կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-27 02:02
Առանց Կատեգորիա

Բերդավան. հրթիռակոծությունից հետո

Ջոնիկ  Երջենյանը  կնոջ հետ  ընդամենը   մի քանի օր առաջ էր Մոսկվայից վերադարձել հայրենի Բերդավան:  Մի քիչ գումար էր բերել, որ տունը վերանորոգի:

«Եկանք,  ու սենց մեզ դիմավորեցին»,- ասում է ու շվարած  ցույց   տալիս  տան ավերված սենյակները:  Խոհանոցում են եղել, կինը ճաշ էր պատրաստում, երբ  լսվել է պայթունի ձայնը, և նույն պահին ալիքը խփել-փշրել է պատուհանները, ու ներս խուժած արկի բեկորները հասել են կնոջը:  Մի քանի բեկորային վիրավորում ստացած կնոջ ամուսինը ինքն իրեն է մխիթարում է` ասելով. «Վտանգավոր չէ, կարող էր ամեն ինչ ավելի վատ վերջանալ»:

Հիմա կինը ծնողների տանն  է՝  ապաքինվում է, իսկ Ջոնիկը կշարունակի վերանորոգման աշխատանքները:  Մարզպետարանից  հանձնաժողով է եկել, հաշվարկել են վնասը: Փոխհատուցում կլինի, հավատում է՝ խոստացել են: Բայց, հետո՞, «հետո»-ն է մտահոգիչ: «Ի՞նչ է լինելու»,- ինքն իրեն հռետորական հարցնում  է  և  անկեղծանում. «Որ ասեմ` չեմ վախեցել` սուտ կլինի, ալիքը ուժեղ էր»:

Հարևանները կողքին են, օգնում են, մխիթարում:  Վախն էլ անցել է, ասում է` հիմա ոգին  է իշխում: Բերդավանցիները հակառակորդի  վերջին օրերի ակտիվությունը կապում են հարևանների տոնի՝ Բայրամի հետ, չնայած վստահ են, որ հասարակ ժողովուրդը մեղավոր չէ, ամեն ինչի պատճառը վերևներն են:

Սեպտեմբերի 24-ին սահմանամերձ Բերդավան համայնքի հերետակոծությունը աննախադեպ էր: Գյուղացիները դժվարանում են մտաբերել, թե երբ էր այսպես եղել: Համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը այդ օրվա հրթիռակոծումը համեմատում է 1992 թվականի հետ, ասում է. «Լարվածություն գրեթե մշտապես կա, բայց երեկվա պես մեկ էլ 92-ին է եղել, շատ անսպասելի էր: Նախկինում տարբեր տրամաչափի զենքերից էին կրակում, բայց տարվա սկզբից սկսեցին ականանետներով, հիմա արդեն տրամաչափերը լրիվ փոխվեցին: Սա արդեն գնդակոծություն չէ, սա հրետակոծություն է»:

Աննախադեպ հրետակոծությունից ոչ մի ընտանիք անմասն չի մնացել, ավելին՝ գյուղում երկու զոհ կա:  94-ամյա Շուշան Ասատրյանը չհասցրեց անկողնուց վեր կենալ: Կյանքին հրաժեշտ տվեց  հրթիռի պայթյունի առաջին իսկ վայրկյաններին, իսկ 42-ամյա Սոնա Ռևազյանը այգում հավերին էր կերակրում, երբ արկը պայթեց: Ողնաշարային վիրավորում ստացած կինը մահացավ հիվանդանոցի ճանապարհին:

Երկու զոհ, երկու վիրավոր ունեցող, հրթիռակոծությունից ավերված գյուղի  գյուղապետը  ադրբեջանական Քյամառլու գյուղի ազգաբնակչության նկատմամբ ատելություն չունի, բայց մտահոգ է ապագայի համար. «Ամեն անգամ նման միջադեպերը ավելի են հեռացնում այն օրը, այն հնարավորությունը, որ կրկին բարեկամական, հարեւանական, սովորական հարաբերությունները կվերականգնվեն»:

Գյուղամեջում մարդկանց քննարկման թեման նախորդ օրվա գյուղի հրթիռակոծումն է: Տներից բացի,  վնասվել են նաև դպրոցը, վերջերս վերանորոգված ակումբը, երաժշտական դպրոցն ու մանկապարտեզը:

-«Գրադ»-ի նման էր,- ասում է Նասիբ պապը:

-Չէ, դա «Գրադ» չէր, - համագյուղացուն ընդհատում է Իլյիչ Զուրաբյանը,-  «Գրադ»-ի խփածը ուրիշ ձև ա: «Գրադ»-ի պես շվոցը գալիս էր ու նույն ձև պայթում, բայց «Գրադ»-ի տեսակ չէր, ուրիշ բան էր:

-Մին այնտեղ էր ձայնը լսվում, մեկ էլ գալիս էր ստեղ խփում,- միջամտում է մեկ ուրիշը և բացատրում,- մի 100-200 մետր հեռու տրաքածից ասկոլկեքը գալիս` հասնում էին մեզ:

-Չգիտեմ,  թե որքանով է ճիշտ, բայց  ասում են` ոչ թե պոստերից, այլ գյուղի միջից են կրակել՝ մեքենայի վրայից,- շարունակում է  Նասիբ Գաբրիելյանը:

Գյուղացիները, սակայն, վստահ են, որ գյուղից կրակողները քյամառլեցիների աջակցությունը չէին կարող ստանալ, ավելին` բազմաթիվ անգամներ հեռադիտակով տեսել են, թե ինչպես են գյուղացիները վիճում գյուղ եկած` ինչ-որ տարօրինակ հանդերձանքով զինվորականների հետ` պահանջելով չկրակել Բերդավանի վրա: Բայց ինչ արած, ափսոսանքով նշում են բերդավանցիները,  նրանց արածի համար ստիպված տուժում են անմեղ  գյուղացիները, որոնց հետ ժամանակին, ինչպես իրենք են ասում, դոստություն են արել:

-Նրանք էս պատերազմը  չեն ուզում,- վստահ ասում է Իլյիչ պապը և, որպես ապացույց, պատմում իրենց հին հարաբերությունների մասին,- ախպոր պես էինք, շփվում էինք, գնում էինք ընդի, իրենք էին գալիս:

Գյուղապետը, սակայն, հուսախաբ չէ, գյուղում խուճապային տրամադրություն չկա, առաջին անգամը չէ, ասում է`  այսպիսի վիճակը   մեզ ավելի է պարտադրում ամուր լինել և սառը դատել. «Սա մեր բնօրրանն է, այստեղից հաստատ ոչ մի տեղ չունենք գնալու, հաստատ  մեր գյուղը, մեր սահմանը պահելու ենք մինչև վերջ»:

Համայնքի ղեկավարը  այս վիճակից դուրս գալու իր բանաձևն ունի, այլ ելք այլևս չի պատկերացնում: Բանակցություններին  էլ չի  հավատում,  ասում է` դանակը ոսկորին է հասել, այսպես շարունակվելու դեպքում, որքան էլ ցանկալի չէ, ստիպված ենք նրանց քշել, հեռացնել այնքան հեռու, որ հրետանու արկերը գյուղին չհասնեն: