Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց աղքատության վերաբերյալ որոշ տվյալներ: Նա նախ նշեց, որ տարբերակվում է աղքատության երեք տեսակ: Առաջինը` բացարձակ աղքատություն, երբ ընտանիքի եկամուտները չեն բավարարում նվազագույն կենսամակարդակի համար, որը տվյալ երկիրը գրանցում է: Նա նշեց, որ Հայաստանում նման բան չկա, գոյություն ունի «նվազագույն աշխատավարձ» հասկացությունը, որը կապ չունի հայաստանցիների նվազագույն կենսամակարդակի հետ:
Երկրորդ` հարաբերական աղքատություն, երբ մարդը ինքն է գնահատում իր վիճակը, այսինքն`ինքն է որոշում լույս, գազ, ջուր, սնունդ ունենալու չափը և դա համարում է նորմալ:
Եվ աղքատության մյուս տեսակը` ընչազրկություն, երբ մարդը գտնվում է հոգեբանական վատ վիճակում, չի կարողանում ապահովել իր ընտանիքի նվազագույն կենսամակարդակը:
«Եվրոպայում աղքատ է համարվում այն մարդը, ով չունի ավտոմեքենա, լվացքի մեքենա, հեռուստացույց, հեռախոս, չի կարողանում օր ու մեջ միս ուտել և չի կարող իրեն թույլ տալ մեկ շաբաթով գնալ հանգստանալու»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով` այսօր մարդկությունը արտադրում է 250 տրիլիոն դոլարի արտադրանք, դրա կեսը պատկանում է երկրագնդի բնակչության 1 տոկոսին, իսկ մյուս կեսը պատկանում է երկրագնդի բնակչության 99 տոկոսին: Այսինքն` աշխարհում արտադրված հարստությունը մարդկությանը արդարացի չի բաժանվում: ՄԱԿ-ի հաշվարկներով` մոտ 2 միլիարդ մարդ գտնվում է աղքատության շեմից ներքև: Ըստ ՄԱԿ-ի չափորոշիչների` օրական 1 դոլարից ներքև ծախսողը համարվում է ընչազուրկ, օրական 2 դոլար ծախսողն աղքատ մարդ է:
Ըստ Ադիբեկյանի` աղքատությունը զարգացած երկրների արատն է համարվում: Աղքատների 70 տոկոսն ապրում է հարուստ երկրներում: ԱՄՆ-ում աղքատ է համարվում 44 միլիոն մարդ, ԵՄ-ում` 87 միլիոն մարդ, Ռուսաստանում` 20 միլիոն մարդ:
Հայաստանը միջազգային վարկանիշներով աղքատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը, Հայաստանից ավելի վատ ցուցանիշներ ունեն Վրաստանը, Թուրքմենստանն ու Տաջիկստանը: