կարևոր
4825 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-03 23:44
Քաղաքական

Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet.am

Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. Civilnet.am

Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին, հայտնում է Civilnet.am-ը։

«Մայիսի 2-ի վաղ առավոտյան սև բերետավորները Տավուշի մարզի Կիրանց գյուղից բերման ենթարկեցին բողոքի ցույց անող 30 կիրանցցու։ Ավելի ուշ ազատ արձակված կիրանցցիները բողոքեցին, որ ոստիկանությունը իրենց բերման է ենթարկել՝ ուժ գործադրելով։ Նրանք ցույց են տվել ստացված վնասվածնքերը։ Ոստիկանության գործողությունից նաև տեսանյութ տարածվեց։ Այնուհետև ոստիկանությունը փակեց Կիրանց տանող ճանապարհը՝ գյուղի մուտքը սահմանափակելով միայն Կիրանցում գրանցվածների համար։

Հ1-ի «Լուրեր»-ի՝ մայիսի 2-ի գլխավոր թողարկման մեջ կարճ անդարդարձ կա այս իրադարձություններին, որում ներկայացվում են միայն պետական մարմինների հերքումները, թե ճանապարհը փակվել է Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ մարդկանց բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։

Բերման ենթարկելու կադրերը, բերման ենթարկվածների պնդումները, Կիրանցում բողոքի ցույց անող այլ քաղաքացիների հայտարարությունները, շարունակվող ցույցերը չեն հայտնվել հանրային համարվող «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Ի դեպ, «Առաջին ալիքը» մայիսի 1-ին ստացավ հանրապետական սփռման թույլտվություն։

«Առաջին ալիքը» նման մոտեցում դրսևորում է Տավուշում բողոքի ցույցերի սկզբից ի վեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։

Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։

Ի՞նչ է հայտնում Հանրայինը

Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։

Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել»։