Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մեր մեջ էլ ուռոդներ կան»,- մոտ մեկ ամիս առաջ նախարարության ժողովներից մեկի ժամանակ ասել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարը աշխատանքի եւ զբաղվածության վարչության երիտասարդ աշխատակիցներից մեկի մասին, որը ներկա չի եղել այդ ժողովին:
Ի՞նչ է տեղի ունեցել: Այս երիտասարդը մեկ ամիս առաջ «Ֆեյսբուք»-ով բաց նամակ է գրել երկրի նախագահին եւ վարչապետին, որով դժգոհել է քաղծառայողի ցածր աշխատավարձից, որը մոտ 100 հազար դրամ է: Սոցցանցում նամակին միացել են հարյուրավոր քաղծառայողներ: Հենց դա էլ ափերից հանել է սոցնախարարին:
Բանը հասել է այնտեղ, որ որոշ ժամանակ անջատել են նախարարության ինտերնետը, որպեսզի նախարարությանը հեռու պահեն նամակին հավանություն տվող եւ արձագանքող այլ քաղծառայողների վերաբերմունքից:
Հարցեր են առաջանում: Առաջին` ու՞մ պիտի դժգոհեր քաղծառայողը` Հռոմի պապի՞ն, Ուգո Չավեսի՞ն, հանգուցյալ մայր Թերեզայի՞ն, թե Վիկտոր Հյուգոյի «ամենագեղեցիկ» հերոսին` Քվազիմոդոյին:
Երկրորդ` նրանք, ովքեր հրապարակավ չեն դժգոհել, Ձեր` նախարարի կարծիքով բավարարվա՞ծ են, այսինքն ուռոդներ չե՞ն:
Երրորդ` որտեղի՞ց առաջացավ այդ տերմինը, երիտասարդն իր նամակում որակե՞լ է որեւէ մեկին:
Չորրորդ` էլ որտե՞ղ ուռոդներ կան` քրեակատարողական հիմնարկներո՞ւմ, հոգեբուժարաններո՞ւմ, ընդդիմությունո՞ւմ, որտե՞ղ, այսինքն` ո՞վ է ուռոդի քո ընկալման բացարձակ հասցեատերը:
Հինգերորդ` բաց նամակ գրելով` ինքը ուռոդության ո՞ր տեսակն է մատնել` ներքի՞ն, թե արտաքին: Այսինքն` էդ երիտասարդը արտաքինի՞ց է ուռոդ, եւ այդ դեպքում ի՞նչ կապ ունի նրա բաց նամակը, թե՞ ներաշխարհով է ուռոդ, եւ այդ դեպքում էլ փաստը, որ դու դա գիտես, քեզ ավելի ներողամիտ չի դարձնո՞ւմ:
Վեցերորդ` ի՞նչն է քեզ իրավունք տվել մարդուն անվանել ուռոդ` քո մարդ լինե՞լը, քաղաքացիությո՞ւնդ, թե՞ նախարար լինելու հանգամա՞նքը:
Յոթերորդ` ո՞րն է ուռոդ չլինելու գինը, չէ՞ որ նախարարական տեղերը սահմանափակ են:
Ութերորդ`հանուն ինչի՞ ես համաձայնել նախարար լինել նտելեկտուալ այն արժանիքներով, որոնք հերիքում են միայն, որ դիմացինիդ անվանես ուռոդ:
Իններորդ` ի՞նչն է քեզ այդքան վախեցրել աշխատակցիդ նամակում, եթե վերջնահաշվում տուժողը նա է, քեզ շարունակում են քծնել, իսկ նա արդեն թռչնագրիպով վարակվածի համբավ ունի:
Տասներորդ` ովքե՞ր են այն մոտ երեսուն հոգին, որոնց ներկայությամբ դու ժողովին ներկա չգտնվող մարդուն անվանում ես ուռոդ: Այսուհետեւ ի՞նչ ես ակնկալում լսել նրանցից:
Տասնմեկերորդ` անձամբ ի՞նչ ես արել այդ երիտասարդի համար մինչեւ նրա բաց նամակը:
Տասներկուերորդ` երբ մարդուն որակում ես, մտածու՞մ ես, որ մարդահամարի ժամանակ դուք նույն մարդահաշիվն եք եղել, եւ որ մարդը որակումներ տալու իր հնարավորություններով չէ մարդ, այլ վիրավորելու հակումը զսպել կարողանալով:
Տասներեքերորդ` ո՞րն է քո աշխատակցի արտահայտվելու սահմանը, այսինքն` ի՞նչ ես առաջարկում մարդուն ուռոդ չլինելու համար, չդիմի՞ նրան, ում հավանաբար ընտրել է առանց կողմնակի հորդորի: Այդ դեպքում դու ինչպե՞ս ես վստահ լինելու, որ քո մնացած աշխատողները քեզ հետ անկեղծ են ցանկացած այլ խնդիր քննարկելիս:
Սեյրան Հանոյան