կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 15:06
Քաղաքական

Ծառուկյանը մաքուր դուրս եկավ

Ծառուկյանը մաքուր դուրս եկավ

Այսօր լրագրողները ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե, վերջապես, ինչ եղավ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումների հարցը, ավարտվեցի՞ն դրանք, թե՞ ոչ: Գագիկ Խաչատրյանը հստակ պատասխան տվեց՝ ասելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են և առանձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբերել:

Նախարարը հավելեց, որ մնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից միայն Արարատի ցեմենտի գործարանը, որը պետք է դեռևս ստուգումների ենթարկվի:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը խոսել էր միլիոնավոր դոլարների չարաշահաումների մասին, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե այդպիսի բան է հայտարարել, այլ հանձնարարել է ստուգել չարաշահումների մասին լուրերը:

«Մենք համապատասխան հանձնարարություն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել: Ի դեպ, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նաև անդրադարձավ տնտեսական մենաշնորհներին և այն քննադատություններին, թե հնարավոր չէ հաղթահարել տնտեսական մենաշնորհը երբ հիմնական խաղացող գործարարները իշխանության մերձավորներ են:

«Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեք: Այն, ինչ դուք մամուլով ասում եք, և հասարակությունն էլ ընդունում է, իրականում այն պատճառով է, որ մենք սովոր ենք վատն ավելի շուտ ընկալել: Սակայն ասել եմ ու ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկային պարտավորությունները կատարում են, փառք Աստծո, թող զբաղվեն, և մեր ներդրումային վիճակը կլավանա: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկային պարտավորությունները չեն կատարում, իրավունք չունեն պետական լծակները օգտագործելու, իսկ մոնոպոլիաները ցանկացած երկրի համար լավ չեն»,- ասաց նա: