքև՝ ծածկելով նրանց սվիններով կամ հրացանափողերով: Հուսահատության դուռը հասած կանայք ինքնակամ իրենց նետում էին ժայռից՝ սվիննեից ազատվելու համար: Երբ կանայք թավագլոր հասնում էին ժայռի ստորոտին, այնտեղ սպասող թուրք զինվորները հարվածում էին նրանց քարաբեկորներով կամ սվինները այնպիսի դիրքով էին պահում, որ կանայք ընկնեն դրանց վրա: Շատերը եթե անվնաս հասնում էին ժայռի ստորոտին, ասկյարները ստիպում էին նրանց կրկին մագլցել ժայռն ի վեր, որպեսզի նորից ցատկեին ներքև՝ ուղիղ սվինների վրա:
Երբ մարդասպանների խումբը հոգնեց սպանելու «զվարճանքից», երգելով, զինվորական շարքերով հեռացավ: Նրանցից ոմանք իրենց հրացանափողերի, սվինների վրա տանում էին մանկահասակ երեխաների դիակներ՝ որպես«հիանալի հուշանվեր»:
Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը/Ա. Մարդիգանյան.-Երևան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2015, էջ 103-108:
Կարդացեք նաև՝ Հոշոտված Հայաստան. Մաս 4