կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-07 13:16
Հասարակություն

Մեր գյուղի բոլոր մեծ տները դատարկեցին ու դրանցում զորքը տեղակայեցին

Մեր գյուղի բոլոր մեծ տները դատարկեցին ու դրանցում զորքը տեղակայեցին

Աղբյուրը՝ armeniangenocide100

Գոհար Հակոբյանի վկայությունը

Վան, Արճակի Խառակոնիս գյուղ

Հայոց ցեղասպանությունը վերապրած Գոհար Հակոբյանը պատմել է Վան գավառի Վան գավառակի Արճակի Խառակոնիս գյուղի մասին: 1914 թվին, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, թուրքական կառավարությունը զորահավաք է հայտարարել և հավաքագրել 20-ից 45 տարեկան հայ տղամարդկանց: Գոհարը պատմել է, որ իրենց գյուղի բոլոր մեծ տները դատարկել են և այնտեղ զորքը տեղակայել: Այնուհետև հավաքել են գյուղացիների հացը, տարել են ոչխարները, բոլոր անասուններին, որ կարող էր իրենց պետք գալ:

 

Վանի նահանգի Արճակ գաւառի Խառակոնիս գիւղացի Գոհար Յակոբեան, 40 տ., որ հիմա կապրիմ Բագու, Հայոց գիւղ, 11-րդ Նագորնի N 20 տուն և կը ստանամ նպաստ Գաղթ. մարմնից:

 

«Ես կապրէի մեր գիւղին մէջ, որը բաղկացած էր հետևեալ անդամներէն` ես, տղաս՝ Յակոբ, Երուանդ, Գէորգ, Խաչիկ, Սաղաթէլ, Սիրանուշ, Խուռօ, Արտաշէս, Միրօ, Օհան, իսկ հիմա մնացել ենք 6 հոգի, 2 հոգի մեռան, 3 հոգի սպաննուեցան:

 

1914 թուին երբ Եւրոպական պատերազմը յայտարարուեցաւ, թիւրք կառավարութիւնը ալ զօրահաւաքութիւն ըրաւ և 20 տ. մինչև 45 տարեկանները հաւաքեց: Մեր գիւղին մէջ  եղած մեծ տուները պարպեցին ու զօրք լեցուցին, յետոյ սկսան մեր հացերը հաւաքել, ոչխար, տաւար, ջուլ, ջուալ, վերջապէս այն ամէն բաները, որ բանակին պէտք էր, ծեծելով հաւաքեցին:


Մեր գիւղի Շիրինը, որ յեղափոխականպետ էր, մեզ բոլորիս հաւաքեց, լեցրեց եկեղեցին և սկսաւ քանի մը չէզոք դիրք բռնել: Երբ գայմագամը գիւղին մօտեցաւ, մեր տղաները սկսան կռուիլ անոնց հետ, ամբողջ 24 ժամ կռուելէ վերջ, ալ չկրցան դիմանալ: Միւս երեկոն երբ թիւրք զօրքերը քաշուեցան, Շիրինը հաւաքեց բոլոր տղամարդիկը, երեխաները ու երիտասարդ կիները, գնաց դէպի քաղաք: Նա ճամբին շատ զոհեր տուած էր մինչև քաղաք հասնիլը, իսկ մենք` մօտաւորապէս 700 հոգի, մնացինք գիւղին մէջ: Միւս առաւօտ, երբ թիւրք զօրքը եկաւ կռուելու, հեռուից նախ սկսան հրացանաձգութիւն: 
Երբ տեսան, որ գիւղից պատասխան տալ չկայ, խուժեցին գիւղին մէջ: Մենք ալ արդէն լեցուած երկու տան մէջ, նախ յարձակեցան այն տուներուն վրայ, որոնց մէջ մենք լեցուած էինք: Նախ սկսան տղամարդիկ փնտռել: Մեր գիւղի ռէս Գրիգորը, որ մեր մէջ  պահուած էր, գտան և սպաննեցին, յետոյ սկսան կիները խուզարկել: Նախ մեր բոլոր ունեցածները, փողից սկսեալ մինչև հագուստը, մեզմէ առին, իմ տագեր աղջիկն ալ ուզեցին փախցնել, երբ իր մայրը չթողուց` զարկին աղջիկը սպաննեցին: 

Յետոյ գացին մտան մի ախոռ, հոն 5 տղամարդ գտան, հինգն ալ սպաննեցին, ոչխարի պէս մորթեցին, յետոյ գացին խոտի դէզին մէջ մի 15 տարեկան տղայ գտան, սպաննեցին: Յետոյ մի ուրիշ տղայ` Մկրտիչը տեսան, ան փախաւ մտաւ տուն, քիւրտերը ետևից եկան: Մայրը շատ խնդրեց, որ իր տղան չսպաննեն, ինչքան փող որ ուզեն` ինք կը վճարէ, բայց քիւրտեր անոր աղերսանքին մտիկ չըրին, տղան բռնեցին և խանչալով կտոր-կտոր ըրին ոտից մինչև գլուխ` մօր ներկայութեամբ: Այսպէս 10 օրուայ չափ մնացին մեր գիւղին մէջ: Մեզ բոլորիս ալ քանի մը ոստիկաններով ղրկեցին քաղաք: Ճամբան միշտ մեզ կը կայնեցնէին, կը կողոպտէին, կը բռնաբարէին:

 

Ոստիկաններ մեզ բերին մինչև քաղաք և յանձնեցին կուսակալին, կուսակալը ուզեց մեզ քաղաքու մէջ տեղաւորել, բայց տեղացիները չընդունեցին: Վերջէն մեզ ղրկեցին Այգեստան: Հոն մնացինք մինչև ռուսերու Վան մտնելը: Յետոյ գացինք մեր գիւղը, մէկ ամսուայ չափ ազատ ապրեցանք, մինչև ռուս բանակին նահանջելը, մենք ալ հետերնին նահանջեցինք եկանք Էջմիածին ու անկից` Բագու»:

 

1916 թ., Բաքու

 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 473, թթ. 13 շրջ.-14 բնագիր, ձեռագիր:


Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 99 – 101: