կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 11:35
Տարածաշրջան

Ախպարիկը... այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Այսօր  պոլսահայ հայտնի լրագրող,  Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ թերթի՝ հայկական «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա կդառնար 61 տարեկան...

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում:  Պոլիս տեղափոխվելուց հետո նրա ծնողներն ամուսնալուծվել են, և նա հայտնվել է Գետիքփաշայի հայկական որբանոցում («Քամփ Արմեն», որի վերադարձի համար այժմ պայքար է մղվում), որտեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը՝ Ռաքելին: 

1996 թվականին Դինքը հիմնում է «Ակօս» թերթը, որը դառնում է Թուրքիայի միակ հայալեզու պարբերականը:

Հրանտը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները համարձակ մեկնաբանող հոդվածներով, և պատահական չէ, որ 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան առջև՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցների անմեղ զոհն է դառնում։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր` «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: 

Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց` հանուն արդարության և Հայոց ցեղասպանության ճշմարտությունը թուրք ժողովրդին ներկայացնելու համար, և չվարանեց իր կյանքով վճարել` այդ նպատակն իրականացնելու համար:

Դինքն իր նպատակին հասավ, թե՝ ոչ, չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ նրա մահով շատերը համարձակություն գտան` բարձրաձայնելու իրենց հայ ինքնության մասին:

Իսկ նրա մահվան մասին կարելի է ասել՝ թիկունքին արձակված կրակոցը չսպանեց նրան, այլ միայն անմահացրեց: Ստորեւ վերահրապարակում  ենք հատվածներ Հրանտ Դինքի ելույթներից:

 

* * *

Հիմա Թուրքիո մեջ բոլոր այս շարժումները մեջտեղ հանեցին ինքնության հարց՝ ո՞վ է թուրքը: Քուրդը ըսավ՝ ես թուրք չեմ՝ քուրդ եմ: Ես ալ օր մը գացի Ուրֆայի մեջ, ինձի հարցում մը հարցված էր, որ «ամեն օր ձեր դասարանին մեջ, դպրոցներում մեջ «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ» կսեք, ամենօրվա ձեր ելույթը կունենաք, ի՞նչ կզգաք»: Ես ալ ըսի՝ ես շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ:

 

* * *

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մեկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնա: Այո\', մենք՝ հայերս, այս հողերուն վրա աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծեք, որ պիտի գանք և այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրա:

 

* * *

Եթե ճանաչիք Հայոց ցեղասպանությունը, ինձի ի՞նչ օգուտ, դուք պիտի օգտվիք, դո\'ւք մարդ պիտի ըլլաք: Ես իմ պապերուս ցավը, իրականությունը կշալկեմ, հավիտյանս հավիտենից պատիվովս կտանիմ, բայց ձեզի~ ի՞նչ պիտի ըլլա: Եթե չի ճանաչեք, այսպես պիտի մնաք: Անգամ մը ևս պիտի գործեք: Հայերը ջարդեցիք, հիմա քուրդերը պիտի ջարդեք: Աս է իրականությունը:

 

* * *

Ես որևէ ազգի՝ ոչ ֆրանսացիներեն, ոչ գերմանացիներեն, ոչ ամերիկացիներեն Ցեղասպանության ճանաչման նկատմամբ աշխատանք չեմ տարած և չեմ տանիր, որովհետև իրենց երբե’ք չեմ վստահած, չեմ վստահիր ալ…:

 

* * *

Այո, երբեմն, մարդ եմ, կվախնամ: Դժվարություններ կապրիմ այդ երկրին մեջ: Երբեմն սպառնալիքները կհասնին ոչ թե իմ անձիս, այլ մինչև իմ ընտանիքիս: Այդ ատեն կվախնամ: Ես ունիմ իմ իրավունքը իմ հերոսությունը ընելու, բայց կ’րնա՞մ արդյոք զավակիս անունով ալ հերոսություն ընել: Երբեմն կմտածեմ՝ առնեմ զավակներդ, դուրս երթամ, բայց մինչև այսօր չգացի՝ մնացի: Տեսնենք՝ ասկե վերջ…:  

 

* * *

Եթե դուք կկարծեք, որ Թուրքիայի հասարակությունը իրականությունը գիտե և կուրանա, այդպես շարունակեցեք: Ո\'չ, իրականությունը չի գիտեր: Ինչ-որ գիտե, անիկա կպաշտպանե: Ուրեմն, ձերը՝ չեմ գիտեր, բայց իմ առաջին պարտականությունս անոնց իրականությունը գիտցնելն է: Այս ուղղությամբ կաշխատինք մենք Թուրքիո մեջ, ասոր համար ալ պետականությունը մեզի չի վարձատրեր: Այո\', երբեմն կվարձատրե՝ բանտարկելով, կամ դատապարտելով:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի