Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային հարաբերություններում գլոբալիստների կողմից առաջացրած մրրիկը գնալով սաստկանում է։ Դրա պտտահողմերը քանդում են հարաբերությունները պետությունների ու ժողովուրդների միջև, ավերում երկրների տնտեսությունները և ժողովուրդների կենսակերպը։ Գլոբալիստներն արդեն չեն էլ փորձում քողարկել իրենց իրական նպատակը՝ հաստատել միաբևեռ աշխարհակարգ, որն իրենք կկառավարեն։ Նրանք վաղուց արդեն չեն էլ քողարկում այն ռազմաքաղաքական գործիքները, որոնց միջոցով պետք է իրականացնեն այդ նպատակները։ Գործիքների թվում են ԶԼՄ-ների միջոցով հասարակական գիտակցության ու հոգեբանության նենգափոխումը, հետախուզական կենտրոնների կողմից բազմաթիվ հիմնադրամների գործունեության միջոցով տարբեր երկրների ներքաղաքական դաշտերի վրա ազդեցության ծավալումը, պետական ու քաղաքական գործիչների վարկաբեկումը, ընդհուպ մինչև նրանց ֆիզիկական վերացումը, գունավոր հեղափոխությունները, հեղաշրջումներն ու իշխանափոխությունները։ Գլոբալիստներին ծառայության անցած իշխանությունները մղում են իրենց պետությունները պատերազմի հանուն միաբևեռ աշխարհակարգի հաստատման։ Այսպիսով, միջնորդավորված կամ, ինչպես այսօր ընդունված է ասել, հիբրիդային պատերազմները դարձել են հակառակորդներին պարտության մատնելու գլոբալիստների հիմնական զենքը։ Այսինքն, կայացվում է պարզ գործարք գլոբալիստական կենտրոնի և նրանց մոտ ծառայության անցած իշխանության միջև. առաջինը քաղաքական, ֆինանսական, երաշխիքներ է տալիս իր դրածոներին՝ խոստանալով պաշտպանել նրանց իշխանությունը և անձնական անվտանգությունը, իսկ երկրորդը հանձն է առնում տրամադրել պետության բոլոր ռեսուրսները հեգեմոնի կողմից թելադրված ծրագրերն իրականացնելու, հարկ եղած դեպքում՝ հիբրիդային պատերազմի մասնակցելու համար։
Գաղափարական ճակատում զգալի հաջողություններից հետո գլոբալիստներն արդեն անցել են դրա ռազմաքաղաքական գործադրմանը, այլևս հաշվի չնստելով ո՛չ միջազգային նորմերի, ո՛չ էլ հակասությունները կարգավորելուն ուղղված այլ պետությունների դիվանագիտական, քաղաքական առաջարկների ու փաստարկների հետ։ Բնականաբար, հակառակ բևեռում պետությունները սկսում են համախմբվել պաշտպանելու համար իրենց շահերը։ Այդ համախմբումն առաջնորդում են Ռուսաստանը և Չինաստանը։
Աշխարհը բաժանվել է գլոբալիստների և հակագլոբալիստների ճամբարների, և պայքարը միաբևեռ կամ բազմաբևեռ աշխարհակարգ հաստատելու համար սկսել է կրել համակարգային բնույթ։ Հակառակ Գլոբալ Արևմուտքի ձևավորվում է Գլոբալ Արևելքի ու Հարավի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համակարգը, որն իր հզորությամբ ու ներուժով չի զիջում, եթե չասենք գերազանցում է առաջինին։
Գլոբալիստների դեմ պայքարի առաջնագծում Ռուսաստանն է, որի ողջ սահմանով՝ Մուրմանսկից մինչև Կուրիլյան կղզիներ, անցնում է երկու ճամբարների միջև եղած դիմակայության գիծը։ Չկարողանալով խուսափել Ուկրաինայում սանձազերձված հիբրիդային պատերազմից՝ ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում կանխելու համար նման զարգացումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Հակադրման այդ գծի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, որի այսօրվա իշխանությունները, միակողմանի զրոյացնելով ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, հանձն առան Հանրապետությունը ներքաշելու հակառուսական կոալիցիայի մեջ։
Ռուսաստանի դեմ ուղղված արեւմտյան ծրագրի իրականացմանը հարավկովկասյան ճակատում խոչընդոտում էր ՌԴ դաշնակից ու ՀԱՊԿ անդամ Հայաստանը։ 2008 թ. մարտի 1-ին, պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո միայն, 2018 թ. «Թավշյա հեղափոխության» ճանապարհով հնարավոր եղավ հաղթահարել այդ խոչընդոտը և արդեն 6 տարի ներքաշել Հայաստանը հակառուսական խաղի մեջ։
Այսինքն, կարող ենք փաստել, որ Հայաստանը դարձավ երկու հիմնական աշխարհաքաղաքական ուժերի՝ մի կողմից գլոբալիստական, ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի, մյուս կողմից հակագլոբալիստական՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի (միջնորդված ձևով նաև Չինաստանի և Հնդկաստանի) հակադրության գծի հատվածը: Փաշինյանական վարչախումբը, լինելով գլոբալ լիբերալիստների դրածոն, բնականաբար, ընտրեց գծի նրանց կողմը և իշխանության գալու առաջին օրվանից ձեռնամուխ եղավ վերջիններիս հրահանգների իրականացմանը։ Նշենք այդ շարքից մեզ հետաքրքրող գլխավոր քայլերը։
1. Վարկաբեկեցին և հետապնդեցին հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներին, զրոյացրին նրանց արտաքին քաղաքական բոլոր ձեռքբերումները։
2. Նվազագույն աստիճանի իջեցրին մեր հարաբերությունները դաշնակիցների և հայանպաստ դիրքորոշում ունեցող պետությունների հետ, հետևողականորեն մերժելով նրանց՝ ՀՀ համար նպաստավոր առաջարկները։
3. Ապահովեցին քաղաքական, ռազմական, դիվանագիտական բոլոր պայմաններն Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու համար։ Եվ հետևելով եվրոատլանտյան հորդորներին՝ պատրաստ են հանուն այդ պահանջի, նոր տարածքներ զիջելու գնով, Ալիևի հետ ստորագրել վերջնագրից ոչնչով չտարբերվող խաղաղության պայմանագիր։
4. Իրականացնելով իր արևմտյան հովանավորների հանձնարարականները ու զրոյացնելով ՌԴ և Իրանի հետ հարաբերությունները՝ այս իշխանությունները դուրս են հանում ՀՀ-ն տարածաշրջանային քաղաքական գործընթացներից, սահմանափակելով դրանք ՆԱՏՕ-ի, իրականում նաև Թուրքիայի, աշխարհաքաղաքական շահերի շրջանակում։
5. Փոխարենը Շ. Միշելը, Ժ. Բորելը հայերին խոստանում են անդամակցություն ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, պաշտպանել ագրեսիվ ռուսների և շիա իսլամիստների ոտնձգություններից, տեղ տալ քաղաքակիրթ եվրոպական ժողովուրդների ընտանիքում։
Ինչպիսի՞ հետևանքներ և մարտահրավերներ են բխում կատարված ընտրությունից։
1. ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասը տարածք է, որը պետք է դառնա պլատֆորմ, ցատկահարթակ դեպի Հյուսիսային Կովկաս և Կենտրոնական Ասիա, իսկ այդ պետությունների բնակչությունը՝ հիբրիդային պատերազմի համար թնդանոթի միս (մինչև վերջին վրացին, ադրբեջանցին կամ հայը)։ Ընդ որում, եվրաատլանտյան ստրատեգներին, թե՛ հաջողության, թե՛ անհաջողության դեպքում, չի հետաքրքրում թե այդ տարածքում ինչ պետություններ կձևավորվեն և ինչ սահմաններով։ Ամենայն հավանականությամբ այդ տարածքի տնօրինությունը կթողնվի Թուրքիային։
Վրաստանի՝ դեպի Արևմուտք և Ադրբեջանի՝ դեպի Թուրքիա կողմնորոշվելուց հետո Հայաստանի Հանրապետության անցումը եվրաատլանտյան կողմնորոշման կդարձնի Հարավային Կովկասը գործիք ՆԱՏՕ-ի ձեռքում ՌԴ և Իրանի դեմ ծրագրած հիբրիդային պատերազմում։
2. Հարավկովկասյան հանրապետությունների եվրաատլանտյան կողմնորոշումն արմատական շրջադարձ է, որը խախտում է ավելի քան երկուհարյուր տարի գոյություն ունեցող աշխարհաքաղաքական հավասարակշռությունը այս տարածաշրջանում, ինչը մահացու վտանգ է Ռուսաստանի և Իրանի համար։ Ուստի այս տերությունները չեն վարանի ցանկացած գնով պաշտպանելու իրենց կենսական շահերը։ Իսկ վրացական և հայկական պետությունների պահպանումը ՌԴ և Իրանի համար, որպես այդ պետությունները միմիանց կապող կամուրջ, ռազմավարական անհրաժեշտություն է, հետևաբար, շահագրգռված են լինելու նշված հավասարակշռությունը պահպանելու և ապահովելու հարցում։
Նշված երկու կետերից բխում է գլոբալ երկու բևեռների միջև ճիշտ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու տրամաբանությունը։
Վերը շարադրածը փորձ է բացատրելու և հասկանալու, թե որքան մեծ է աշխարհում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունն ու ներգործությունը մեր պետության ճակատագրի վրա և թե որքան վտանգավոր է ճակատագրական այս պահին օրվա իշխանությունների թեթևաբարո վարքագիծը և ազգային ու պետական շահերի անտեսումը։
Այն նաև պետք է օգնի գտնելու այն հարցերի պատասխանները, որոնք այսօր տրվում են հրապարակներում, ցույցերի մասնակիցների կողմից։
Վարդան Հակոբյան