Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն պնդմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իրավունք չուներ ներգրավված լինելու սահմանադրական փոփոխությունների գործընթացում: Նախարարն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ համաձայն չէ այդ մոտեցմանը, քանի որ Գագիկ Հարությունյանը հենց այդ ոլորտի մասնագետ է, ունի հարուստ մասնագիտական փորձ:
«Եթե հարցը վերաբերեր այն հանգամանքին, որ նա հնարավորություն ունի պարտավորեցնող ակտ ընդունելու, ես համաձայն կլինեի: Իրավական ակտ ընդունելու դեպքում կարող էր այլ լինել, բայց երբ խոսքը փաստաթղթի պատրաստման մասին է, որը հետո պետք է դառնա քննակման առարկա և քվեարկվի ժողովրդի կողմից, ես չեմ կարող համաձայնել այդ ամենի հետ»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում վերահսկող մեխանիզմներ կիրառել նույնականացման քարտերով ընտրողների պարագայում, նա նշեց, որ շատ կարևոր է հասկանալ Ընտրական օրենսգրքի ընձեռած հնարավորությունները: «Քանի որ ես եղել եմ Ընտրական օրենսգիրքը մշակողներից, ես կարող եմ ասել, որ այն մտահոգությունը, որն արտահայտվում է, ընդհանրապես հիմք չունի: Ինչպիսի՞ ընտրախախտումներ կարող են լինել ընտրությունների ժամանակ: Օրինակ` Հովհաննիսյան Հովհաննեսը կարող է գալ և ասել, որ ինքը Հարություն Հարությունյանն է, և հանձնաժողովի անդամները կարող են դա դիտարվորյալ չնկատել: Սա տեսականորեն հնարավոր է, բայց Ընտրական օրենսգիրքը դրա դեմ նախատեսել է մի քանի պաշտպանիչ մեխանիզմ: Դրանցից ամենակարևորն այն է, որ եթե հանձնաժողովի երկու անդամը չնկատեն դա, ընտրական տեղամասում ընդդիմության վստահված անձը կարող է նստել հանձնաժողովի անդամների մեջտեղում և վերստուգել այդ գործընթացը»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ դեմ է թանաքոտման եղանակին: «Թանաքոտման երկու եղանակ կա՝ երբ թանաքը տեսանելի է, իսկ մյուսը, երբ թանաքն անգույն է և տեսանելի է ուլտրամանուշակագույն լույսով լուսավորելու դեպքում: Ի՞նչ խնդիրներ է առաջացնում երկրորդ եղանակը: Մի քանի խնդիրներ եմ ուզում ներկայացնել, իմ ասածը հորինված չէ, դրանք օրինակներ են այն երկրներից, որտեղ կիրառվել են այդ մեխանիզմները: Որոշ դեպքերում գտնվում են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ջնջելու թանաքը: Եթե մարդը գալիս է օճառոտ ձեռքով, ապա այդ թանաքը շատ հեշտ մաքրվում է»,- նշեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ Ընտրական օրենսգիրքը գրվել է այնպես, որ նվազագույնի հասցվեն ընտրակեղծիքները, և եղած մեխանիզմները բավարար են, որ ընտրություններն անցնեն պատշաճ մակարդակով: «Մեկ օրինակ եմ ուզում հիշեցնել: Երբ մենք հնարավորություն ստեղծեցինք, որ եթե ընտրություններին մասնակցող կուսակցությունները կասկած ունեն՝ այս կամ այն անձը մասնակցել է ընտրություններին, թե՝ ոչ, թող գան և ստուգեն: Եթե մարդը հատել է սահմանը, ապա համակարգը ցույց կտա, որ այդ անձն այսինչ օրը Հայաստանում չէ: Մենք անցկացրեցինք թրեյնինգներ, յուրաքանչյուրին տվեցին իր տերմինալը, որ ինքնուրույն մուտք ունենա այդ համակարգ: Թրեյնինգն անցան բոլոր կուսակցությունները, բացառությամբ մեկ կուսակցության: Այդ կուսակցությունը ՀԱԿ-ն է: Եվ գիտե՞ք` քանի հոգու վերաբերյալ ստուգումներ անցկացվեցին, ընդամենը՝ մեկ հոգու: Սա նշանակում է, որ աղմուկը շատ ավելի մեծ է, քան իրականությունը: Լավ, մի՞թե տասը կասկած այս երկրում չկար, լավ, տասը սխալ կարող էր լինել, չէ՞, մի՞թե տասը մարդու դժվար էր ստուգել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: