Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Թոխատյանը պատրաստվում է Կանազի մշակույթի պալատը «խելքի բերել»: «Կուզի դա Փոստանջյանը, կամ չի ուզի որևէ այլ մեկը, ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում: Իմ տարիքն ինձ թույլ է տալիս լինել մի քիչ ինքնավստահ ու հասկանալ՝ ինչ եմ ուզում և ինչ կարող եմ անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Կանազի մշակույթի պալատի շուրջ բարձրացված աղմուկին:
Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Կանազի մշակութային պալատը նվիրում են Թոխատյանին: «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»,- ասվում է հայտարարությունում:
Ըստ Թոխատյանի՝ Կանազի մշակութային տունը ալյումինի գործարանի վաճառքից հետո մնացել էր անտեր: «Մեր չինովնիկներից մեկի կողմից այն հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին այնտեղ ինչ-որ բաներ անել, չստացվեց, և տարածքի գույքը վաճառելուց հետո այդ մեկն էլ այն վաճառեց մեկ ուրիշին: Այսինքն՝ անիմաստ ինչ-որ շրջափուլի մեջ էր ընկել տարածքը, և դա նույնն է, ինչ ես հիմա որոշեմ ռուսական թատրոնը վաճառել ձեզ՝ դրա իրավունքը չունենալով: 2007-ից շենքը պատահաբար էկոնոմիկայի նախարարության կողմից «գտնվել» էր, ու մեզ առաջարկեցին, թե՝ կուզե՞ք, այդ մշակութային օջախի բեմն օգտագործել, թող մյուսների նման չգնա ու խանութ դառնա: Իմ երազանքն է եղել մանկական թատերական դպրոց և թատրոն ունենալը: Մենք ուզում ենք այդ շենքը խելքի բերել»,- ասաց նա:
Թոխատյանի հավաստմամբ՝ շենքը ոչ ոք ոչ մեկին նվեր չի տվել, դա պետական շինություն է: Նա նշեց, որ ինքն ընդամենը դիմել է վարձակալության համար: «Ես դիմել եմ 99 տարով, որպեսզի կարողանանք այն լիարժեք վերականգնել ու դարձնել մշակութային օջախ: Մարդ պետք է բարբարոս լիներ՝ շենքն այդ վիճակին հասցնելու համար: Այն միայն արտաքինից է շատ գեղեցիկ երևում, ներսում ոչինչ չկա, ավերակներ են՝ բառի բուն իմաստով: Անգամ պատուհաններն են հանել ու վաճառել: Ինձ բացատրել են՝ 99 տարով հնարավոր չէ շենքն ինձ վարձակալության տալ այն չափի ներդրումով, որը ես եմ ներկայացրել, կարող են տալ 10 տարով, իսկ հետո, երբ էլի ֆինանսներ գտնեմ, էլի կարող եմ դիմել, որպեսզի վարձակալության ժամկետը երկարացնեմ: Ինչ կհասցնեմ՝ կփորձեմ 10 տարվա մեջ անել»,- ասաց դերասանը:
Ըստ նրա` արդեն իսկ պայմանավորվածություն ունի իր ընկերների հետ, որոնք համաձայն են ներդրում անել իր երազանքի իրականացման համար, ընդ որում՝ ներդրում անել՝ առանց որևէ ակնկալիքի: «Չգիտեմ՝ ինչո՞ւ է այս աղմուկը բարձրացել: Եթե ուզում եմ մշակույթի օջախ այնտեղ հիմնել, ի՞նչ վատ բան կա: Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ, ռեստորան կամ խաշանոց, կգաք, կասեք՝ ամոթ Ձեզ»,- ասաց Թոխատյանը: