կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 18:09
Հասարակություն

Վա՜յ, էն նկարների միջի ժամացույցը. սահմանամերձ համայնքներից 150 երեխա էր այցելել Երևան

Վա՜յ, էն նկարների միջի ժամացույցը. սահմանամերձ համայնքներից 150 երեխա էր այցելել Երևան

Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում սահմանապահ գյուղերից շուրջ 150 երեխա էր հյուրընկալվել: Նրանք Երևան էին եկել «Մշակութային կրթօջախներ-դպրոց» պետական ծրագրի շրջանակներում:

Մինչ այդ երեխաներն արդեն հասցրել էին լինել Թումանյանի տուն-թանգարանում, Ազգային պատկերասրահում, Կոմիտասի թանգարանում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ երեխաներն այցելում են Երևանի մշակութային կենտրոններ: «Մենք շատ լավ գիտենք, որ այսօր սոցիալական խնդրի պատճառով շատերը չեն կարողանում Երևան գալ ու ինչ-ինչ մշակութային միջոցառումների մասնակցել: Ծրագրի մեջ ընդգրկված են սահմանապահ գյուղեր, որոնք ոչ միշտ հնարավորություն և ժամանակ ունեն այցելելու մշակութային միջոցառումների: Ծրագիրը գիտաճանաչողական է: Նրանք իրենց դասերի ընթացքում տեսական գիտելիքներ են ձեռք բերում, բայց, գալով Երևան, նրանց տեսական գիտելիքներն ավելի առարկայական են դառնում: Նրանք տեսնում են` ինչպես են կառուցված թատերական ներկայացումները, ծանոթանում են երաժշտական գործիքներին»,- ասաց նա:

Մանասյանը նշեց նաև, որ երեխաների մեծ մասն առաջին անգամ է լինում Երևանում: «Երեխաներից մեկը, ուշադիր զննելով Հանրապետության հրապարակը, բացականչեց` վա՜յ, էն նկարների միջի ժամացույցը: Մեզ համար այդ ուրախությունը, ժպտացող աչքերը տեսնելն ամեն ինչ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Վայոց ձորի Ելփին համայնքի միջնակարգ դպրոցի «Հանրահաշիվ, երկրաչափություն» և «Տեխնոլոգիա» առարկաների ուսուցիչ Կարեն Խուդոյանն էլ  նշեց, որ այսօր Երևան եկած երեխաների 90 տոկոսն առաջին անգամ էր այցելում Երևան: Երեխաները, ըստ նրա, ամենից շատ ազդվել էին Ազգային պատկերասրահ այցից:

«Մի բան է դասի ժամանակ մեր պատմության մասին սովորելը, մեկ այլ բան` տեղում ցուցանմուշները նայելը: Մարզում երեխաների հետ անպայման այցելում ենք մշակութային օջախներ, և նման ձևաչափ ընտրելը շատ ճիշտ էր: Երեխաներին նաև շատ ուրիշ հարցեր էին հետաքրքրում, որովհետև առաջին անգամ են այցելում Երևան, բնական է: Հուսանք` ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,- ասաց Խուդոյանը:

Նա նշեց նաև, որ մարզում երեխաներին «Տեխնոլոգիա» առարկան դասավանդելիս ուրիշ մոտեցում են ցուցաբերում` սովորեցնելով այն, ինչ հետագայում պետք է գալու հենց մարզում ապրող երեխային: «Սովորեցնում ենք այն, ինչ հետագայում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է»,- ասաց ուսուցիչը:

Հ.Գ. Երեխաների հետ, ցավոք, չկարողացանք զրուցել, քանի որ երեխաները շտապում էին` մարզերում սկսել էր ձյուն գալ: