կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 19:05
Մշակույթ

Դժվար է ասել` ուրա՞խ եմ, թե՞ ոչ. Թոխատյանն իր`ժողովրդականի կոչմանն արժանանալու մասին

Դժվար է ասել` ուրա՞խ եմ, թե՞ ոչ. Թոխատյանն իր`ժողովրդականի կոչմանն արժանանալու մասին

Այսօր «Լոֆթը» կազմակերպել էր հանդիպում դերասան Հրանտ Թոխատյանի հետ: Yerkir.am-ի հարցին, թե` օրերս ժողովրդական արտիստի կոչում եք ստացել, ի՞նչ կարծիք ունեք առհասարակ կոչումների ինստիտուտի մասին, և արդյո՞ք այն իրեն դեռ չի սպառել, նա պատասխանեց` այո, կոչումներն իրենց սպառել են:

Թոխատյանը նշեց, որ 2004-ին, երբ իրեն վաստակավոր արտիստի կոչում էին տվել, հրաժարվել էր դրանից: «Ինձ հետաքրքիր էր` ինչի՞ համար էին այն ինձ տվել: Հետո ինձ պատասխանեցին. «Ոնց թե` ինչի համար` թատրոնի միջազգային օրն էր, ցուցակով կոչումներն իջեցրել են: Ինձ տվել էին վաստակավորի կոչում` որպես Կամերային թատրոնի դերասանի, թատրոն, որտեղ ես չէի աշխատում 1990 թվականից: Ես էլ կոչումից հրաժարվեցի: Բա եթե նախարար կոչվածը չգիտի` որտեղ եմ աշխատում և ինչի համար է կոչում տալիս` ինձ այդ կոչումը պետք չէր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ժողովրդական արտիստի կոչմանը, ապա այս անգամ, ըստ Թոխատյանի, գոնե բացատրել են` ինչու են այն տվել իրեն: «Դրանից հետո ես նախագահի հետ խոսեցի և ասացի, որ դերասանի համար ամենամեծ կոչումը հանդիսատեսի ծափահարություններն են: Նախագահն ինձ հարցրեց` ուրա՞խ ես կոչման համար: Դժվար է ասել` ուրա՞խ եմ, թե՞ ոչ, վաղը կամ մյուս օրը, որ նոր ներկայացում ծնվի, ես ավելի ուրախ կլինեմ: Եթե դահլիճը կիսադատարկ է կամ 5 հոգի է քեզ ծափահարում, ուզում է հերոսի կոչում էլ տան, այն քեզ չի փրկի: Բայց եթե դահլիճը լեփ-լեցուն է լինում, ու վերջում էլ ոտքի կանգնած են ծափահարում, և դա ոչ թե մեկ անգամ, այլ 40 տարի շարունակ, ուրեմն` ժողովրդական արտիստ կոչվածը հանդիսատեսի կոչումն էր` նախագահի ձեռքով ինձ տրված»,- ասաց դերասանը:

Կոչում ստանալու ձգտում Թոխատյանը երբեք չի ունեցել, ավելին` նշում է, որ պայքար էլ չի եղել դրա համար: «Ո՛չ ես եմ համոզել, ո՛չ ինձ են համոզել, չեմ մտածել` բա ե՞րբ են տալու, ինչո՞ւ ուշացավ, նրան տվեցի,` ինձ չտվեցին: Բարեբախտաբար, ես դրա ժամանակը չունեմ, սրան գումարած` ես պետական աշխատող չեմ, ես «մասնավոր» անձ եմ»,- նշեց նա:

Թոխատյանի ներկայացումները հանրապետության երեք նախագահներն էլ միշտ նայել են, թեև, ինչպես նշեց նա, երեքն էլ թատրոն չէին սիրում:

Թոխատյանը հիշեց, որ ժողովրդականի կոչում ստանալու հաջորդ օրը լրագրողի հարցին, թե` առավոտյան արթնացաք և ի՞նչ, պատասխանել է. «Ոչինչ, նախաճաշեցի ու գնացի աշխատանքի»: «Ձեզ թվում է` հիմա ավելի լա՞վ եմ խաղալու, ավելի շա՞տ ջանք եմ դնելու… Ի՞նչ պետք է անեմ, իջնեմ` հանդիսատեսին հատ-հատ պաչե՞մ… Ես կողմ եմ, որ պետությունը գնահատական տա զինվորներին, գիտության ոլորտի մարդկանց, բայց ի՞նչ ասել է կոչում, դրանք վաղուց պետք է վերանան: Աշխարհում չկա որևէ այլ երկիր, որտեղ կոչումներ լինեն»,- ասաց դերասանը:

Ըստ նրա` եթե խորհրդային տարիներին մարդիկ ուզում էին, որ իրենց կոչումներ տային, ապա նաև այն պատճառով, որ, դրան զուգահեռ,մարդկանց աշխատավարձն էր բարձրանում, անվճար երթևեկելու հնարավորություն էին ստանում, արտահերթ տուն ու ավտոմեքենա էին ստանում, իսկ հիմա դա էլ չկա: «Այսինքն` կոչումը Խորհրդային միության տարածքում մնաց: Եթե իմ ներկայացումները չեն գնահատվում, բայց տարիքս այնպես է, որ ինձ պետք է տան ժողովրդական, կներեք, շատ կոպիտ կհնչի, բայց թքած այդ կոչման վրա: Կոչումը ստիմուլ չէ, եթե դերասանը պետք է կոչման համար աշխատի, ավելի լավ է չաշխատի»,- ասաց Թոխատյանը: