կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 11:47
Հասարակություն

Ատոմակայանի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2019-ին

Ատոմակայանի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2019-ին

Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը զեկուցեց, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ:

Նա նշեց, որ ծախսերի աճը, 2015 թվականի համեմատ, գերազանցում է 4.6 անգամ: Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել և իրականացնել 12 ծրագիր՝ արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով, որոնցից է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը», որի համար 2016 թվականին նախատեսված է 4 միլիարդ 777 միլիոն դրամ:

Ռուսաստանի աջակցությամբ կիրականացվի Հայկական ԱԷԿ-ի համար 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որի համար 2016թ. ծրագրված է 4 միլիարդ 250 միլիոն դրամ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող ՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի համար 2016 թվականին նախատեսված է 1 միլիարդ 203 միլիոն դրամ:

Պավել Սաֆարյանից հետո զեկուցեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, սակայն նրա զեկույցից գոհ չէր նիստը վարողը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նա առաջարկեց փոխնախարարին՝ իր զեկույցում ներկայացնել ոչ թե թվային ցուցանիշներ, այլ թե ի՞նչ ազդեցություն կամ արդյունք կունենա այս կամ այն ծրագիրը կամ ծախսը:

Փոխնախարարը դժվարանում էր ներկայացնել, և միայն Վարդան Այվազյանի ու ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի բացատրություններից հետո նա կարողացավ շարունակել իր զեկույցը: ՀՀԿ-ականները ասացին, որ ոչ ոք չի կասկածում փոխնախարարի մասնագիտական ունակությունների վրա, սակայն զեկույցը պետք է ներկայացնել ազդեցության տեսակետից, օրինակ՝ որքա՞ն էներգախնայողություն կլինի, որքա՞ն կնվազեն կորուստները և այլն:

Փոխնախարարը նշեց, որ ատոմակայանի վերակառուցման ծրագիրը Հայաստանում էլեկտրաէներգետիկայի ոլորտի զարգացման հմնական մոդելներից մեկն է, և որ վերակառուցման ավարտը նախատեսվում է 2019-ին, մինչ այդ պետք է սարքավորումներ ձեռք բերվեն: