կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-26 15:15
Քաղաքական

Դպրոցը Ազգային ժողով չէ, դատաիրավական համակարգ չէ, մի քննադատեք. Գալուստ Սահակյան

Դպրոցը Ազգային ժողով չէ, դատաիրավական համակարգ չէ, մի քննադատեք. Գալուստ Սահակյան

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՄԻՊ 2015թ. տարեկան զեկույցը: Հիմնական զեկուցող՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Նրա մոտ տարակուսանք էին առաջացրել տարեկան զեկույցի «Առկա խնդիրներ» բաժնում կրթության որակի մասին ՄԻՊ ձևակերպումները, թե էլիտար դպրոցներն ավելի բարձր կրթական մակարդակ են ապահովում, քան սովորական դպրոցները: «Մենք այդ կարծիքին չենք»,- ասաց Կարինե Պողոսյանը:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ մասնավոր վճարովի դպրոցներում կրթության որակն ավելի լավն է, իսկ սովորական դպրոցներում, մանավանդ, եթե դրանք գտնվում են Երևանի ծայրամասերում կամ որոշ հեռավոր գյուղերում, կրթության որակը զիջում է:

«Ցավալի է, որ կան նման տարբերություններ: Իհարկե, ամբողջ աշխարհում կան կրթության որակի այդ տարբերությունները, և եթե ամեն ինչ նույնը լիներ, մարդիկ այդքան վճարներ չէին տրամադրի մասնավոր կրթական հաստատություններին, որ այնտեղ իրենց երեխաները սովորեն: Բայց անվճար և պետական դպրոցներում կրթության որակը շատ վատն է: Իմ երեխաները հաճախել են պետական անվճար դպրոցներից լավագույնը, բայց մանկավարժներն իրենք էլ գիտեն, որ այն պայմաններով, որ կան անվճար պետական դպրոցներում, իրենք չեն կարող ապահովել կրթության այն որակը, որը կարող են ապահովել վճարովի և լավ պայմաններ ունեցող մասնավոր դպրոցները»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը կրկին չհամաձայնեց ՄԻՊ-ի հետ՝ ասելով, որ վճարովի դպրոցը կարող է փայլուն գիտելիքներով չապահովել, և հակառակը՝ պետական անվճար դպրոցներինաշակերտները հաղթում են միջազգային օլիմպիադաներում: Եվս մեկ օրինակ կա, որ նույն մանկավարժն աշխատում է և մասնավոր, և անվճար դպրոցներում, հետևաբար, նա չի կարող տարբեր ձևով գիտելիք մատուցել:

ՄԻՊ-ն էլ իր հերթին չէր ընկրկում և մնաց իր կարծիքին, որ կան կրթության որակի տարբերություններ վճարովի ու անվճար դպրոցների միջև:

Բանավեճին արձագանքեց ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը: «Դեպքից դեպք առիթ է հանդիսանում, և պետք է նորից կրկնեմ, որ ուսուցիչների նկատմամբ պետք է զգույշ վերաբերվել: Վատ ուսուցիչ չկա: Կան լավ ուսուցիչներ և շատ լավ ուսուցիչներ: Վատ դպրոցներ չկան, կան լավ դպրոցներ և շատ լավ դպրոցներ՝ նայած, թե մեր ենթագիտակցության մեջ ինչ ենք պահանջում դպրոցից: Դպրոցից մենք պահանջում ենք, ծեփագործից սկսած, անձինք: Դպրոցի նպատակը գերազանցիկ աշակերտ պատրաստելը չէ, դպրոցի խնդիրը ապագայի քաղաքացի պատրաստելն է, դրա համար հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները շփվում են բոլոր շերտի երեխաների հետ և կարողանում են հասարակական պատկեր գծագրել իրենց ներաշխարհում: Իսկ այլընտրանքային դպրոցները էլիտար դպրոցներ չեն, այլ ընդունակ աշակերտներին հավաքում են, այսինքն՝ կանխորոշված է, որ նրանք ապագայում պետք է գիտնական դառնան կամ բուհեր ընդունվեն:Այնպես որ՝ դպրոցի հասցեին այս ամբիոնից չպետք է խոսել: Դպրոցը դա Ազգային ժողով չի, դատաիրավական համակարգ չի, որ քննարկեք: Մի ուրիշ դեպքում ուսուցչին կաշառակեր են համարում, ինչ է, թե մի երկու երեխայի հետ է պարապում: Նորից պիտի խնդրեմ՝ այս ամբիոնը ուսուցչին քննադատելու ամբիոն չէ»,- ասաց նա: