կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 13:49
Հասարակություն

Հոշոտված Հայաստան. մաս 6

Հոշոտված Հայաստան. մաս 6

Ավրորա Մարդիգանյանի պատմությունը

1901 թ., Խարբերդ

ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է հատվածներ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմություն»(Ravished Armenia. The Story of Aurora Mardiganian, the Christian Girl, Who Survived the Great Massacres) գրքից: Մեծ եղեռնը վերապրած Ավրորան (Արշալույս) նաև նկարահանվել է գրքի հիման վրա էկրանավորված «Հոգիների աճուրդ» կինոնկարում։ Արշալույսը ծնվել է Չմշկածագի Վարի թաղամասում բնակվող վաճառականի ընտանիքում։ Նա Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքի երրորդ զավակն էր։ Արշալույսի հայրը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուներ տանը կից ու քաղաքից դուրս գտնվող մեծ բերքատու այգիներ ու ցորենի արտ։ Նա զբաղվում էր նաև մետաքսագործությամբ՝ գունավոր մետաքս Ամերիկա արտահանելու նպատակով։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր։

 

«Տիվրիկ կիրճի ահավոր կոտորածից յոթ օր անց բռնագաղթյալներից նրանք, ովքեր դիմացան զաբթիեների գազանություններին, հասան Մալաթիա: Մալաթիան հարյուր հազարավոր հայ գաղթականների հավաքակայաններից էր, իսկ նրանց վերջին հանգրվանը՝ սիրիական անապատը:

 

Քաղաքին մոտենալիս մենք անցանք այն ճանապարհով, որտեղով անթիվ-անհամար հայեր էին ոտքով անցել: Ճանապարհին որպես ծաղր Քրիստոսի խաչելության և որպես զգուշացում Մալաթիա հասած քրիստոնյա աղջիկներին, թուրքերը 16 հայուհու գամել էին կոպիտ փայտե խաչերին: Ես չգիտեմ, թե որքան ժամանակ էր անցել խաչելությունից, բայց անգղերն «ճախրում էին» նրանց գլխավերևում:

 

Աղջիկներին խաչել էին ողջ-ողջ: Նրանց ոտքերն ու ձեռքերը երկաթյա սեպերով ամրացված էին փայտին:

 

Սվազից, Թոքաթից, Ակնից, Երզնկայից, Կերասունից, Սամսունից և հյուսիսային մեծ ու փոքր բազմաթիվ քաղաքներից տեղահանցել ու դեպի Մալաթիա էին քշել հայերին, ովքեր դարեր շարունակ ապրել էին այդ տարածքներում:  Այս շրջանի բոլոր գետերն արյան գույն էին ստացել, հովիտները դարձել էին բաց գերեզմանոցներ, որտեղ հազարավոր դիակներ անթաղ էին մնացել: Լեռնանցքները փակվել էին դիակներով: Հարեմ ունեցող յուրաքանչյուր հարուստ թուրք պահում էր մեկ կամ ավելի երբեմն քսան հարճ՝ բոլորն էլ հայ, բոլորն էլ գողացված ճանապարհից:

 

…«Հավատափոխ եղած» կանայք գերթե բոլորն էլ հայ էին, Մալաթիայի և Սվազի միջև ընկած քաղաքներից էին: Նրանցից և ոչ մեկը իրականում չէր ուրացել իր հավատքը: Նրանք կարծում էին թե ճիշտ են արել, քանի որ բոլորը մայրեր էին: Նրանք ուզում էին փրկել իրենց երեխաների կյանքը, բայց չգիտէին թե ինչ է սպասում իրենց:

 

Մալաթիայում հավաքված հայերի որոշ խմբերի տղամարդկանց չէին սպանել: Մի օր ասկյարներն այս տղամարդկանց հավաքեցին և ասացին, որ քաղաքպետը ցանկանում է բոլորին ցուցակագրել… Գրեթե երեք հազար տղամարդ էր հավաքվել: Դրսում զինվորները գրավել էին իրենց տեղերը դռների ու պատուհանների հետևում: Նրանք կողոպտեցին հայ տղամարդկանց ունեցած դրամն ու արժեքավոր իրերը, և հետո սկսեցին կոտորել նրանց: Երբ դիակների կույտ այնքան բարձրացավ, որ ասկյարներն այլևս չէին կարողանում հասնել կենդանի մնացածներին առանց կոշիկները արյունոտելու, գործի դրեցին հրացանները: Կենդանի մնացածներին գնդակահարեցին:

 

Թուրք զինվորները մտան բռնագաղթյալների բոլոր ճամբարները և հավաքեցին 5 տարեկանից բարձր երեխաների, ութ կամ ինը հազար երեխա: Նրանք խուժեցին նաև այն շենքը, որտեղ ես էի «կրոնափոխ» հայերի հետ: Հակառակ քաղաքապետի բոլոր խոստումներին՝ տարան բոլոր տղաներին ու աղջիկներին: Երբ մայրերը ամուր փաթաթվում էին իրենց փոքրիկներին ու թախանձագին աղերսում զինվորներին երեխաներին չբաժանել իրենցից, ասկյարները ծեծում էին խեղճերին: «Եթե նրանք հիմա մեռնեն, ձեր Աստված այլևս նեղություն չի կրի հոգալու նրանց մասին մինչև նրանց մեծանալը »,-լկտի քրքիջով ասում էին ասկյարները:

 

Նրանք երեխաներին տարան քաղաքից դուրս, որտեղ սպասում էր Աղջադաղի քրդերի մի ավազակախումբ: Ասկյարները երեխաներին հանձնեցին քրդերի «խնամքին»: Քրդերը երեխաներին ոչխարի պես քշեցին դեպի Թոքմա գետը: Գետափին երեխաներին վերցնում էին և շպրտում էին ջուրը: Աղջնակներին տարան քաղաք, որպեսզի մեծացնեն որպես մուսուլման:

 

…Այս գիշեր այնպիսի զարհուրելի բաների ականտես եղա… Մի խումբ քրդեր այնպիսի դաժանությամբ էին տանջում երիտասարդ մի աղջկա, որ նրան մոտ կանգնած կանայք չդիմացան և ողջ խմբով խելակորույս հարձակվեցին քրդերի վրա՝փրկելու նրան: Մի պահ քրդերը խելագար կանանց ոտքերի կոխան դարձան, իսկ աղջիկն իսկույն անհետացավ: Երբ քրդերը ուշքի եկան, դուրս քաշեցին իրենց սուր դանակները, նետվեցին խիզախ կանաց վրա և բոլորին էլ ծակծկեցին, սպանեցին: 

Կարծում եմ այդ խմբում հիսուն կին կար: Քրդերը սպանվածների դիակները իրար վրա կիտեցին ու կրակի տվեցին: Մինչ քրդերից մի քանիսը բորբոքում էին կրակը, մյուսները փնտրում էին իրենց ճանկերից դուրս պրծած աղջկան, բայց այդպես էլ չկարողացան գտնել: Այդժամ, անհաջողությունից կատաղած, նրանք ճանկեցին մեկ այլ աղջկա և քարշ տվեցին դեպի խարույկը, ուր լցնում էին կանանց մարմինները: Երբ նա ճգնում էր դուրս պրծնել, բռնեցին ու նետեցին կրակի բոցերի մեջ, մինչև…

 

Գիշեր չկար, որ այսպիսի բռնություններ չկատարվեին: Բռնագաղթի ճանապարհին բոլոր քարավանները արժանանում էին նման վայրագությունների: Երբեմն ես հաշվում էի այդ վայրերում մեզանից առաջ անցած գաղթականների դիակները, այնքան ժամանակ մինչև կորցնում էի հաշիվը: Դիակներ՝ ճամփեզրին, մղոններով դիակներ…

 

…Առավոտյան չեչենները «հաճելի» ժամանակ անցկացրեցին դեռատի աղջիկների հետ, որոնց «թույլ էին տվել» այդ գիշեր կենդանի մնալ: Երբ հոգնած չեչենները դադրեցրին իրենց վայրագությունները նկատեցի մեզանից քիչ հեռու՝ դաշտավայրի մի տափարակի վրա,նրանք սկսեցին պատրաստվել մի«զվարճալի» ժամանցի, որով «փառաբանվում» էին վայրենի չերքեզ ցեղերը: Այդ զվաճալի ժամանցը, ինչպես հետո իմացա, չեչենները հաճախ էին կազմակերպում:

 

Չեչենները իրենց երկար սրերը ամուր խրում էին ավազի մեջ՝ մոտավորապես կես մետր դուրս թողնելով շեղբերը: Երբ մենք տեսանք այդ նախապատրաստությունը բոլորս գլխի ընկանք ինչ է լինելու:

 

Սիրտս կտոր կտոր է լինում նախորդ գիշերվա մղձավանջից և այն սարսափազդու տեսարանից որին ականտես եղա այդ առավոտ, երբ լույսը բացվեց: Ինձ մոտ նստած կանայք նունպես դողում էին:

 

Երբ արդեն երկար շարքով սրերը ցցված էին ավազի մեջ, չեչնները վազեցին դեպի հայ աղջիկները: Նրանք խմբից դուրս քաշեցին մոտավորապես 15-20 աղջկա: Նրանցից յուրաքանչյուրին կանգնեցրին երկու սրերի միջև՝ մի չեչենի հսկաղությամբ: Աղջիկները լաց էին լինում, աղաչում, բայց վայրագ չեչենները ուշադրություն չէին դարձնում նրանց վրա:

 

Երբ, աղջիկներին ինչպես կարգն է, տեղավորեցին զույգ սրերի միջև, չեչեններից ոմանք թռան ձիերի թամբերին և հավաքվեցին տափարակի հեռավոր մասում: Հենց ազդանշան տրվեց, առաջին ձիավորը սրնթաց վարգեց սրերի շարքի երկայնքով, ճանկեց աղջիկներից մեկին, օդ բարձրացրերց և շպրտեց ներքև՝ դուրս ցցված սրերց մեկի շեղբին՝ առանց դանդաղեցնելու ձիավարգը:

 

Դա մարզական խաղ էր, մրցում…

 

Յուրաքանչյուր չեչեն ձգտում էր մեկից ավելի աղջիկ որսալ ու նրանց նետել սրերի վրա այնպես, որ զոհը սպանվեր միանգամից: Միայն վարպետները կարողացան ճանկել մեկից ավելի աղջկա: Նրանցից մի քանիսը, թեև որսացին երկրորդ աղջկան, սակայն վրիպեցին սրի ծայրին նետելիս: Ջարդված ոսկորներով և արյունահոս վերքերով աղջկան ստիպում էին կրկին կանգնել սրաշեղբ սրերի մեջտեղում՝ երկրորդ փորձի համար: Աղջիկը աղաչում էր, որ չեչենը այնպես նետի իրեն, որ սրածայր շեղբը միանգամից վերջ տա իր տանջանքներին»:

 

Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը/Ա. Մարդիգանյան.-Երևան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2015, էջ 109-147: