Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց սահմանային լարվածության մասին, հայտնեց, թե ինչ վիճակ է տիրում այս պահի դրությամբ Արցախում՝ սահմանին:
«Դժբախտաբար, ունեցանք զոհեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Ունենք մի քանի վիրավոր, նրանց վիճակը նորմալ կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իհարկե, սա ողբերգություն է, ողջ Արցախը ողբում է հիմա, բայց մեկ է` թշնամին չի կարողանալու որևէ ձևով որևէ նպատակի հասնել: Նրա բոլոր նենգ, չար քայլերը կասեցվելու են և ստանալու համապատասխան հակահարված»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նա հավելեց, որ հակառակորդն արդեն իսկ ունի բազմաթիվ կորուստներ: «Ճիշտ է, դա գաղտնի են պահում, բայց իրավիճակը չի փոխում. ունեն կորուստներ, և այդպես է միշտ լինելու: Եթե փորձ կատարեն խախտել սահմանը, միշտ ստանալու են համապատասխան հակահարված: Այդպես եղել է, կա և կլինի միշտ»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Հարցին` հնարավո՞ր է, որ հակառակորդի այս աննախադեպ ակտիվացումն ունի արտաքին քաղաքական հիմքեր, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ: Ըստ նրա` դա Ադրբեջանի պես ֆաշիստական պետության գործելաոճն է ընդամենը. սերմանվում է նացիոնալիզմ և հայատյացություն: Դավիթ Բաբայանը չի կարծում, որ Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան պայմանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմամբ կամ արտգործնախարարների հանդիպմամբ:
«Արտգործնախարարների հանդիպումը միմիայն առիթ է Ադրբեջանի համար, այլ ոչ թե պատճառ: Պատճառն ավելի խորն է` կապված Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ: Ադրբեջանին ձեռ է տալիս, որ զոհեր են տալիս, որովհետև դա ձայներ շահելու երևի ամենագռեհիկ ու ամենաաննորմալ տարբերակն է, բայց դա փաստ է: Շեղելով իրենց ազգաբնակչության ուշադրությունը այնտեղ տեղի ունեցող իրադարձություններից` նրանք դիմում են նման քայլերի: Բուն պատճառն այն է, որ Ադրբեջանը` որպես պետություն, վաղուց դարձել է ֆաշիստական»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք նման ագրեսիայից հետո ԼՂՀ ՊԲ-ն պետք է գործի առանց զգուշացնող հայտարարություն տարածելու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Առանց զգուշացնելու գործելը դեմ է մեր քաղաքակրթությանը, ինչքան էլ թշնամին նենգ լինի, մեկ է` մենք պետք է մեր քաղաքակրթության շրջանակներում վարվենք, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք: Մենք զգուշացնում ենք նույնիսկ ամենավերջին հանցագործ պետությանը: Այդպես է ճիշտը, եթե խորը մտածենք: Իսկ հակահարվածը լինում է համարժեք և մի բան էլ ավելի»: