Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսումնասիրելով Պերմյակովի նկատմամբ ռուսական կողմի իրականացրած դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները` Պերմյակովի վարքի հետ կապված լուրջ կասկածներ են ի հայտ եկել: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանն ասաց, որ հայկական կողմի հոգեբանները և հոգեբույժները ևս եզրակացրել են, որ Վալերի Պերմյակովն ունի խնդիրներ:
Ըստ հայկական կողմի իրականացրած դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ նա ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները համարել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լուսինե Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն` տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև` հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն`դյուրագրգռության համակցումով:
Փաստաբանի խոսքով՝ ռուսական կողմի փաստաթղթերին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, բուժվել է հոգեբուժական բաժանմունքներում, այն բանից հետո, երբ զորակոչվել է բանակ:
Մինչ դա էլ լուրջ կասկածներ են եղել` նրա վարքի հետ կապված, և երբ նա արդեն իսկ զորակոչվել է բանակ, բանակում գտնվելու ընթացքում իրեն դրսևորել է այնպես, որ շատ տարօրինակ վարք է ունեցել: Մասնավորապես` աթոռով հարվածել է սպաներից մեկին միան այն բանի համար, որ, ըստ իրեն, նա խանգարել է իրեն և աթոռը քաշել իր տակից: Բացի այդ` նրա ծառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր շատ տխուր է եղել, անընդհատ լաց է եղել, և երբ նրան հարցրել են, թե ինչ է եղել, ասել է, որ մայրը մահացել է: «Երեք օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը ողջ է»,- ասաց փաստաբանը:
Լուսինե Սահակյանը նաև նշեց, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքով Վալերի Պերմյակովը շփվել է իր ընկերների հետ և գրել, որ ինքն այստեղ մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր իրենք 40-հազարական կրակոց են արձակում: Ըստ փաստաբանի՝ կան այսպիսի բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Վալերի Պերմյակովը խնդիրներ ունի:
«Այդ ընթացքում հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որպեսզի նա զենքով ծառայություն իրականացնի, և սա փաստաթղթավորված է: Սակայն, ինչպես մենք գիտենք, նույնիսկ այն բանից հետո, երբ հատուկ ցուցում է եղել, որ նա չի կարող զենքով ծառայություն իրականացնել, այդուհանդերձ, զենքը հայտնվել է նրա ձեռքում, և նա ծառայության եղել է զենքով, ոչ թե այդ զենքը հափշտակել է և նոր լքել ծառայության վայրը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը նշեց, որ երբ հանցագործությունը կատարվել է, և Վալերի Պերմյակովն անազատության մեջ է եղել արդեն, նրա մոտ խուզարկությամբ նոթատետր է հայտնաբերվել, որում եղել է նամակ՝ ուղղված ծնողներին: «Այնտեղ նա նշում է, որ` այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը: Նաև այնտեղ նա մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում է գտնվել հանցագործությունը կատարելիս, ասում է, որ` մեկ վայրկյանում իմ սիրտը 1000 զարկ էր կատարում և այլն»,- մանրամասնեց փաստաբանը և հավելեց, որ փորձագետներին Պերմյակովն ասել է, որ երեխաներն իր համար ծաղիկներ են, սակայն հարցին, թե ինչո՞ւ է սպանել երեխաներին, նա պարզունակ պատասխան է տվել. «Այդպես ստացվեց»: