կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 20:56
Սպորտ

Հայ երկրպագուներն ու ալբանացիների ցնծությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլային տոն էր: Տոն, բայց ոչ` հայ ֆուտբոլասերների համար: Ալբանիայի հավաքականը, հաղթելով 3:0 հաշվով, պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը, ընտրական փուլի 8 խաղերից վաստակելով 2 միավոր, եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի պատմության մեջ ամենավատ արդյունքը ցույց տվեց:

Ալբանիայի հետ խաղի սկզբից հայ երկրպագուները սկսեցին ոգևորել և առաջ մղել Հայաստանի հավաքականին, սակայն բաց թողած գոլերից հետո ամեն ինչ տապալվեց:Խաղի հենց սկզբում հայ երկրպագուները պաստառ բացեցին հարավային տրիբունայում, որով հորդորում էին ֆուտբոլիստներին` Հայաստանի օրհներգը հնչելու ժամանակ երգել այն:

Երկրպագուների նյարդերը տեղի տվեցին բաց թողած 2-րդ գոլից հետո, և բոլորը սկսեցին վանկարկել «ամոթ-ամոթ» և «Սաքո, հեռացիր»: Բաց թողած 3-րդ գոլից հետո երկրպագուները հանդես եկան նոր ակցիայով. Հայաստանի հավաքականի «Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման անդամները պաստառ պարզեցին, որով պահանջում էին նոր մարզիչ:

\"\"

Խաղի վերջին րոպեներին արևմտյան տրիբունայում նստած ալբանացի երկրպագուները պարզապես ցնծության մեջ էին. սիրելի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի: Մինչդեռ հայ ֆուտբոլասերները շարունակում էին սուլել սեփական երկրի հավաքականի ֆուտբոլիստներին:

Խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Սարգիս Հովսեփյանը չցանկացավ երկար-բարակ խոսել և արդարացումներ գտնել պարտության համար: «Չեմ ցանկանում երկարացնել, կարճ հայտարարություն անեմ` ամեն ինչ շատ վատ էր, և ես եմ դրա մեղավորը: Բայց սա ֆուտբոլ է, և այսօր խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ Ալբանիայի հավաքականը: Ոչ մի լավ բան չտեսա մեր թիմի խաղում: Մեր հավաքականն այսօր անթասիբ ֆուտբոլ խաղաց: Իհարկե, մարզչի համար շատ դժվար է նմանատիպ խաղերից հետո: Հասկանում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ինձ վրա: Ամեն ինչ շատ վատ էր: Շատ վատ աշխատեցինք: Ինչով կարող էի օգնել հավաքականին, փորձում էի օգնել: Ցավոք, չկարողացա: Եղան լավ խաղեր, բայց այս վերջին խաղն ամեն ինչ ջնջեց: Այս ամենի մեղավորը ես եմ»,- ասաց մարզիչը:

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Հովհաննես Համբարձումյանը չցանկացան պատասխանել լրագրողների հարցերին: Որոշ ֆուտբոլիստներ էլ ընդհանրապես չանցան «խառը գոտիով», որը նախատեսված է ֆուտբոլիստների և լրագրողների համար: Այնուամենայնիվ, մի քանի ֆուտբոլիստներ համաձայնեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Մարկոս Պիզելլի

- Պետք է ուշադիր խաղայինք։ Մենք գիտեինք Ալբանիայի որակները։ Մեզ նորից անհրաժեշտ է հավաքվել։ Պետք է լավ խաղանք, քանի որ ունենք լավ ֆուտբոլիստներ, լավ մարզիչ։ Երկու տարի առաջ մեծ ցանկություն ունեինք և շատ լավ ֆուտբոլ էինք խաղում։ Ցանկության պակաս հիմա էլ չկա։ Ես մտածում եմ, որ բոլորի մեղավորությունն է։ Պետք է նայենք այլ հավաքականներին, թե ինչպես են խաղում, և սովորենք: Երկրպագուների սուլոցները տեղին էին: Նրանք միշտ աջակցում են: Ես էլ նրանց հետ վատ զգացի:

Ռոբերտ Արզումանյան

- Հենց սկզբից ամեն ինչ անհաջող ստացվեց: Մի քանի խաղում ինչ-որ բան չէր բավականացնում. հանդիպումների վերջնամասում բաց էինք թողնում հաղթանակը: Չէինք կարողանում ամբողջ հանդիպումը լավ անցկացնել: Պետք է միասին լինենք: Այժմ ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց հնարավորություններին շատ լավ ծանոթ ենք, սակայն տեսնում ենք, որ նրանց մոտ շատ հասարակ բաներ չեն ստացվում: Այսօր մենք վստահության պակաս ունեինք մեր ուժերի նկատմամբ:

 Գևորգ Կասպարով

- Հանդիպման սկզբից մեր խաղը չստացվեց: Ուզում էինք հաղթանակով վերջացնել այս անհաջող մրցափուլը: Նախորդ երկու խաղերում 7 գնդակ ենք բաց թողել: Ասելու ոչինչ չկա։ Ընտրական փուլի անհաջողությունը կապված էր վնասվածքների հետ: Մրցաշրջանի մեկնարկային խաղերում մեր ամբողջական կազմով չէինք խաղում: Նաև դա պատճառ հանդիսացավ, և մրցակիցներն էլ օգտվեցին այդ ամենից:

 Գաել Անդոնյան

- Ֆրանսիայի դեմ խաղում մենք լավ չէինք նայվում: Այսօր նույնպես լավ հանդիպում չանցկացրինք: Չէինք ցանկանում, որ ընտրական փուլն այսպես ավարտվեր:

Նորայր Ասլանյան

 - Խաղից անմիջապես հետո չեմ կարող ասել, որն էր անհաջողության պատճառը: Պետք է նստենք և խոսենք` հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց: Ինչ-որ բան կա, որ այսպես եղավ: Ես միշտ պատրաստ եմ խաղալ և միշտ մեծ հաճույքով եմ գալիս հավաքական:

Ի դեպ, հայ երկրպագուները խաղի վերջում հոտնկայս ծափահարեցին մրցակցի ֆուտբոլիստներին: Դա տեսնելով` Ալբանիայի երկրպագուները սկսեցին վանկարկել` Արմենիա, Արմենիա…

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ