Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծման և հրետակոծման հետևանքով երեկ երեք զոհ և մի քանի վիրավորներ ունեցանք, բոլորն էլ` խաղաղ բնակիչներ: Մեկ օրվա կտրվածքով նման կորուստներ, ըստ էության, չէին արձանագրվել Ղարաբաղյան պատերազմից ի վեր:
Սա ոչ միայն ցույց է տալիս, թե ինչ մասշտաբների է հասցվել սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումն ու հրետակոծումը, այլև փաստում է, որ հակառակորդն անցել է առաջնահերթորեն բնակչությանը ու քաղաքացիական օբյեկտներն իր հիմնական թիրախը դարձնելու նոր մարտավարության: Ադրբեջանն այլևս բացարձակապես չի առաջնորդվում հրադադարի պահպանման ռեժիմով` թե\' հայկական կողմին և թե\' միջազգային հանրությանը պարտադրելով իր ցինիկ խաղի կանոնները:
Դեռ գարնանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարել էր, որ հրաման է տվել ոչնչացնել ոչ միայն անմիջականորեն շփման գծում, այլև հայկական դիրքերի թիկունքում տեղաշարժվող ռազմական նշանակության ցանկացած օբյեկտ:
Ո\'չ Կասպրշիկը, ո\'չ ԵԱՀԿ Մինսկի խումբը և, որքան էլ զարմանալի լինի, ո\'չ էլ պաշտոնական Երևանը նման լկտի հայտարարությանը չարձագանքեցին: Արդյունքում` ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն այսօր ոչ միայն բացահայտորեն խոստովանում, այլև լեգիտիմացնում է իր զինուժի կողմից հայկական բնակավայրերը գնդակոծության և հրետակոծության ենթարկելու իր «իրավունքները»:
Ի պատասխան խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին հայկական կողմի տեղեկատվության, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «...Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր շարժվող ռազմական օբյեկտ ոչնչացվելու է` առանց վերադասների հրամանատարության կողմից տրվող հրամանների: Այդ պատճառով իր ազգաբնակչությանը նպատակամղված կերպով պատանդ դարձրած Հայաստանի ղեկավարությունն է կրում ամբողջ պատասխանատվությունն այն բանի, որ ռազմական միջոցները տեղակայվում են բնակավայրերում, ինչի պատճառով խաղաղ բնակչությանը վնասներ են հասցվում»: Այլ կերպ ասած` Բաքուն ոչ թե հերքում է քաղաքացիական շրջանակներին ու բնակավայրերին նպատակային հարվածներ հասցնելու իրողությունը, ինչպես անում էր նախկինում, այլև դա արդարացնում է բնակավայրերում ռազմական օբյեկտներ նկատելու պատճառաբանությամբ և իբր դրանք ոչնչացնելու դիտավորությամբ:
Հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտելու և նախահարձակ լինելու ավելի լկտի ինքնախոստովանություն, այն էլ` Նյու Յորքում արտգործնախարարների պլանավորված հանդիպման նախաշեմին, ուղղակի դժվար է պատկերացնել:
Սակայն անգամ այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը շարունակում է մնալ, մեղմ ասած, ոչ ադեկվատ: Այսօր ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի ամբողջ նպատակը Տավուշի մարզի սահմանային գոտում ստեղծված իրավիճակի, հայկական կողմից քաղաքացիական անձանց կորուստների համար Ադրբեջանի պատասխանատվությունը (որն անգամ Բաքուն ինքն այլևս չի վարանում խոստովանել), լղոզելն է և Հայաստանին դրան համահանցակից դարձնելը: Համանախագահները դա արել են հետևյալ ձևակերպմամբ. «Այս պահին մենք չենք կարող վստահաբար որոշել՝ ինչպես է առաջացել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին: Կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ-ի կողմից հետաքննության մեխանիզմների ուղղությամբ, ինչպես արդեն քննարկել են նախագահները»: Եթե նախահարձակ լինելու` Բաքվի ինքնախոստովանության աչք ծակող փաստի առկայությամբ անգամ ՄԽ համանախագահները համառորեն չեն ուզում իրերը կոչել իրենց անունով, նրանք մեխանիկորեն դառնում են քաղաքացիական անձանց շրջանում կորուստների համապատասխանատուն:
Հատկանշական է, որ այսպիսի անատամ, իրականությունն այսքան խեղաթյուրող հայտարարություն ՄԽ համանախագահներն արել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Նյու Յորքում «լուրջ զրույց» ունենալուց հետո: Հարց է առաջանում` ՀՀ արտգործնախարարի «վրդովմունքը» նրանք բանի տեղ չե՞ն դրել, թե՞ Նալբանդյանն ինքն է, սովորության համաձայն, համախոհություն հայտնել համանախագահների հերթական խեղկատակությանը: Նման իրավիճակում, իբրև Ադրբեջանին զսպող գործոնի, Մինսկի խմբի վրա հույս դնելն արդեն դառնում է չափազանց վտանգավոր ինքնախաբեություն:
Նալբանդյանը պետք է ոչ թե բավարարվեր` պարզապես վրդովմունք հայտնելով, այլ տեղեկացներ հայկական կողմից պատժիչ գործողությունների դիմելու մասին` դրա պատասխանատվությունը դնելով հենց միջնորդների վրա: Բայց հայկական դիվանագիտությունն այս հարցում նախընտրում է կրակել դատարկ պարկուճով: Հայաստանյան սահմանամերձ շրջանների բնակչությունն ուղղակի հայտնվել է այսպիսի դիվանագիտության պատանդի կարգավիճակում` դրա համար վճարելով սեփական կյանքով ու գույքով:
Եթե չի հաջողվում Բաքվին սթափեցնել Մինսկի խմբի միջոցով, ապա չի մնում այլ տարբերակ, քան դա անել սեփական միջոցներով: Կարևորն, ի վերջո, բանակցությունները չեն, ոչ էլ` համանախագահների հետ հերթապահ ձեռքսեղմումները: Կարևորն այդ մարդկանց, հերոսական ժողովրդի անվտանգության ապահովումն է, որը պետության սուրբ պարտականություն է:
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, թե հակառակորդին համարժեք պատասխան է տրվել: Հասարակությունն ուզում է հավատալ, որ իսկապես այդպես է, հակառակը կլիներ ողբերգություն: Բայց Բաքվի` նման անարձագանք լկտիացման պայմաններում նույնիսկ համարժեքությունն արդեն բավարար չէ: Եթե Ադրբեջանը դիրքային առավելություն ունի միայն Տավուշի ու սահմանի մի քանի լոկալ այլ հատվածներում, հայկական բանակը տիրապետող դիրքեր ունի մնացած բոլոր հատվածներում: Առ այսօր այդ առավելությունը, կարծես, չի օգտագործվել` Ադրբեջանի պատերազմական սադրանքին չտրվելու նկատառումով: Բայց նման գերզգուշավորությունն արդեն սկսում է շատ թանկ նստել Բերդավանի, Պառավաքարի, Դովեղի, մյուս գյուղերի հերոսական բնակչության վրա: Թե ինչպե՞ս լուծել այս խնդիրը, որն արդեն արժանապատվության հարց է դառնում, բանակի և մասնագետների խնդիրն է:
Գևորգ Աղաբաբյան