կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-24 14:42
Քաղաքական

Հայաստանը Սահմանադրական բարեփոխումների պահանջ ունեցել է 25 տարի շարունակ. Արմեն Ռուստամյան

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին սահմանադրական փոփոխությունների մասին: Նրանք նախ նշեցին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո իրենք լռել են, որովհետև ամբողջ ընթացքում ՀՅԴ-ականներն անընդհատ աշխատում էին սահմանադրական փոփոխությունների վրա:

Բանախոսները տարակուսեցին` սահմանադրական փոփոխությունների երկու հարյուրից ավելի հոդվածներ են հրապարակվում, իսկ որոշ քաղաքական ուժեր հարցազրույց են տալիս հրապարակվելուց կես ժամ անց: Ինչպե՞ս կարելի է տեսակետ հայտնել՝ չծանոթանալով նախագծին, չէ՞ որ հարցազրույց տալն ինքնանպատակ չէ:

«Հետևել եմ տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններին և նրանց բաժանում եմ երեք մասի՝ մարդիկ, որ չեն կարդացել, բայց խոսում են, մարդիկ, ովքեր չեն հասկացել ու խոսում են, և մարդիկ, ովքեր կարդացել են նախագիծը, լավ էլ հասկացել են, բայց իրենց քաղաքականապես ձեռնտու չէ կողմ լինել սահմանադրական փոփոխություններին: Ուրեմն այդ մարդկանց համար մանկության երազանք է եղել նախագահ դառնալը, և հիմա սահմանադրական փոփոխություններով այդ պաշտոնի լայն լիազորությունները սահմանափակվում են»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա անդրադարձավ այն տեսակետին, թե սահմանադրական փոփոխությունների պահանջ այսօր չկա: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանն այդ պահանջն ունեցել է քսանհինգ տարի շարունակ, և ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել է, որ խնդիրների հիմքը քաղաքական է, որից էլ բխում են տնտեսական, սոցիալական և այլ բնույթի խնդիրներ: Պատգամավորի խոսքով՝ այս համակարգը մենիշխանություն ծնող է, ահա, թե ինչու ՀՅԴ-ն առաջարկել էր անցում կատարել խորհրդարանական համակարգի, որը կնպաստի մենիշխանությունից ազատվելուն:

Բացի այդ, ըստ Արմեն Ռուստամյանի, Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել, ուստի անհրաժեշտություն կա, որ այդ իրավիճակը փոխվի: «Ամենամեծ ձեռքբերումն այս նախագծով, որ համարում ենք` կա, դա այն է, որ հնարավորություն է առաջանում փոխելու համակարգն այնպես, որ մենիշխանություն չլինի, երբ ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Փոփոխվող Սահմանադրությամբ դա բացառվում է»,- ասաց նա:

Ըստ այդմ` առաջնային մանդատը խորհրդարանին է պատկանելու, և անգամ նրանք, ովքեր չեն հաջողել, կարող են ունենալ ներկայացվածություն`իրենց ձայների համեմատ, ինչը ապահովում է ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարևոր պահանջը: Սահմանադրական փոփոխությամբ ապահովվում է իշխանության ապակենտրոնացում, և չի ձևավորվի որևէ պաշտոն, որը կունենա այսօրվա Սահամանադրությամբ նախագահի լիազորություններին հավասար լիազորություններ, դա ո\'չ վարչապետն է, ո\'չ ԱԺ նախագահը:

«Լսում եմ տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները ու զարմանում. մեկն ասում է՝ այս համակարգում ԱԺ նախագահն է տիրապետելու լիազորություններին, լծակներին, մյուսները պնդում են, թե վարչապետը կունենա այդ լիազորությունները: Իրականում այդ լիազորությունները բաշխված են, ուրեմն պետք է խոսել ապակենտրոնացման մասին, ոչ թե նրա մասին, թե ինչ-որ պաշտոն իր ձեռքում է կենտրոնացնելու նախագահի լիազորություններին հավասար լիազորություններ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Մյուս կարևոր փոփոխությունը` սահմանադրական բարեփոխմամբ, դա իշխանափոխության խնդիրն է. փոխվելու է ընտրական համակարգը, ինչը երկար ժամանակ շատ քաղաքական ուժերի երազանքն է եղել, վերացվում են մեծամասնական ընտրությունները: «Շատերն ասում են, թե ներկա Սահմանադրությունը չի խանգարում զարգանալ: Այո, չի խանգարում, բայց չի էլ նպաստում: Պետք է ունենալ հակակշռումներով ապահովված քաղաքական համակարգ, ստեղծել ժողովրդավարական արժեքները երեք ուղղությամբ՝ ներկայացուցչական, մասնակցային և անմիջական»,- ասաց պատգամավորը: